Լրահոս

18.06.2011 09:57


Կանարյան կղզիներում տեղի կունենա «Ստարմուս» խոշորագույն փառատոնը

Հունիսի 20-25-ին Իսպանիայի տուրիստական և աստղագիտական դրախտավայր Կանարյան կղզիներում տեղի կունենա Յուրի Գագարինի տիեզերական թռիչքի 50-ամյակին նվիրված այս տարվա միջոցառումներից ամենախոշորը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Միջազգային աստղագիտական միության /ՄԱՄ/ և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող «Ստարմուս» փառատոնը, որը կազմակերպվում է մեր հայրենակից, ճանաչված աստղագետ պրոֆ. Գարիկ Իսրայելյանի կողմից և իրենից ներկայացնում է գիտական - գեղարվեստական - երաժշտական եզակի իրադարձություն, որի ընթացքում կներկայացվեն գիտական և հանրամատչելի զեկուցումներ, աստղալուսանկարչական և տիեզերական թեմաներով գեղարվեստական ցուցահանդեսներ, համերգներ, փաստագրական շարժանկարներ, կկայանան քննարկումներ, շրջագայություններ դեպի Լա Պալմա և Տեներիֆե կղզիների աստղադիտարանները և այլն: Բոլոր ցուցադրումներն ուղեկցվելու են անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով միաժամանակյա թարգմանություններով: Փառատոնին մասնակցելու են հայտնի տիեզերագնացներ /որոնց թվում` առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան, առաջինը տիեզերական բաց տարածություն դուրս եկած Ալեքսեյ Լեոնովը, առաջինը Լուսնի վրա ոտք դրած Նեյլ Արմստրոնգը և Էդվին Օլդրինը, ԱՄՆ հայտնի տիեզերագնաց Ջիմ Լովելը և շատ ուրիշներ/, նոբելյան մրցանակի դափնեկիրներ, այլ ականավոր գիտնականներ, հանրահայտ երաժիշտներ, սիրող աստղագետներ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 5000 հյուրեր: Փառատոնում  Հայաստանը կներկայացնի Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը