Հարցազրույց

17.04.2009 19:42


Ռուբեն Բաբայան.

Ռուբեն Բաբայան.

Հարցազրույց  Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։

-Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա հանրային մթնոլորտը։

-Բարդ հարց է։ Հանրային մթնոլորտը գնահատելու համար պետք է հասկանալ, թե ինչպիսի՞ հասարակություն, հասարակական հարաբերություններ ունենք։  Լակոնիկ լինելու համար ասեմ, որ հասարակական հարբերությունները մեզանում ձևվորված չեն և դա ուղղակիորեն անդրդառնում է հանրային մթնոլորտի վրա։

-Որո՞նք  են դրա հիմնական պատճառները։

-Քաղաքականությունը։ Այն հիմնականում տարանջատում է մարդկանց, այն պարագայում, երբ հասարակական հարցերը՝  միացնում են։ Եվ այդ առումով,  ես կարծում եմ, որ հանրային վիճակը լուրջ խնդիրներ ունի։ Իսկ հանրային մթնոլորտը, դա հասարակական հարաբերությունների  աստիճանն է։

-Այսինքն, մեր հասարակությունը չափից ավելի քաղաքականացվա՞ծ է։

-Այո։ Եվ դրանից տուժում է ինքը՝  հասարակությունը։  Ընդ որում, հասարակության ձևավորման  հարցում դերակատարում ունեն և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ մտավորականություն կոչվածը, և՛ իշխանություննները... Դա պետք է լինի առաջնային խնդիր բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ունենեալ ամուր պետություն։ Իսկ ամուր պետություն կարող է ունենալ միայն ամուր հասարակությունը։

-Դուք որպես արվեստի մարդ, ինչպե՞ս եք գնահատում մտավորականության մասնակցության արդյունավետությունը ամուր հասարակություն ձևավորելու գործում։ Եվ այդ առումով, ինչպիսի՞ն է մեր մտավորականությունը։

-Նախ ուզում եմ ասել, որ մտավորականությունը դա առանձին դեմքեր են։ Դժվար է պատկերացնել կուռ շարքերով քայլող մտավորականություն։  Կարծում եմ, որ մենք դժվարանում ենք կողմնորոշվել այն հարցում, թե ի՞նչ ենք հասկանում մտավորականություն ասելով։ Արդյո՞ք  դա միայն այն մարդն է, ով զբաղվում է մտավոր աշխատանքով, թե դա մի մարդ է, որը անկախ վիճակից, անկախ քաղաքական-հասարակական հայացքներից  ու տրամադրություններից պատրաստ է ասել այն ճշմարտությունը, որին համենայն դեպս ինքն է հավատում: Առանց հետ նայելու ասել և տանել առաջ։

-Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մեր մտավորականության մեծ մասը, հենց կուռ շարքերով ասում է այն ճշմարտությունը, որը ցանկալի է իշխանություններին։ 

-Այստեղ մի մեծ հարցական կա։  Արդյո՞ք նրանք մտավորական են, թե ո՞չ։  Եթե տվյալ պահին մտածում ես սեփական շահի մասին, շրջանացելով այն մեծ հասարակական շահը, որը կա, դու չես կարող մտավորական կոչվել։ Եթե դու չես հասկանում, որ մտավորականը արդեն իր կեցվածքով, իր դիրքորոշմամբ մշտապես ընդդիմախոս է իշխանությնաը՝ դու կարող ես ամեն-ինչ լինել, բացի մտավորականից։ Ընդ որում հասարակական ընդդիմախոս, այլ ոչ թե քաղաքական, դա էլ եմ ուզում շեշտել։  Նույն իշխանությունը այդ տեսակ մտավորականի կարիքը ունի։  Եթե չկա հոգևոր վերահսկողության շրջանակը, ապա շատ դժվար է լինելու բոլորիս համար։  Հաճախ ինքներս մեզ անվանում ենք էլիտա։  Բայց մենք պետք է հասկանանք, որ էլիտան ծանր բեռը պետք է կրի իր վրա։ Իսկ այն ինչ անում են մեր մտավորականները, երբեք չի կարող ելնել լայն հանրային շահերից։ Չեմ կարծում, որ Մեսրոպ Մաշտոցը, կամ մեկ ուրիշը այդ սկզբունքով  են առաջնորդվել։

-Որքանո՞վ  է դա անդրադառնում հասարակության բևեռացման վրա։

-Ուղղակի ձևով։ Մենք՝ մտավորականներս, առաջին հերթին, պետք է կոչված լինենք՝  վերացնելու բևեռացումը։ Մենք պետք է գտնենք այն եզրերը, որոնք միացնում են մեր հասարակության տարբեր շերտերը, այլ ոչ թե տարանջատում։

-Ի՞նչն է խանգարում գտնել Ձեր նշած եզրերը։ Հասարակության բևեռացումը  պահպանվում է, եթե էլ ավելի չի խորանում։

-Եթե մեզ չեն հավատում, մեզ չեն հարգում՝  մեղավորը մենք ենք։ Ինքներս մեզ պետք է հարց տանք. իսկ ի՞նչ եմ ես ինձ թույլ տվել, ինչը՞ ես այնպես չեմ արել։  Արդյո՞ք, ես իմ  քաղաքացիական դիրքորոշմամբ, մտավորականի կեցվածքով, ինձ պահել եմ այնպես, որ ինձ հավատան։ Ո՛չ։ Ես կոնկրետ պահին կոնկրետ շահ եմ հետապնդել, իսկ հետո զարմանում եմ՝  ինչու՞ մեր ժողովուրդը չի հարգում մտավորականին, կամ ինչու՞ իշխանավորը ուզածիդ պես կարող է օգտագործել մտավորականին։  Միթե՞ հարգելու բան եք, որ հարգենք։

-Մարտի 1-ի դեպքերից մեկ տարուց ավելի ժամանակ է անցել։ Այս ընթացքում, թեկուզ նույն հանրային մթնոլորտի հարցում՝ երկրում ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ։

-Ես, համենայն դեպս էական փոփոխություններ չեմ տեսնում։ Կարծում եմ, որ այսօր ունենք բզկտված հասարակություն և մարտի 1-ի ցավը վերացնելու ուղղությամբ շատ քիչ աշխատանք է տարվում, առավել ևս այն մարդկանց կողմից, ովքեր կարող էին այդ գործը իրենց վրա վերցնել, որոնց խոսքը կարող էր լսելի դառնալ։ Պետք է ստեղծել ճիշտ հասարակական հարաբերություններ։ Հարստությունը՝  տարբեր կարծիքներն են, տարբեր մոտեցումներն են։ Միայն այդ պարագայում մենք կարող ենք ձևավորվել,  որպես հասարակություն։  Միանման հասարակություն գոյություն չունի։ Լավագույնս դա ապացուցեց Խորհրդային Միության պատմությունը։ Ունենալով գերհզոր ռազմական ուժ,  բայց իշխանության արհեստական մոդել, այն պարզապես փլուզվեց։

-Ձեր նշած խնդիրները լուծելու համար՝   իշխանությունը ունի՞  այնհրաժեշտ  որակներ։

-Կարծում եմ, որ ինչպես իշխանության,  այնպես էլ ընդդիմության և տարբեր քաղաքական և հասարակական շարժումներում, հաստատ կան այս խնդիրներով մտահոգված մարդիկ։

-Այդ դեպքում ինչու՞ մեզնում հրատապ խնդիրները ոչ թե լուծվում են, այլ դառնում են հավերժ։

-Կարծում եմ, որ այդ մարդիկ ոչ մի տեղ մեծամասնություն չեն կազմում։ Նրանք անհատներ են։ Եվ քանի դեռ գործում է «սա մեր մարդն է» սկզբունքը, ապա իրավիճակը շտկել շատ դժվար կլինի։ Այսինքն մտածողությունը,  թե  «սրիկա է, բայց մեր մարդն է»  պետք է ջարդել։ Հասարակության մեջ չի աշխատում հավասարակշռելու սկզբունքը։ Իսկ դա շատ կարևոր է, որովհետև ես կարող եմ իմ ընդդիմախոսի հետ լեզու գտնել միայն օրենքի շրջանակներում։ Միայն օրենքի շրջանակներում իմ ընդդիմախոսի հետ կարող ենք աշխատել ինչ-որ մի ոլորտում։ Դրանով ապացուցում ես, որ ունենալով տարբեր մոտեցումներ, քաղաքական հայացքներ, դիրքորոշումներ՝  անում ես ընդհանուր մի գործ։ Եվ այս դեպքում  և ՛ պետությունն է շահում, և՛ հասարակությունը։ Իսկ երբ մենք խնդիր ենք դնում ոչնչացնել ընդդիմախոսին, քեզ քննադատողին՝ մենք  ոչնչացնում ենք նաև ինքներս մեզ։ Այս մոտեցմամբ ոչ մի բան կառուցել հնարավոր չէ։

-Այսինքն, պետք է այնպես անե՞լ, որ այն մարդկանց համար, որոնք ունեն պետական մտածողություն, սակայն չունեն կառավարման օղակներում ընդգկրվելու հնարավորություն՝  բացել այդ ճանապարհները։

-Իհարկե։ Վերջի 15, եթե ոչ ավելի, տարիների ընթացքում գործում է հիմար մի սկզբունք, որ «մենք աշխատում ենք մեր թիմով»։ Իսկ այդ թիմերը իրար փակող, միմյանց ներող, սեփական հանցանքները կոծկող մարդկանց խումբ է։ Թիմը աշխատանքային պրոցեսի ընթացքում է ստեղծվում, այլ ոչ թե «որպեսզի կարողանամ ամեն-ինչ անել՝  ես իմ մարդկանցով եմ եկել»   մտածողությամբ։  Գուցե  դժվար է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր չեն կիսում քո հայացքները, քո տեսակետները, բայց հանուն պետության, պետք է հասկանալ, որ կա գերխնդիր։ Դա  հանդուրժողականությունն է, որն այսօր չկա մեր հասարակության մեջ։

-Այս իմաստով, առաջիկա քաղաքապեի ընտրություններից  որևէ  ակնկալիք ունե՞ք։

-Ընդհանրապես, դժվար է առանց ակնկալիքների ապրել։  Եթե մենք, անկախ նրանից, թե ո՞վ կհաղթի, ինչպե՞ս  կհաղթի, վերջապես կարողանանք այնպես անել, որ ընտրությունների միջոցով վերականգնենք  քաղաքական, հասարակական  ինստիտուտների նկատմամբ վստահությունը, ինչն այսօր շատ բարդ գործ է, ապա շատ ու շատ հարցեր կարող են լուծվել։

-Այսինինք  էական չէ,  թե քաղաքապետի ընտրություններում, ո՞ր ուժն է հաղթելու։

-Կարծում եմ՝  բացարձակապես էական չէ։ Մենք, վերջապես, պետք է հասկանանք, որ ճիշտ կառուցված հասարակական հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան կոնկրետ անձիք, ովքեր կգլխավորեն այս կամ այն օղակը։

-Ձեր ասածը ավելի շատ վերաբերում է կայացած քաղաքացիական հասարակություն ունեցող երկրներին։ Ցավոք, մեզ մոտ անձերի գործոնը շարունակում է գերակշռող մնալ։  Այս առումով, քաղաքապետի թեկնածուններից  կա՞ն  Ձեր մոտեցման շրջանակներում տեղավորվող անձինք։  

-Ես ինձ որևէ գնահատական տալու  իրավունք չեմ վերապահում։ Ինձ համար ավելի կարևոր է, որ առաջիկա ընտրություններում գոնե ինչ-որ չափով ձևավորվեն գոյություն չունեցող քաղաքական, հասարակական հարաբերությունները։ Ես  պահպանելու եմ իմ այն կեցվածքը, որը մշտապես ունեցել եմ. խուսափել կոնկրետ անուններ տալուց,  թատրոնը չներքաշել որևէ քաղաքական հոսանքի մեջ, չմասնակցել որևէ թեկնածուի նախընտրական քարոզչությանը, չխորացնել հասարակության տարանջատումը։

-Դուք  անընդհատ շեշտում եք տարանջատված հասարակության վտանգը։  Հերթական բախումներ հնարավո՞ր են, թե՞ ոչ։

-Մեծ լարվածություն ես չեմ տեսնում։ Սակայն մինչև ընտրություններ ժամանակ կա և հնարավոր է, որ լարվածություն առաջանա։ Եթե մենք փորձենք ապացուցել, որ կարող ենք իրար հասկանալ, իրար հետ աշխատել, իրար չոչնչացնել ապա բախումների վտանգը երբեք մեզ չի սպառնա։ Մի փոքր շեղվեմ։ Մենք անընդհատ ասում ենք, որ մեր բախտը չի բերել...Մեր բախտը չի բերել շենքի բնակիչների հարցում,  մեր բախտը չի բերել քաղաքական ուժերի հարցում և այլն։ Այդ մտածողությունը պետք է արմատախիլ անենք։ Մեր բախտը բերել է։ Շատ լավ է, որ իրարից տարբերվում ենք։ Եվ այդ տարբերության մեջ մենք պետք է գտնենք իրար հետ լեզու գտնելու հնարավորությունը։ Միայն ատելությամբ, բոլորին մեկ հարթության մեջ դնելով՝ ապրել չի լինի։ Բոլոր քաղաքական ուժերը այդպես պետք է մտածեն։ Եթե ես պարտվեմ ընտրություններում՝ ոչ մի ողբերգական բան չի լինի, եղբա՛յր։

-Իսկ եթե մեզ մոտ գերակայի բոլորին մեկ հարթության մեջ դնելու մոդելը, և իշխանության գալը կամ այն ամեն գնով պահելը գերակայի՝ այդ դեպքում մեզ ի՞նչ է սպասվում։

-Ուրեմն պետք է սպասենք։

-Անվերջ սպասե՞նք։

-Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ մենք կարևոր մի բան բաց թողեցինք։ Երևի անմիջապես մեծ բաների հասանք։ Մեզ մոտ ստացվեց շատ բաներ անել։ Իսկապես, կար մի ժամանակ, երբ դարձանք ժողովրդավար երկիր...

-Ո՞ր  ժամանակների մասին է խոսքը։

-Երբ սկսվեց արցախյան շարժումը։ Եվ շատ կարևոր մի բան չգիտակցեցինք. մենք  հաղթեցինք պատերազմում, որովհետև ավելի ազատ էինք, մենք գիտեինք ինչի համար ենք կռվում։ Դա շատ կարևոր բան է։ Ոչ թե ավելի շատ զենք ունեինք, կամ մեզ օգնում  էին։  Ո՛չ։ Մենք, բոլոր դժվարություններով հանդերձ,  ազատ մարդկանց հասարակություն էինք։ Հետո սկսեցինք դա չգիտակցել և կամաց-կամաց այդ ազատությունից հրաժարվել...Ինքներս հրաշալի գիտենք, թե երբ դա սկսվեց։

-Ե՞րբ։

-Եթե կոնկրետ ընտրություններին է վերաբերում, ապա, իհարկե, 1995 թ.-ից։  Որովհետև 1995 թ.-ին առաջին անգամ տեղի ունեցավ այն, ինչը որ ազատ հասարակության մեջ չպետք է տեղի ունենար։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը