Լրահոս

21.06.2011 12:18


Վահե Սարգսյան. «Եկեղեցին իրականում մեր իշխանությունների կցորդն է»

Վահե Սարգսյան. «Եկեղեցին իրականում մեր իշխանությունների կցորդն է»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վրաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա 2–րդը, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած այցին, հայտարարել էր, որ Գարեգին Բ-ն երիտասարդ մարդ է, և, հավանաբար, ավելի շատ փորձ ձեռք բերելու կարիք ունի: Նա նշել է, որ եթե մենք առաջարկում ենք, որ Վրաստանում բացվեն հայկական եկեղեցիներ, ապա Հայաստանում էլ պետք է բացվեն վրացական տաճարներ:

«7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչի՞ հետևանք է նման վերաբերմունքը Գարեգին Բ–ի և հայ ժողովրդի նկատմամբ, «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն ասել է, որ Գարեգին 2-րդի այցի շրջանակներում վրաց կաթողիկոսի ներկայացրած պահանջներն արդեն իսկ հեգնանք են նրա գործընկերոջ և հայ ժողովրդի նկատմամբ:

–Իլյա 2-րդի վերջին արտահայտությունը պարզապես «վավերացրեց» այդ ամենը: Իրականում այնքան էլ չպետք է վիրավորվել այդպիսի արտահայտություններից, քանի որ դրանց պատճառները մեր մեջ են: Եթե մեր եկեղեցին, ելնելով մենաշնորհի իր դիրքերից, մինչ օրս օտարել է իրենից, այդպիսով նաև՝ հայոց միջավայրից, հայ ժողովրդի պատմության ամբողջ 7–րդ և 11–13–րդ դդ. քաղկեդոնիկ կամ երկաբնակ հայորդիների ստեղծած մշակութային ժառանգությունը, եթե մինչ օրս մեր եկեղեցին մտահոգության նշույլ անգամ չի արտահայտել Ջավախքում տասնյակ հայ քաղկեդոնիկ եկեղեցիների բռնազավթման ուղղությամբ, ավելին՝ չի օժանդակել անգամ ջավախահայության՝ այդ ուղղությամբ տարվող պայքարին, ապա ամենևին էլ չպետք է վիրավորվել: Այժմ մեր եկեղեցին նույնպես նույն խարխափումների մեջ է. փոխանակ տեր կանգնելու իր իսկ ժողովրդի ստեղծածին, ընթացք տալու հայ, օտար (Ն. Մառ), վրացի (Թաղայշվիլի) հանրահռչակ պատմաբանների տեսակետներին, այսինքն՝ հայ քաղկեդոնական մշակույթը սեփականացնելու, ընկած հիմնավորումներ է ման գալիս, որ պահանջվող եկեղեցիներն իրականում եղել են առաքելադավան: Եթե այդպես է, ապա թող կաթողիկոսը փոխի իր կոչումը, նա այդպիսով չի կարող համարվել Ամենայն հայոց, նա ընդամենը այս պարագայում կարող է կոչվել Կաթողիկոս ամենայն առաքելադավան հայոց, որ մենք իմանանք, թե մեր քաղկեդոնիկ տաճարները Ջավախքում, Տայքում, Անիում կամ Լոռիում ինչպես պաշտպանենք,–ասել է նա:

Գնահատելով Գարեգին Բ–ի այցը Վրաստան՝ Վահե Սարգսյանը նշել է, որ եկեղեցին իրականում մեր իշխանությունների կցորդն է։

Ելնելով իշխանությունների՝ Վրաստանի հանդեպ վարած բիզնեսային քաղաքականությունից (պատահական չէ, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող միջպետական հանձնաժողովը կոչվում է Հայ-վրացական միջկառավարական գործարար հանձնաժողով), ծիծաղելի կլիներ կաթողիկոսի այցից որևէ բան ակնկալելը: Այն կայացավ կայանալու համար։ Իսկ մեր կաթողիկոսի՝ արդեն մատնանշված խոցելի կողմերով լեցուն այցի արդյունքում Վրաստանում բռնազավթված եկեղեցիների վերադարձի հարցն ուղարկվեց թոշակի,–ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը