Արցախն իր սահմաններին պատերազմն ընդունելով՝ չէր թողնում, որ այն հասնի Գեղարքունիք և Սյունիք
Մոտ մեկ ամիս առաջ Տավուշում էի։ Գնացել էինք հասկանալու համար, թե ինչ ծրագրեր կարելի է իրականացնել։ Վերադառնալուց հետո օրերով, շաբաթներով ուշքի չէի գալիս։ Այն ինչ տեսա ու լսեցի չէի կարող գրել, չգիտեի ոնց գրել։ Անգամ հոդվածով, որ այդ այցի ժամանակ էր գրվել, չկարողացա կիսվել։ Ում հետ խոսեցինք զգալի, եթե ոչ մեծ մասը եթե ոչ գոհ, ապա դժգոհ չէր պատերազմի ելքով ու Արցախը կորցնելով։ Համարում էին, որ թշնամին դրանով կբավարարվի և այլևս իրենց ուղղությամբ չի կրակի։ Համարում էին, որ Արցախը հանձնեցինք ու (ինչպես մի տարեց մարդ արտահայտվեց` Ղարաբաղը ռադ արեցինք) ու պրծանք։ Մեկը չէր, երկուսը չէին, երեքը չէին, շատերը։ Ու հարցը Տավուշը չէր, վստահ եմ, որ նույն պատկերն է նաև այլ մարզերում։ Ցավոք։ Հարցն այն է, որ Թումանյանի հեքիաթն անգիր իմանալով, դրա իմաստը չհասկացանք։ Չհասկացանք, որ կկուն մի ձագին աղվեսին տալով ոչ միայն ձագին է կորցնում, իր հարազատ ձագին, այլ նաև աղվեսից չի պրծնում։ Աղվեսն այդ ձագին ուտում է ու ախորժակն ավելի է բացվում և ուժ հավաքած մյուս ձագերին էլ է հավակնում` մինչև վերջում էլ կկվին ուտի, ու նոր պրծնի։
Արցախյան ազատամարտի ժամանակ մենք ազգովի ուզում էինք ազատագրել Արցախը, գիտակցում էինք, որ թուրքի հետ համերաշխ ապրել չի կարելի, չի լինի, հնարավոր չի։ Բայց դրանից հետո, մոտ 25 տարի շարունակ ազգի մեջ ներարկում էին, թե Արցախը, իրենց բառերով Ղարաբաղը բեռ է, որից ազատվելով համերաշխ ու լավ կապրենք, որ տղերքը զոհվում են, որ պահենք մի բան, որը մերը չի, որը մեզ պետք չի։ Որ Հայաստանն Արցախ է պահում, մինչդեռ իրականում Արցախն էր Հայաստան պահում, Արցախն իր սահմաններին պատերազմն ընդունելով, չէր թողնում, որ այն հասնի Գեղարքունիք և Սյունիք։ Ու որքան ուշ հասկանանք, որ մի ձագին տալով մյուսներին չես փրկում, այնքան քիչ շանս կունենանք մյուսներին փրկելու և տված ձագին էլ աղվեսի ճանկերից հետ խլելու։
Արցախն իր սահմաններին պատերազմն ընդունելով՝ չէր թողնում, որ այն հասնի Գեղարքունիք և Սյունիք
Արման Հայարպետյանի ֆեյսբուքյան էջից