Լրահոս

16.06.2011 16:31


Սաբինա Ֆրայզեր. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենք պետք է համաձայնության գան»

Սաբինա Ֆրայզեր. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենք պետք է համաձայնության գան»

Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) ղեկավար Սաբինա Ֆրայզերն Ադրբեջանական առաջին տեղեկատվական գործակալության հետ  զրույցում իր տեսակետն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների դովիլյան հայտարարությունը, ու արդյոք տարբերություն կա՞ այս և նախորդ երեք հայտարարությունների միջև, Սաբինա Ֆրայզերն ասել է, որ դովիլյան հայտարարությունն էականորեն տարբերվում է նախորդ երկու հայտարարություններից, որովհետև ավելի ճշգրիտ, որոշակի և ուժեղ հայտարարություն է։

–Կարևոր է ընդգծել, որ այդ երեք նախագահները շատ հազվադեպ են որևէ հարցի  վերաբերյալ կոնսենսուսի գալիս։ Հետևաբար, հույս է ներշնչում այն փաստը, որ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ–ն այս հարցում կոնսենսուսի են եկել։ Դովիլյան հայտարարությունը տարբերվում է նաև նրանով, որ  նախագահները պարզ և հստակ հայտարարում են, որ սպասում են, որպեսզի կողմերը հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գան մոտ ապագայում։ Հստակ ասվում է, որ համաձայնության դեպքում միջազգային հանրությունն ու համանախագահ երկրները կհետևեն այդ սկզբունքների կատարմանը՝ ֆինանսական աջակցության միջոցով և այլն։ Մյուս տարբերությունն այն է, որ եթե համաձայնություն չլինի, և կողմերը գնան ուժի կիրառման, ապա այն կդիտարկվի որպես բացասական և այլևս չի ընդունվի որպես հակամարտության լուծման ուղի,–ասել է նա։

Հարցին՝ արդյոք Ռուսաստանն ու  ԱՄՆ–ը համակարծի՞ք են այս խնդրի լուծման հարցում, և արդյոք ոչիչ չի՞ կարող վտանգել այս գործընթացը, Սաբինա Ֆրայզերը պատասխանել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանն ու ԱՄՆ–ը միևնույն կարծիքն ունեն, բայց հարցն այն է՝ արդյոք նրանք հնարավորություն ունե՞ն կողմերի վրա ազդելու, որպեսզի Կազանում կոնսենսուսի գան, թե՞ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենք պետք է գան համաձայնության։

Ըստ նրա՝ եթե Ռուսաստանն ու ԱՄՆ–ն իրոք ցանկանան լուծել հակամարտությունը, շատ բան կարող են անել։

–Դուք տեսել եք ռուսական կողմի և անձամբ նախագահ  Մեդվեդևի (որը կազմակերպել էր նախագահների հանդիպումն ու ժամերով խոսել նրանց հետ) ներգրավվածությունը։ Բայց ես կարծում եմ, որ, ի վերջո, վերջին խոսքը կողմերինն է՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենք պետք է գան համաձայնության։ Չեմ կարծում, որ Ֆրանսիան կամ Ռուսաստանը կարող են ճնշում գործադրել Սարգսյանի և Ալիևի վրա,–ասել է Սաբինա Ֆրայզերը։

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ Կազանում որևէ համաձայնություն կստորագրվի՞, թե՞ ոչ, նա պատասխանել է.

–Չեմ կարող ասել, որ մեծ հույսեր կան, որ դա այդպես կլինի։ Սա նաև պայմանավորված է նրանով՝ եթե համաձայնության չգան, ապա կշարունակվի՞ այդ գործընթացը, թե՞ ոչ։ Շուտով՝ 2012–ին և 2013–ին, Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններ կանցկացվեն։ Ընտրություններ կանցկացվեն նաև միջնորդ երկրներում։ Եթե այս տարի կողմերը համաձայնության չգան, ապա շատ դժվար կլինի կոմպրոմիսի հասնել 2012–2013 թթ–ին,–ասել է Սաբինա Ֆրայզերը։

Այս խորագրի վերջին նյութերը