Լրահոս

16.06.2011 15:25


ԼՂՀ–ն Կազանի հանդիպումից մեծ սպասելիքներ չունի

ԼՂՀ–ն Կազանի հանդիպումից մեծ սպասելիքներ չունի

Իհարկե մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում, որը կարող է ինչ–որ ձևով նպաստել կայունության ու խաղաղության պահպանմանը և հակամարտության կարգավորմանը։ Իհարկե դա չի նշանակում, որ մենք Կազանից ունենք այնպիսի ակնկալիքներ, որ այդ հարցում բեկում կմտցնի, շրջադարձային կլինի, ու հակամարտությունը կկարգավորվի։ Այդպիսի սպասելիք չկա, որովհետև կա օբյեկտիվ իրականություն և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որը հիմք չի տալիս մեզ ակնկալել որևէ լուրջ առաջընթաց,– «7օր»–ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Նա ընդգծել է, որ համանախագահներն էլ են հայտարարել, որ Կազանում որևէ պայմանագիր չի ստորագրվելու։ Նրա խոսքերով՝ մի շարք այլ զարգացումներ, մասնավորապես 2012–ին սպասվող ներքաղաքական լուրջ զարգացումները (ընտրությունները և՛ Արցախում, և՛ Հայաստանում,  և՛ Ռուսաստանում ) ԱՄՆ–ում,  Ֆրանսիայում կշեղեն հասարակության ուշադրությունը և քաղաքականությունը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից։ Բացի դրանից, նա նշել է, որ 2014–ին նաև օլիմպիական խաղերն են լինելու Սոչիում, որը ևս ուշադրությունը կշեղի գործընթացից։

Պետք է հաշվի առնել մեկ հանգամանք՝ ընտրություններն այս անգամ մի քիչ ավելի յուրահատուկ են լինելու, և հետընտրական ժամանակաշրջանը հնարավոր է՝ ավելի երկար տևի։ Կարելի է նկատել, որ գործընթացը կդանդաղի, հետևաբար, եթե Կազանում ինչ–որ բան քննարկվի, կամ լինի ինչ–որ ընդհանուր փաստաթուղթ, ապա այդ փաստաթուղթը կլինի միայն հայտարարությունների ձևով։ Ինչո՞ւ, որովհետև հասարակությունները պետք է ինչ–որ ձևով սրսկվեն։ Սա անեսթեզիայի նման բան է,– նշել է Դավիթ Բաբայանն ու հավելել, որ հասարակությունն այսպես կքննարկի մինչև 2012–ի սկիզբը, որի դինամիկան կհաղորդի հենց Կազանի հանդիպումը, այնուհետև կսկսվի այլ գործընթացը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը