Լրահոս

20.06.2011 16:12


Կոմիտասի պող. 5ա, 3, 7 և 7/1 շենքերի բնակիչների նամակը Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Երևան քաղաքի Կոմիտաս պող. 5ա, 3, 7 և 7/1 շենքերի բնակիչների կողմից

Համաձայն ՀՀ Սահմանադրության պետությունը քաղաքացիների հոգսերը ավելացնելո՞ւ թե պակասեցնելու համար է, շահերը և իրավունքները պաշտպանելո՞ւ թե ոտնահարելու համար:

Հարգելի պարոն Նախագահ

Կարծես թե քիչ էին մեր առօրյա հոգսերը, որոնց համար պետք է հոգ տանենք, մարտահրավերները, որոնց  ստիպված ենք դիմակայել և հիմնախնդիրները, որոնց համար փորձում ենք մի կերպ լուծումներ գտնել (վստահ ենք, Դուք էլ լավ գիտեք, թե որքան շատ են դրանք` սկսած աշխատանք չունենալւց կամ դրա ցածր վարձատրությունից և վերջացրած անընդհատ թանկացումներով և առողջապահական ու սոցիալական ապահովության, ընդհանրապես` կյանքի որակի ցածր մակարդակով), արդեն մեկ տարի է ինչ մենք` Կոմիտաս պողոտայի 5ա, 3, 7 և 7/1 շենքերի բնակիչներս` ինժիներներ թե մանկավարժներ, ուսանողներ թե դասախոսներ, ձեռներեցներ թե պետական պաշտոնյաներ, արվեստագետներ թե գիտնականներ, քաղծառայողներ թե զինվորականներ,  գործազուրկներ թե թոշակառուներ, ստիպված ենք բանուգործը թողած, տարբեր ատյաններում, վերջերս էլ նաև դատարանում պայքարել մեր տարրական քաղաքացիական իրավունքները և շահերը պաշտպանելու համար: Իսկ պատճառն այն է, որ Երևանի քաղաքապետի կողմից դեռ 25.11.2005թ թիվ 2616-Ա ապօրինի որոշմամբ “Լիբեր” ՍՊԸ-ին թույլ է տրվել 5ա, 3, 7 և 7/1 շենքերի միջև գոյություն ունեցող էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի փոխարեն կառուցել ոչ միայն նոր ենթակայան, այլև 14 հարկանի բազմաբնակարան բնակելի շենք:

Եվ ահա “Լիբեր” ՍՊԸ-ն Կոմիտասի 5 հասցեում 13.05.2011թ.-ին ոչ միայն փորձ արեց սկսել ապօրինի շինարարական թույլտվության հիման վրա շինարարական աշխատանքներ, այլև շարունակեց դեռ 2010թ. օգոստոսին սկսած ապօրինի ծառահատումները, որի համար որևէ կետ նախատեսված չէ որևէ, անգամ ապօրինի հիմունքներով տրված առկա փաստաթղթերում:

Այն որ շին.թույլատվությունը ապօրինի է տրվել, ճարտարապետաշինարարական և տեխնիկական նախագծերն էլ ապօրինի են հաստատվել երևում է հետևյալ փաստերից.

  1. Քաղաքապետարանի կողմից հաստատված, ապաև քաղաքաշինության նախարարության կողմից փորձաքննության ենթարկված շինարարական, նախագծային և այլ փաստաթղթերում, այդ թվում տարածքի հատակագծում 30-ից ավելի բազմամյա ծառերը, որոնցից 10-ը “Լիբեր” ՍՊԸ-ն արդեն կտրել է, ընդհանրապես նշագրված չեն, այսինքն այդ փաստաթղթերը կեղծ են և չեն կարող հիմք հանդիսանալ որևէ օրինական որոշում ընդունելու համար: Դա էլ, հավանաբար, հիմք է հանդիսացել “Լիբերի” համար ապօրինի ծառահատումներ իրականացնելու նախ 2010թ. օգոստոսին (ծառահատումների տեսանկարահանումը տեսեք http://www.azatutyun.am/video/10007.html հասցեով), ապա, ի հեճուկս այդ ժամանակ ՀՀ բնապահպաբնության նախարարության կողմից տուգանվելուն, արդեն որպես կրկնահանցագործություն` նաև 2011թ. մայիսի 13-ին (տեսանկարահանումը` http://www.youtube.com/watch?v=lLnPyXyVQNQ հասցեում), որի արդյունքում (ինչը տեսանելի է Ա1+ -ի նկարահանած տեսանյութում` http://www.youtube.com/watch?v=fuazLEF7jrU&feature=related), մինչ այդ ծառապատ տարածքը գրեթե  ամբողջությամբ ծառազրկվել է: Իսկ ինչո՞ւ “Լիբեր” ՍՊԸ-ն իր ճարտարապետական նախագծում ոչ մի ծառ չի նշել: Պատասխանը շատ պարզ է. քանի որ այս ծառերի առկայության պարագայում այստեղ հնարավոր չէ իրականացնել ոչ այն ծրագրված նոր ենթակայանի և ոչ էլ, առավելևս բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում, քանի որ դրանով կոպտորեն կխախտվեին կառուցապատմանը վերաբերող` գործող СНИП 2.07.01-89 նորմատիվները: Այսպիսով, տարածքի ծառերը այսուհետ հանդիսանում են “Լիբեր” ՍՊԸ-ի կողմից քաղաքապետին կեղծ փաստաթղթի ներկայացման և քաղաքապետի կողմից դրա ապօրինի հաստատման լուռ վկաներ, որոնցից թե’ “Լիբեր” ՍՊԸ-ին և թե’ քաղաքապետարանի` առնվազն այս ապօրինությանը մեղսակից անձանց օր առաջ անհրաժեշտ է կանչել պատասխանատվության:
  2. Կոմիտասի 5 հասցեում նախատեսվող բնակելի բազմաբնակարան շենքի և էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի տեխնիկական նախգծի վերաբերյալ «Քաղսեյսմշին և փորձաքննություն» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության եզրակացությունը տրվել է միայն 25.10.2010թ.-ին, այսինքն` Երևանի քաղաքապետարանի կողմից շինթույլտվությունը տալուց և տեխնիկական նախագիծը հաստատելուց ամիսներ և տարիներ անց: Փաստորեն, տեխնիկական նախագիծը հաստատվել է առանց սեյսմիկ փորձաքննության: Ինչո՞ւվ դրա համար մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել:
  3. Ի պատասխան մեր` բնակիչներիս պաշտոնական նամակի` ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ.Սայադյանը հայտնել է մեզ, որ “… ՀՀ Առողջապահության նախարարությունում քննարկվել է Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 հասցեում կառուցման համար նախատեսվող էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի շինարարական նախագիծը, որի արդյունքում պարզվել է, որ նախագծում բացակայում են էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի աշխատանքի ընթացքում առաջացած աղմուկի մակարդակի հաշվարկները և դրանց համապատասխան իրականացվող աղմկակլանիչ միջոցառումները”, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001թ. հոկտեմբերի 1-ի թիվ 82 հրամանով սահմանված “Քաղաքաշինություն. Հատակագծում և կառուցապատում քաղաքային և գյուղական բնակավայրերի” ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմերով: Ընդ որում չկան ոչ միայն ենթակայանի աշխատանքի ընթացքում առաջացած աղմուկի մակարդակների հաշվարկները, այլև` սանիտարական նորմերի պահանջներին դրանց համապատասխանության հիմնավորումը:
  4. Ոչ բնակիչների, ոչ էլ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցումները առ այն, թե ինչ հիմունքներով է Կոմիտասի 5 հասցեով շուրջ 1000 քառ. մ տարածքը կամ էլեկտրատրանսպորտի քարշի գործող ենթակայանը վարձակալությամբ հանձնվել, իսկ գործող քարշի ենթակայանի շենքը օտարվել “Լիբեր” ՍՊԸ-ին առանց աճուրդի` պետական պատկան որևէ մարմնի կողմից որևէ պատասխանի այդպես էլ չի արժանացել:
  5. ՀՀ քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանը` թե ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի և թե բնակիչներիս պաշտոնական նամակներին ի պատասխան հաստատել է, որ “Լիբեր” ՍՊԸ-ի “…ներկայացված քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ համաձայնեցված նախագծով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքի և էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման դեպքում կխախտվեն ՀՀ –ում գործող քաղաքաշինական նորմերի պահանջները` հարևան շինություններից պահանջվող նորմատիվային հեռավորությունները (СНИП 2.07.01-89): Վերը նշվածի կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին` 2010թ. հուլիսի 28-ին տրված թիվ 01/50-15303-396 շինարարության թույլատվության գործողությունը կասեցնելու վերաբերյալ` մինչև նախագծային լուծումները քաղաքաշինական նորմերին համապատասխանեցնելը”: Մինչդեռ, քաղաքաշինության նախարարը չի հիշատակում նույն СНИП 2.07.01-89-ում մեկ այլ դրույթ` տարածքում առկա ծառերից պահանջվող նորմատիվային հեռավորությունները, որը տվյալ դեպքում կազմում է 5 մետր: Պատճառն արդեն նշել ենք` կեղծիքներով լեցուն շինարարական, նախագծային և այլ փաստաթղթերում, այդ թվում տարածքի հատակագծում բազմամյա ծառերը նշագրված չեն, ասես` ընդհանրապես գոյություն չունեն:
  6. Վերջապես, կառուցապատող “Լիբեր” ՍՊԸ-ն չունի և երբեք չի ունենա մեր` շրջակա շենքերի բնակիչներիս համաձայնությունը` մեր շենքերին անմիջական հարևանությամբ բազմահարկ շենքի կառուցման համար:

Վերը թվարկված փաստերում առկա են Կոմիտաս 5 հասցեում բնակելի բազմաբնակարան շենք և էլեկտրատրանսպորտի քարշի նոր ենթակայան կառուցելու թուլտվություններ տալուց և հարակից փաստաթղթերը հաստատելուց կատարված օրինախախտումների և հանցագործությունների բազմաթիվ դրվագներ: Եվ մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ուզում ենք իմանալ, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ երբ մեր երկրում խախտվում են որևէ օլիգարխի շահերը` ապա նրան անմիջապես, Կառավարության մակարդակով, հարյուր հազարավոր դոլարների փախհատուցում տրամադրելու որոշում է կայացվում, իսկ օրինախախտները հետապնդվում են օրենքի ամբողջ խստությամբ, անգամ բանտում են հայտնվում, իսկ երբ քաղաքապետարանի ինչ-որ պաշտոնյաների, այդ թվում նախկին քաղաքապետերի կողմից ինչ-ինչ ակնհայտ շահադիտությամբ անօրինական որոշումներ են կայացվում, ոտնահարվում են հարյուրավոր բնակիչների շահերն ու իրավունքները` դրա արդյունքում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Հետո ինչի՞ ենք զարմանում, որ շարքային քաղաքացիները երկրում տիրող այս անարդար և անօրեն մթնոլորտի արդյունքում լքում են Հայաստանը: Այս օրինախախտումների և հանցագործությունների մասին մենք պատվիրված պաշտոնական նամակով տեղյակ ենք պահել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պահանջելով «...համարել այս նամակը հաղորդում հանցագործության մասին և պատասխանատվության ենթարկել ճարտարապե-տահատակագծային առաջադրանքում և նախագծային այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներկայացնելու, ապօրինի ծառահատումները չարամտորեն շարունակելու համար “Լիբեր” ՍՊԸ-ի համապատասխան պատասխանատուներին, ինչպեսև Երևանի քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր պատասխանատու են կեղծ տեղեկու-թյունների հիման վրա կազմված վերը նշված փաստաթղթի հիման վրա “Լիբեր” ՍՊԸ-ին շինարարության թույլատվություն տրամադրելու համար»: Հուսով ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը համարժեք արձագանք կցուցաբերի և պատշաճ ընթացք կտա այս գործին:

Հարգելի պարոն Նախագահ,

Մենք, Մենք Կոմիտաս փող.  5ա, 3, 7 և 7/1 շենքերի բնակիչներս ԴԵՄ ենք, որ մեր անմիջական հարևանությամբ կառուցվի էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայան և բազմահարկ շենք, քանի որ դրա արդյունքում մենք զրկվելու ենք մեզ շրջապատող վերջին ծառերից, այսինքն և մաքուր օդից և Կոմիտասի պողոտայից եկող փոշուց գոնե ինչ որ կերպ պաշտպանվելու հնարավորությունից, փակվելու է մեզանից շատերի արևը և լուսավրությունը նվազելու է օրական 12 ժամից` 3 ժամի, վերջապես էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանը, թեկուզև ստորգետնյա, տեղակայվելու է Կոմիտաս 5ա շենքի անմիջական հարևանությամբ: Այս ամենը վատթարացնելու է մեր կենսական պայմանները, շրջակա միջավայրը, վնասելու է մեր առողջությունն, վերջապես կտրուկ նվազեցնելու է մեզ` սեփականության իրավունքով պատկանող գույքի` բնակարանների արժեքը, այսինքն` վնասելու է մեր բարեկեցությունը:

Մինչդեռ ՀՀ Սահմանադրության՝

Հոդված 10-ի համաձայն՝ Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:

Հոդված 31-ի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Հոդված 33.2.-ի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը:

Հոդված 34-ի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար:

Հարգելի պարոն Նախագահ,

Մեզ համար հուսադրող է եղել Ձեր այն հայտարարությունը, թե շենքերի արանքներում նոր շենքերի կառուցումը պետք է բացառել և որ դրա համար շատ այլ տարածքներ կան, ինչպես նաև նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ բակերում ծառահատումներ ու նոր կառուցապատումներ այլևս չեն լինելու: Մենք նաև դեռ չենք կտրել մեր հույսն առ այն, որ հնարավոր կլինի պաշտպանել մեր շահերը իրավական ճանապարհով, քանի որ գիտակցում ենք, որ մեր կողմից ծայրահեղ միջոցներին դիմելը կապված է հավելյալ ռիսկերի հետ թե մեր և թե երկրի շահերի տեսանկյունից: Եվ մենք հույս ունենք, որ այս գործը Դուք, որպես ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավոր, կպահեք Ձեր վերահսկողության ներքո, որպեսզի որևէ պետական մարմին` դատական, ՏԻՄ, թե գործադիր, մեզ չմղի այդ ծայրահեղ քայլերին` մեր տարրական իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով:

Մենք նաև խնդրում ենք Ձեզ հանձնարարել ՀՀ բնապահպանության նախարարին` ոչ միայն տուգանել “Լիբեր” ՍՊԸ-ին հերթական ապօրինի ծառահատման համար, այլև պարտադրել վերջինին վերականգնել ապօրինաբար կտրված ծառերը` նույն տեղում ծառատունկ անելու միջոցով:

Կոմիտաս փող.  5ա, 3, 7 և 7/1  շենքերի բնակիչներ

Այս խորագրի վերջին նյութերը