Հարցազրույց

16.07.2021 08:57


«Սարսափելին այն չէ, որ Ալիևը դա ասում է, այլ այն, որ Փաշինյանը դա իրականություն է դարձնում». Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)

«Սարսափելին այն չէ, որ Ալիևը դա ասում է, այլ այն, որ Փաշինյանը դա իրականություն է դարձնում». Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)

Կառավարության նիստից առաջ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիներից ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ. «Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում»:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է փոխվել, որ Փաշինյանն արդեն Արցախի համար մանդատ ունի, չէ՞ որ 2018թ. ինքն էր աղաղակում, որ լիազորված է բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, և լիազորված չէ մասնակցել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի անունից:

Ի պատասխան՝ փորձագետն ասաց՝ Ալիևը թույլ է տվել, որ Նիկոլ Փաշինյանն ասի այն, ինչ կառավարության նիստից առաջ ասաց: «Հակառակ դեպքում ես ոչ մի նախադրյալ չեմ տեսնում՝ ինչ կարող էր փոխվել մոտեցումներում կամ իրավիճակում: Ես չեմ հիշում, որ Արցախում ընտրություններ անցած լինեն, որով Արցախի բնակչությունը մանդատ տրամադրեր Փաշինյանին՝ իրենց անունից բանակցել: Նրա հիմնական թեզը դա էր, որ՝ Արցախի բնակչությունը չի մասնակցում Հայաստանի ընտրություններին, հետևաբար՝ նա չունի մանդատ, որ բանակցի Արցախի անունից: Երեք տարի անց կրկին ընտրություններ տեղի չեն ունեցել, ես կռահում եմ, որ այդ մանդատը նա ստացել է Ալիևից»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ այսօր Հայաստանն անգամ իր իսկ անվտանգության երաշխավորը չէ, ուր մնաց՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինի.

«Ամեն մի միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փոխանակ իր պաշտպանության նախարարին կանչի և պատասխան պահանջի՝ ինչ է կատարվում, սկսում է ահազանգել՝ ռուսը ուր է, ռուսը ուր է: Այսինքն՝ հենց ինքը՝ Փաշինյանը, պաշտպանության ոլորտում իր իսկ պարտականությունները փոխանցել է Ռուսաստանին: Ես չգիտեմ՝ գիշերը ինչ երազ է տեսել, որ նման համարձակություն է ձեռք բերել, որ իրեն երևակայի ինչ-որ մի բանի պաշտպան»:

Ադրբեջանի հարցերով փորձագետը նկատեց՝ պատերազմից հետո Փաշինյանը ոչ միայն չի մեկնել Արցախ, այլ նաև փորձ էլ չի կատարել այնտեղ գնալու:

«Փաշինյանը շատ բաներ է ասել, բայց նրա որևէ խոսք իրականություն չի դարձել, ավելին՝ խոսքի ճիշտ հակառակն է տեղի ունեցել: Դրա համար, երբ նա ասում է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է, ես մտածում եմ, որ այդ 25 տոկոսն էլ նա շատ հանգիստ կնայի՝ ոնց են հանձնում Ադրբեջանին և ոնց են բնաջնջում Արցախի հայ բնակչությանը»,-ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից առաջ նաև նշել է, որ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար. «Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է՝ շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը: Բայց մենք առանց սեթևեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, և ռուսաստանցի, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ ՀՀ ապաշրջափակմանը»:

Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանի նման վարքագծի ֆոնին ապաշրջափակումն ի՞նչ վտանգների առաջ է կանգնեցնելու Հայաստանին և Արցախին:

«Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքագիծը դրսևորել Հայաստանի նկատմամբ, նա ամրապնդում է շրջափակումը, բայց Փաշինյանը համառորեն հույս ունի, որ գործընթացը ինչ-որ հայանպաստ ավարտ կստանա: Հայաստանը վաղուց արդեն կողմ չէ, Փաշինյանը Հայաստանը կողմից սարքել է առարկա, այսինքն՝ ոչ թե մենք ենք մասնակցում Հայաստանի վերաբերյալ գործընթացներին, այլ գործընթացներն ընթանում են Հայաստանի վերաբերյալ: Ադրբեջանի թիկունքին կանգնած է Թուրքիան, որը երբևէ չի հանդուրժելու որևէ հայանպաստ իրադարձություն: Ռուսաստանն էլ այս տարածաշրջանում պաշտպանում է իր սեփական շահերը, նրան բացարձակապես չի հետաքրքրում ո՛չ Փաշինյանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ մեր պատմությունը, ո՛չ մեր տարածքները: Եթե վաղը չէ մյուս օրը Ռուսաստանի շահերից բխի, որ Հայաստանը պայմանական պետք է մտնի Թուրքիայի կազմի մեջ, իսկ Երևանը հանձնվի Ադրբեջանին, դա տեղի կունենա, ու թող ոչ ոք ոչ մի իլյուզիաներ չփայփայի, որ Ռուսաստանը զոհաբերելու է իրեն, իր շահերը, որ Հայաստանը ինչ-որ իրավիճակներից դուրս գա և դառնա զարգացող երկիր, հակառակը՝ բոլորին ձեռնտու է այսպիսի Հայաստանը, որը բացարձակապես կորցրել է իր ուժը, դերը տարածաշրջանում, Հայաստանի գլխին նստած է մի էակ, որը ստորագրում է ցանկացած փաստաթուղթ, որը դեմ են տալիս: Վաղը չէ մյուս օրը, եթե դեմ տան Հայաստանի լուծարման փաստաթուղթը, կարող եք չկասկածել՝ Փաշինյանը կստորագրի»,-ի պատասխան՝ ասաց նա:

Այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Հարցին՝ արդյո՞ք սա խոստովանություն է, որ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վտանգված են, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց. «Այսինքն՝ թշնամուն բերել-հասցրել է Երևանից 30 կմ հեռավորության վրա և նոր պատրաստվում է պաշտպանել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությո՞ւնը: Դուք հավատո՞ւմ եք նման մարդու խոսքերին: Մարդ, որը տանուլ տվեց մեր ամբողջ անվտանգության գոտին: Եթե Փաշինյանն ասում է, որ պատրաստվում են պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն՝ վստահ եղեք, որ նա տարածքներ է հանձնելու Ադրբեջանին, և այն տարածքները, որի վրա Ալիևը մատը դնի՝ հաշվի չառնելով Հայաստանի անվտանգությունը և Հայաստանի ապագան, որը գոյություն չունի, նրանք փոշիացրել են մեր ապագան»:

Ինչ վերաբերում է Երևանի, Սևանի և Սյունիքի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, ապա ըստ Ադիբեկյանի՝ դրանք նոր չեն, պարզապես այն ժամանակ Ադրբեջանը դա ասում էր Բաքվից, իսկ հիմա արդեն Երասխից է դա հայտարարում. «Ալիևը այն ժամանակ Բաքվի իր աշխատասենյակից բառաչում էր, իսկ մենք ունենալով բանակ, անվտանգության գոտի, պետություն, պետականամետ մտածելակերպ ունեցող իշխանություններ, ծիծաղում էինք: Հիմա նա դա ասում է Երասխից, Շորժայից, նա մտել է մեր տարածք ու դա ասում է, և սարսափելին այն չէ, որ Ալիևը դա ասում է, սարսափելին այն է, որ Փաշինյանը դա իրականություն է դարձնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը