Ստացվում է, որ կա ԱԺ պատգամավոր, ով անազատության մեջ է պահվում առանց ԱԺ-ի համաձայնության
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ուղիղ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեն՝ հիմք ընդունելով Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը։
Համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության՝ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից:
Այսինքն, Հայաստանում ինչպես պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, այնպես էլ՝ պատգամավորին ազատությունից զրկելը կարող է կատարվել բացառապես Ազգային ժողովի որոշմամբ։
Ընդ որում, նշված հարցերից յուրաքանչյուրով պետք է ընդունվի առանձին որոշում։
Բացի այդ, առանձին իրավիճակներում կարող է ընդունվել դրանցից միայն մեկը։
Այսինքն, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ առանձին իրավիճակի նկատմամբ 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը կիրառելի չլինի, սակայն 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը լինի կիրառելի։
Այսպես՝ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը նախատեսում է պատգամավորի անձեռնամխելիություն բացառապես քրեական հետապնդման հարուցումից, այլ ոչ թե իրականացումից։ Այսինքն, եթե անձը ստանձնել է Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները մինչև նրա նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, ապա դրա շարունակման համար, այսինքն՝ քրեական հետապնդման իրականացման համար Ազգային ժողովի համաձայնության այլևս անհրաժեշտ չէ։
Փոխարենը Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը որևէ տարբերակում չի նախատեսում, թե երբ է անձը զրկվել/զրկվում ազատությունից՝ մինչև Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստաձնելը, թե ստանձնելուց հետո։ Այն իմպերատիվ կերպով սահմանում է՝ Ազգային ժողովի պատգամավորը կարող է զրկված լինել ազատությունից բացառապես Ազգային ժողովի համաձայնությամբ։ Օրինակ՝ եթե անձը մինչև Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները ստանձնելը զրկված է եղել ազատությունից, ապա նշված լիազորությունները ստանձնելու հետո նա կարող է պահվել անազատության մեջ բացառապես Ազգային ժողովի համաձայնությամբ։
Իսկ քանի դեռ չի եղել նշված համաձայնությունը, պատգամավորը պետք է անմիջապես ազատ արձակվի։ Հակառակ դեպքում ստացվում է, որ կա ԱԺ պատգամավոր, ով անազատության մեջ է պահվում առանց ԱԺ-ի համաձայնության։
Հետևաբար, օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն։
Ստացվում է, որ կա ԱԺ պատգամավոր, ով անազատության մեջ է պահվում առանց ԱԺ-ի համաձայնության