Լրահոս

18.06.2011 14:31


Բաց նամակ ՀՀ նախագահին «Թեկուզ» ֆիլմի ստեղծագործական կազմից

Բաց նամակ ՀՀ նախագահին «Թեկուզ» ֆիլմի ստեղծագործական կազմից

«Թեկուզ» ֆիլմի ստեղծագործական կազմը, Արցախյան ազատամարտին մասնակցած ազատամարտիկների խումբը ու համախոհների մի ամբողջ բանակ բաց նամակով դիմել են ՀՀ նախաագհ Սերժ Սարգսյանին.

«Մեծարգո նախագահ

Նորից ստիպված ենք դիմել Ձեզ, որովհետև ձեր կողմից տրված հանձնարարականը Մշակույթի նախարարության կողմից չի կատարվում: Ղարաբաղի վերջին քսան տարվա իրադարձությունների մասին գեղարվեստական, խոշորածավալ ֆիլմ նկարելու համար մեր դիմումին Դուք ընթացք էիք տվել, որի համար մենք Ձեզ շնորհակալ ենք: Նախագահականից ստացած հրահանգով Ազգային կինոկենտրոնը ուսումնասիրել է ֆիլմի սցենարն ու տվել իր դրական եզրակացությունը, որտեղ նշվում է. «Հաշվի առնելով թեմայի կարևորությունն ու հրատապությունը` նպատակահարմար ենք գտնում նման ֆիլմի ստեղծումը»: Նամակը դրական եզրակացություններով գնաց Մշակույթի նախարարություն, որին պիտի հաջորդեր Ֆիլմի հարցը լսումը Կառավարության նիստում: Եվ մշակույթի նախարարությունից և Ազգային կինոկենտրոնից մեզ խոստացան, որ նման ֆիլմ ստեղծելու համար Կառավարության պահուստային ֆոնդից անպայման ֆինանսներ կտրամադրեն: Հավատալով այդ խոստումներին մենք կատարեցինք բոլոր նախնական աշխատանքները` ձեռք բերվեցին արտասահմնացի հայտնի դերասանների հետ պայմանավորվածությունները, լուծվեցին տեխնիկական հարցերը, անցկացվեց դերասանների ընտրություն: Ամեն ինչ պատրաստվեց հուլիսն նկարահանումները սկսելու համար: Սակայն Մշակույթի նախարարությունից ստացած նամակը մեծ զարմանք ու հիասթափություն պատճառեց «Թեկուզ» ֆիլմի ողջ անձնակազմին և բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում ու սպասում են այս ֆիլմի նկարահանմանը: Նամակում ասվում է. «ՀՀ մշակույթի նախարարությունը ողջունում է հայրենասիրական ֆիլմի ստեղծման Ձեր նախաձեռնությունը և միաժամանկ հայտնում, որ, ցավոք, նախարարության աջակցությամբ ֆինանսավորվող 2011 թ. ֆիլմարտադրության ծրագիրը վաղօրոք հաստատված է, ուստի «Թեկուզ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ստեղծմանն աջակցելու հնարավորությունները կքննարկվեն 2012 թ. ծրագրի ձևավորման ժամանակ» Հարգարժան Նախագահ, միթե մեր ազգի ամենամեծ հաղթանակի մասին պատմող միակ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նկարելու համար մեր պետությունը գումար չունի: Վիրավորական է, որ անգամ ադրբեջանցիներն են հասկանում այս ֆիլմի կարեւորությունը, վախենում այս ֆիլմը նկարվելուց, աղմուկ ու աղաղակ բարձացնում, որ նման ֆիլմ չպիտի նկարվի, իսկ մենք, պարզվում է, որ համաձայն ենք նրանց հետ և աշխարհին Ղարաբաղը ներկայացնելու համար նախատեսած գումար չունենք: Մեծարգո Նախագահ, մենք համոզված ենք, որ Դուք եւս հիասթափություն կունենաք` կարդալով Մշակույթի նախարարության պատասխան նամակը: Որովհետեւ հնարավոր չի, որ Ձեզ նման հայրենասեր հայը, չցանկանա, որպեսզի իր երկիրը Արցախը աշխարհին ներկայացնելու արվեստի գործ ունենա: Հուսով ենք, որ Ձեր անմիջական աջակցությամբ, այս հարցը նորից կընթացքավորվի ու դրական և ճիշտ լուծում կստանա: Հարգանքով` «ԹԵԿՈՒԶ» ֆիլմի ստեղծագործական կազմ, Արցախյան ազատամարտին մասնակցած ազատամարտիկների խումբ ու համախոհների մի ամբողջ բանակ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը