Կարծիք

30.07.2021 08:40


Պաշտոնյան իր շքանշանը թողել է որդուս շիրմաքարին (լուսանկար)

Պաշտոնյան իր շքանշանը թողել է որդուս շիրմաքարին (լուսանկար)

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրել է՝

Նախորդ օրը «Եռաբլուր» պանթեոնում պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ (կցված է նկարում) իրեն պարգևատրած «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆԻ» շքանշանը թողել էր որդուս շիրմաքարին՝ ճիշտ համարելով նվիրել այն բոլոր անմահացած եղբայրներին: Ճիշտ է, բոլորս էլ գիտակցում ենք, որ մենք թիկունքում ինչ էլ որ արած լինենք, միևնույն է պատերազմի ծանրությունը առաջնագծում տղաների ուսերին էր ընկած: Որ այսօր իրենց կյանքի գնով ենք ապրում ու ապրելու բեռը գնալով ավելի է ծանրանում, երբ սահմանում կրկին զինվորներ են անմահանում: Բայց այս համատարած խավարում, տվյալ անձնավորության՝ խղճի առաջ ազնիվ գտնվելու ու միաժամանակ տղերքի արածը այսկերպ գնահատելու քայլը, կրկին արժեւորեց մեր Հերոսների սխրանքը, քանզի նրանք ապրում են, քանի դեռ հիշում ենք ու գնահատում:

Շնորհակալ ենք Ձեզ, ոչ թե հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին խոնարհվելու համար, քանզի դա յուրաքանչյուրիս պարտքն է, այլ նրա համար, որ ձեր այս քայլով ընդգծեցիք, որ պետական ծառայողների շարքում կան նաև Ձեզ պես սրտով ու խղճով առաջնորդվող ողջամիտ մարդիկ ու ամենակարևորը՝ բոցավառեցիք մեր ազգային արժանապատվությունը վերագտնելու, քնած վիճակից մի օր արթնանալու հույսը։

«Զինվոր, շնորհակալ եմ անկոտրում կամքիդ, հայրենիքին անմնացորդ նվիրման համար: Դու չխնայեցիր ոչինչ, չխնայեցիր ինքդ քեզ։ Դու դարձար հայի ոգու խորհրդանիշ: Խոնարհվում եմ Քո և իմ բոլոր եղբայրների առջև: Եկել եմ թողնելու Քեզ ու իմ Բոլոր անմահացած եղբայրներին այն, ինչ ունեմ, այն, ինչը համարում եմ Ձեզ շատ անգամ ավելի արժանի, այն ինչ ստացել եմ ծառայողական պարտականություններս կատարելու համար,սակայն համարում եմ, որ որպես պետական պաշտոնյա ինչ էլ անեի՝ քիչ էր և ա բացառապես իմ պարտքն էր և անքննարկելի պարտականությունը՝

Քո, ժողովրդի, պետության առջև։ Զինվոր, ներիր ինձ, եթե կարծում ես թերացել եմ ծառայությանս ընթացքում, ներիր... և վստահ եղիր, որ առնվազն ոչինչ չեմ խնայել, պատրաստ եմ եղել ծառայությունս անխափան իրականացնելու համար ցանկացած պահին հայտնվել կողքիդ՝ հայրենիքի զոհասեղանին։

Հավերժ Փառք Հերոս: Քո Ա.Ս.

3 (3) 4

Այս խորագրի վերջին նյութերը