Լրահոս

16.06.2011 14:53


Դավիթ Հակոբյան. «Ես հարցնում եմ Սերժ Սարգսյանին՝ ի՞նչ է նշանակում ցամաքային կապ՝ մեկ շրջա՞ն, մեկ կիլոմե՞տր, մեկ էշի կածա՞ն...անհայտ է»

Դավիթ Հակոբյան. «Ես հարցնում եմ Սերժ Սարգսյանին՝ ի՞նչ է նշանակում ցամաքային կապ՝ մեկ շրջա՞ն, մեկ կիլոմե՞տր, մեկ էշի կածա՞ն...անհայտ է»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար  Դավիթ Հակոբյանը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, ասել է, որ պատմությունն իր ժողովրդի առաջ դրել է արցախյան հիմնահարցի լուծման չորս տարբերակ:

–Կրկնում եմ արցախյան ֆորումում նախագահ Սարգսյանի խոսքերը. «Մեզ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը ցամաքային կապով Հայաստանի հետ»:–Ես հարցնում եմ նրան՝ ի՞նչ է նշանակում ցամաքային կապ՝ մեկ շրջա՞ն, մեկ կիլոմե՞տր, մեկ էշի կածա՞ն...անհայտ է: Որպես ի՞նչ եք միացնում ինքնորոշման դրոշի տակ։ Արցախյան հիմնահարցը՝ որպես հայկական հարցի բաղկացուցիչ մաս։ Որպես մա՞րզ...իսկ արցախցին համաձա՞յն է ձեր մարզը դառնալ: Չկա Արցախի տեսակետ, իսկ տարբերակը՝ փոխզիջում: Սա պաշտոնական Երևանի տեսակետն է,–ասել է նա:

Երկրորդ ածանցյալ տեսակետն, ըստ Դավիթ Հակոբյանի, պաշտոնական Բաքվի տեսակետն է, իսկ երրորդը՝ անգլո-սաքսոնականը կամ թուրք-ամերիկյանը, որն, ըստ մադրիդյան սկզբունքների, ենթադրում է ազատագրված հողերի փուլ առ փուլ հանձնում թուրքերին, խաղաղապահ ուժերի տեղադրում և ադրբեջանցիների վերադարձ։

–Չորրորդ տարբերակը պաշտոնական Ստեփանակերտի տեսակետն է: Սա իր Սահմանադրությամբ միջազգային իրավունքի քաղաքական սուբյեկտ է՝ Սահմանադրության մեջ 13-15 հազ ք/կմ պատմաաշխարհագրական տարածքով: Արցախը մնացել է բանակցային գործընթացից դուրս: Փաստորեն, պաշտոնական Երևանն Արցախին պահում է որպես դիվանագիտական պատանդ իր քաղաքական շահատակությունների համար,–ասել է նա:

Դավիթ Հակոբյանի խոսքերով՝ այսօր եկել է սկզբունքորեն նոր՝ հինգերորդ տարբերակի ժամանակը, որն առաջարկում է Մարքսիստական կուսակցությունը։ Նա նշել է, որ հաճախ ՀՀՇ-ական լրագրողները նկատողություն են անում իրեն, թե ինչպե՞ս է ոտք մեկնում Հալեպցի Լևոնի հետ՝ նոր տարբերակ առաջարկելով։

–Հարցն անասնական գլխաքանակը չէ, որ հավաքում է, այլ նրա քաղաքական միտքը, ու կարևոր չէ, թե այդ միտքը հնչում է այնտեղ՝ Մատենադարանո՞ւմ, թե՞ այստեղ՝ մամուլի ակումբում: Կուսակցության խնդիրը ոչ թե իշխանությունը զավթելն է, այլ քաղաքագիտական միտքը: Այսպես թե այնպես, մենք առաջարկում ենք քննարկման դնել հինգերորդ տարբերակը՝ արցախյան խնդրի կարգավորման մե՛ր տարբերակը։ Այն հետևյալն է՝ Հայաստանը սեպարատ կարգով դուրս է գալիս բանակցային գործընթացից ու իր տեղը՝ որպես գլխավոր դերակատար, զիջում Արցախին: Ոչ թե շիթիլ է նրան անում իր հետ, այլ դուրս է գալիս ու իր տեղը զիջում Արցախին,–ասել է նա։

Դավիթ Հակոբյանը նաև նշել է, որ հունիսի 25–ին կայանալիք Սերժ Սարգսյան, Դմիտրի Մեդվեդև և Իլհամ Ալիև հանդիպումից ակնկալիք չունի։

–Նույն «բալտավնյան» է,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը