Լրահոս

21.06.2011 15:05


Գնալով ցեղասպանության ճանաչումից դեպի պահանջատիրություն

Ամերիկահայ համայնքը անցյալ շաբաթ կարևոր քայլ կատարեց Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու և  վերջ դնելու Թուրքական  կառավարության որդեգրած երկարաժամկետ քաղաքականությանը, որի նպատակն էր ջնջել Հայոց քաղաքակրթության բոլոր հետքերը ներկայիս Թուրքիայի հողատարածքից։

Հայոց ցեղասպանության սոսկ ընդունումից ավելի այն կողմ գնալով, Կոնգրեսի որոշ անդամներ ներկայացրել են նոր բանաձև, որը պահանջում է «Թուրքիայի Հանրապետությունից պաhպանել իր քրիստոնեական ժառանգությունը և վերադարձնել զավթած եկեղեցական գույքը»։

Ներկայացուցիչների Պալատի կողմից ներկայացված համապարփակ թիվ 306 բանաձևը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը՝

«1) վերջ դնել բոլոր տեսակի կրոնական խտրականությանը,

2) թույլ տալ քրիստոնեական եկեղեցու գույքի հոգևոր և աշխարհական օրինական սեփականատերերին, առանց խոչնդոտների և սահմանափակումների, կազմակերպել և իրականացնել աղոթքներ, կրոնական կրթություն, հոգևոր ուսուցում, կատարել նշանակումներ և կազմակերպել իրավահաջորդություն, կրոնական համայնքի ժողովներ, սոցիալական ծառայություններ, ներառյալ ծառայել աղքատների և հիվանդների կարիքներին, ինչպես նաև իրականացնել այլ կրոնական գործունեություն,

3) վերադարձնել օրինական տերերին քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները, սրբավայրերը և այլ կրոնական գույքը, ներառյալ շարժական գույքը, ինչպիսիք են արվեստի գործերը, ձեռագրերը,  զգեստները, ապասքը և այլ իրերը և

4) թույլ տալ քրիստոնեական եկեղեցու գույքի օրինական հոգևոր և աշխարհական սեփականատերերին, առանց խոչընդոտների և սահմանափակումների, պահպանել, վերակառուցել և վերանորոգել իրենց հայեցողությամբ Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, մասունքները, սրբավայրերը և այլ կրոնական գույքը»։

Այս երկկուսակցական բանաձևը, որը սատարում էին հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը և դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանը, անմիջապես ստացան Պալատում իրենց գործընկերներից 30-ի աջակցությունը, որից տասը հանրապետականներ էին։ Սա լավ մեկնարկ է, քանի որ հանրապետականները Պալատում մեծամասություն են կազմում և նրանց աջակցությունը խիստ կարևոր է բանաձևի բարեհաջող ընդունման համար։ Հատկանշական է, որ հանրապետական կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեհթինենը, ով Ներկայացուցիչների Պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահն է և երկար ժամանակ ընդդիմանում էր Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, առաջիններից մեկն էր, ով սատարեց եկեղեցու գույքի վերադարձման կապակցությամբ ներկայացված բանաձևին։

 

Զարմանալի չէ, որ այս բանաձևը նման մեծ աջակցության արժանացավ, քանի որ դժվար է պատկերացնել, որ Կոնգրեսի, Պետական դեպարտամենտի կամ Օբամայի վարչակազմի որևէ անդամ դեմ կլիներ կրոնական կառույցը իր օրինական տերերին վերադարձնելուն։ Ըստ հասարակական արդի ստանդարտների՝ ոչ ոք չէր ընդունի եկեղեցին մզկիթի կամ մզկիթը եկեղեցու վերածելը։ Թուրքիայի  բարեպաշտ ղեկավարները, որպես լավ մահմեդականներ, առաջինը կընդունեն և կպահպանեն պաշտամունքի վայրերի սրբությունը։

Բացի Կոնգրեսում երկկուսակցական ամուր կոալիցիա կազմելուց, գործնականում Ամերիկայում բոլոր կրոնական համայնքները, լինեն ավետարանական, կաթողիկե, ուղղափառ, հրեական կամ մահմեդական, կաջակցեն նման բանաձևի ընդունմանը։ Բոլոր էթնիկ խմբերը, ինչպիսիք են իսպանախոսները, ամերիկայի հույները, ասորիները իռլանդիացիները, հրեաները, արաբները, աֆրոամերիկացիները և ասիացի ամերիկացիները, նույնպես նեցուկ կկանգնեն այս բանաձևի ընդունմանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարեց, որ բանաձևը նպատակ ունի «կարևորել, դիմակայել և ի վերջո փոխել Թուրքիայի կողմից տասնամյակներ շարունակ պաշտոնապես որդեգրված՝ քրիստոնեական եկեղեցու գույքը ոչնչացնելուն, սրբավայրերի սրբապղծելուն, քրիստոնեական համայնքների դեմ  խտրականության, ինչպես նաև հայերի, հույների, ասորիների, խալդեացիների, պոնտացիների, արամեականների (սիրիացիներ) և այլոց հավատքի ծեսերը ազատորեն կատարելու իրավունքը մերժելուն ուղղված քաղաքականությունը»։

Կրոնական ազատության իրավունքը պարզապես Թուրքիայի ներքին հարցը չէ։ Այս իրավունքը պաշտպանված է բազմաթիվ միջազգային պայմանագրերով, ներառյալ Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և 1923 թվականի Լոզանի պայմանագիրը, որի ստորագրողներից է նաև Թուրքիան։ Թուրքական կառավարությունը շարունակում է խախտել Լոզանի պայմանագրի 41-րդ և 42-րդ հոդվածները, որոնցով նախատեսվում է տրամադրել ֆինանսական  միջոցներ և հնարավորություններ ոչ մահմեդական փոքրամասնություններին՝ կրթության, կրոնի և բարեգործական նպատակներով, ինչպես նաև պաշտպանել նրանց կրոնական հաստատությունները։ Ցավոք, Կոնգրեսի բանաձևը չի նշում այս խախտումների և Լոզանի պայմանագրով Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների մասին։

ԱՄՆ միջազգային կրոնի ազատության հարցերով հանձնաժողովը, որը հրապարակում է աշխարհում կրոնական իրավունքների խախտման վերաբերյալ տարեկան հաշվետվություն, երրորդ տարին անընդմեջ Թուրքիային ներառում է իր «հսկողության ցուցակում»։ Հանձաժողովը գտնում է, որ «Թուրքիայի կառավարությունը շարունակում է կիրառել կրոնի կամ հավատքի ազատության նկատմամբ լուրջ սահմանափակումներ, դրանով սպառնալով Թուրքիայում կրոնական փոքրամասնություն կազմող համայնքների կենսունակությանն ու գոյությանը»։ Թուրքիայի կառավարությունը նաև «շարունակում է միջամտել կրոնական համայնքների ներքին կառավարման և կրթության իրականացման գործընթացներում և զավթել պաշտամունքի վայրերը»։

Վերջին տարիներին Պալատը և Սենատը ընդունեցին մի քանի բանաձևեր՝ կոչ անելով Թուրքիայի կողմից գրավված Հյուսիսային Կիպրոսին, Լիտվային, Ռումինիային և Վիետնամին պաշտպանել պաշտամունքի վայրերը և վերադարձնել կրոնական փոքրամասնություններին պատկանող անիրավաբար առգրավված գույքը։ Այս բանաձևերի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատը պետք է ընդունի թիվ 306 բանաձևը՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը հարգել բոլոր քրիստոնեական փոքրամասնությունների պաշտամունքի իրավունքը և նրանց վերադարձնել յուրացված եկեղեցիները և այլ կրոնական գույքը։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը