Լրահոս

18.06.2011 11:25


Սիրիայում բախումների հետևանքով զոհվել է ինը մարդ

Սիրիայում բախումների հետևանքով զոհվել է ինը մարդ

Սիրիական պետական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Սիրիայում ցուցարարների և ոստիկանության միջև ուրբաթ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ինը, վիրավորվել՝ տասնյակ մարդ։ «ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, թե հեռուստատեսությունը պարզաբանել է, որ զոհվածների մեծ մասն անվտանգության ուժերի աշխատակիցներ են։

Իր հերթին «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ընդդիմադիրներին, հաղորդում է 16 զոհերի մասին։

Կեսօրյա աղոթքից հետո Սիրիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակիցները պահանջում էին ազատություն և բանակի դուրսբերում այն քաղաքներից, որտեղ բանակն ավելի վաղ մտցվել էր անվտանգության վերականգնման նպատակով։

Ցույցեր են անցկացվել մասնավորապես Սիրիայի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Հոմսում, որը մայրաքաղաք Դամասկոսից ընդամենը 160 կմ հեռավորության վրա է։ Անվտանգության աշխատակիցների ու ցուցարարների բախումների հետևանքով այստեղ զոհվել է մեկ, վիրավորվել՝ ավելի քան 20 մարդ։

Սիրիական մեկ այլ քաղաքում՝ Դեյր էզ Զորում, որն Իրաքի հետ սահմանային գոտում է, զինված անձինք հարձակվել են ռազմական ավտոբազայի վրա, որի հետևանքով վիրավորվել է 6 զինվորական։

Այս խորագրի վերջին նյութերը