Հարցազրույց

21.07.2021 12:34


Խաղաղությունն այսպես է մեզ մատուցվելու՝ մաս-մաս մեր հայրենիքից կտորներ պոկելով

Խաղաղությունն այսպես է մեզ մատուցվելու՝ մաս-մաս մեր հայրենիքից կտորներ պոկելով

Նախորդ օրվանից Երասխում եւ տարբեր սահմանային հատվածներում թշնամին կրակում է, հրետակոծում։ Երասխի գյուղապետն էր նախորդ գիշեր վիրավորվել։

Այդ իրադարձությունները «Հրապարակ»-ի խնդրանքով մեկնաբանեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։

-Ինչո՞ւ է Ադրբեջանը հենց Երասխի եւ Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ միաժամանակ, նույն գիշերը կրակ բացում, մենք ի՞նչ ակնկալենք։

-Ամբողջությամբ իրավիճակին չեմ տիրապետում, դրա համար չեմ կարող ասել։

-Չեմ հավատում, որ չեք էլ հետեւում։

-Հետեւում եմ, բայց լրատվամիջոցներից գիտեմ։ Օֆիցիալ որեւէ տեղեկություն չկա։

-Օֆիցիալը, օրինակ, այն է, որ Գեղարքունիքում մերոնք ընդհանրապես չեն կրակել։ Այսինքն՝ մենք դիմադրություն ցո՞ւյց ենք տալիս, թե՞ ոչ, Ձեր կարծիքով, եւ սա ի՞նչ է նշանակում՝ այս նոր էսկալացիան։

-Գլոբալ առումով, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, պետք է անդրադառնանք նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթղթին՝ Ալիեւի եւ Փաշինյանի կողմից, եւ թե ինչ է դա ենթադրում, պիտի անդրադառնանք վարչապետի խոսքին՝ որ այն փաստաթուղթը, որը պատրաստվում է, Հայաստանի շահերից է բխում, եւ մենք դա ստորագրելու ենք։ Այսինքն՝ սա այդ փաստաթղթի կյանքի կոչելու ձեւն է։

-Բայց եթե ստորագրում է, էլ ադրբեջանցիներն ինչո՞ւ են կրակում։

-Որպեսզի հասարակությանը պատրաստեն, որ մեզ պատերազմ պետք չէ։ Ավելի լավ է երկարաժամկետ խաղաղություն ունենանք։ Իսկ այդ խաղաղությունն այդպես է մեզ մատուցվելու՝ մաս-մաս մեր հայրենիքից կտորներ պոկելով։

-Պարոն Հակոբյան, Ձեր կարծիքով, այս պահին ճիշտը պատասխան տա՞լն է ադրբեջանական կրակահերթերին։

-Ես չեմ կարող ասել՝ ինչ կլինի, որովհետեւ չեմ տիրապետում իրավիճակին։ Իսկ ավելի մանրամասն, եթե դուք նայեք, թե Երասխի որ հատվածում է պատերազմը գնում, եւ ինչ է կատարվում այնտեղ, դուք կհասկանաք, որ սահմանազատման գործընթացն Ադրբեջանն իր համար արդեն սկսել է։

-Նկատի ունեք, որ Տիգրանաշենի անկլավը վերցնո՞ւմ են։

-Այդ հատվածն անկլավին չի վերաբերում, մի քիչ ուրիշ բան է։ Ավելի հստակ՝ այդ տարածքը, որտեղ այսօր կռիվ է գնում, նախիջեւանյան համազորային հրամանատարի սեփականությունն է։ Նրան ասել են՝ սա քո սեփականությունն է, տիրապետիր։ Վկայականը ձեռքն է։

-Եվ այդ հողը վերցնում է իրե՞ն։ Հենց այդպե՞ս, ֆեոդալական սկզբունքո՞վ։

-Նա կադաստրային վկայական ունի, որ այդ տարածքը, որտեղ կրակոցները գնում են, իր սեփականությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը