Լրահոս

21.06.2011 14:08


«Սարդարապատ» շարժում. «Հայաստանի իշխանությունների լեգիտիմության բացակայությունը Արցախի հարցում մեծացնում է վերջիններիս խոցելիությունը»

Կազան քաղաքում Արցախյան հարցի կարգավորման հերթական հանդիպումը ուղեկցվում է միջազգային ճնշումների աննախադեպ մեծացմամբ և բանակցող ուժերը հայկական կողմին փորձում են ստիպել ընդունելու հայ ժողովրդի կենսական շահերին հակոտնյա կարգավորման սկզբունքներ, ինչի կատարումը կբերի ազատագրված հայրենիքի կորստին և Արցախում օտարերկրյա զինուժի ներկայությանը:

Մինսկի խմբի համանախագահ երկրները հետապնդելով սեփական երկրների շահերը այս տարածաշրջանում, կրկին փորձում են Հայաստանից կորզել առավելագույն զիջումներ և խախտել առկա ստատուս-քվոն, ինչը տարածաշրջանում կտրուկ կփոխի ուժային որոշ կենտրոնների մարտավարական և ռազմավարական քայլերը հարցի կարգավորման առընչությամբ և կառաջացնի պատերազմական գործողությունների վերսկսման մեծ վտանգ:

Հերթական արկածախնդրությամբ առաջնորդվող Բաքվի ռեժիմը, պատերազմի վերսկսման սպառնալիքի հնչեցումով, հայությունից փորձում է ստանալ զիջումներ, մոռանալով, որ 1994թ. մայիսի 12-ին Հայաստանին իրենք խնդրեցին ստորագրել հրադադարի մասին փաստաթուղթ:

Հայաստանի իշխանությունների լեգիտիմության բացակայությունը մեծացնում է  վերջիններիս խոցելիությունը և պարտվողական կեցվածքը Արցախյան հարցի կարգավորման գործընթացում, և միջազգային հանրությունն ու Բաքուն բանակցություններում ելնում են այդ իրողություններից:

Հայության ներուժը, հայրենիքը պաշտպանելու հայ մարդու պատրաստակամությունը, բարոյականության և արդարարության հենքի վրա խարսխված պետական կառավարման համակարգն ու ազգընտիր իշխանություններն այն հիմնական կռվաններ են, որոնք կկանխեն և կվիժեցնեն Հայոց հայրենիքի մի մասը օտարելու ցանկացած մտադրության իրականացում:

«Սարդարապատ» նախաձեռնությունը, շարժման համախոհները սկզբունքային և վճռական են իրենց կեցվածքում հայրենիքի սակարկմանն ուղղված ցանկացած գործողություն կասեցնելուն, Արցախում օտարերկրյա զինուժի ներկայությունը բացառելուն, և պատրաստակամ են նպաստել հայության ներուժի կազմակերպմամբ ազատագրված Արցախի բազմակողմանի զարգացմանը, Արցախի, որպես Հայաստանի անքակտելի մաս հանդիսանալու իրավա-քաղաքական ամրագրմանը, այն կյանքի կոչելու կարևորագույն երաշխիք համարելով Հայաստանում պետության կայացումը և աշխարհասփյուռ հայության ջանքերի մեկտեղումը:

«Սարդարապատ» շարժում

 

Այս խորագրի վերջին նյութերը