Աշխարհ

13.07.2021 12:22


Վրացի օպերատորը, որի մահը Թբիլիսիում զանգվածային ցույցերի է հանգեցրել, կարող է մահացած լինել թմրանյութերի չարաշահումից

Վրացի օպերատորը, որի մահը Թբիլիսիում զանգվածային ցույցերի է հանգեցրել, կարող է մահացած լինել թմրանյութերի չարաշահումից

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ փորձաքննության միջանկյալ տվյալները վկայում են, որ վրացական հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան պատճառ է դարձել թմրանյութերի չարաշահումը:

«Քիմիական փորձաքննության եզրակացության համաձայն` Ալեքսանդր Լաշկարավայի մարմնից վերցված փորձանմուշները պարունակել են մորֆին, կոդեին, տետրահիդրոկանաբինոլ, գաբապենտին և մոնոացետիլմորֆին տեսակի թմրանյութեր: Փորձաքննության համաձայն` մահվան պատճառ կարող էր հանդիսանալ թմրանյութերի չափից մեծ քանակով օգտագործումը: Հարկ է նշել, որ այս եզրակացությունը միջանկյալ է»,-Новости-Грузия-ի փոխանցմամբ` ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով` Լաշկարավան մահվանից մեկ օր առաջ դեղատնից հոգեմետ դեղեր և մեկանգամյա օգտագործման ներարկիչներ է ձեռք բերել: Հետաքննությունը պարզել է, որ Լաշկարավան մի քանի անգամ թմրանյութեր է ձեռք բերել ընկերոջ հետ և դրանց օգտագործումից հետո վատացել է:

Հիշեցնենք, որ օպերատորի մահվան մասին հայտնի էր դարձել հուլիսի 11-ին, ինչից հետո բողոքի զանգվածային ցույցեր էին տեղի ունեցել Թբիլիսիում: Բողոքի ալիքի պատճառն այն էր, որ Լաշկարավան օրեր առաջ ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ հանրահավաքի ժամանակ, որից հետո մի քանի օր բուժում էր ստացել հիվանդանոցում և դուրս գրվել: Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետի հրաժարականը: Նրանց կարծիքով` հենց Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունն է ագրեսիայի պատճառ դարձել, երբ վերջինս հուլիսի 5-ին հայտարարել էր, որ նպատակահարմար չէ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ «Արժանապատվության երթի» անցկացումը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը