Լրահոս

20.06.2011 15:41


Գյումրին վերածվելու է նաև ազատ տնտեսական գոտու

ՀՀ կառավարությունն արդեն որոշել է, որ Գյումրին տեխնոպարկի հետ զուգահեռ վերածվելու է նաև ազատ տնտեսական գոտու՝ հիմնված բարձր տեխնոլոգիաների վրա: Ազատ տնտեսական գոտու զարգացմանը զարկ տալու համար օրերս Գյումրի էր գործուղվել «Զարկ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գաբրիելյանը: Վերջինս Գյումրու շահագրգիռ շրջանակներին ներկայացնում էր այն օրենսդրական արտոնությունները, որոնք շնորհվելու են ազատ տնտեսական գոտուն:

«Օրենքով սահմանվում են արտոնություններ շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի, գույքահարկի մասով: Այդ տարածքում պետք է ստեղծվի նաև պարզեցված վարչարարություն»,- տեղեկացրել է Գագիկ Գաբրելյանը:

Կառավարության հերթական մասշտաբային նորարարությունը ներկայացնող «Զարկ» ընկերության գործադիր տնօրենին լուռ լսում էին գյումրեցի գործարարներն ու մասնագետները, որոնք այդքան էլ լավ չէին կարողանում ըմբռնել, թե այս անգամ հայրենի կառավարությունն ինչ է փորձում իրականացնել Գյումրիում.

«Ես չգիտեմ՝ սա ի՞նչ արդյունք կունենա, ի՞նչ նպատակներ է հետապնդում, որովհետև գոնե ինձ համար ամեն ինչ շատ պարզ չէ: Նոր խոսում էին ազատ առևտրի գոտուց, որն իրականում նախատեսված էլ չէ. ինչ–որ ազատ տնտեսական գոտու մասին է խոսքը»,- ասել է «Շիրակի մրցունակության կենտրոնի» տնօրեն Գայանե Ավագյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը