Լրահոս

16.06.2011 13:05


Ի՞նչ է ձեռնարկել Գյումրիի քաղաքապետարանը

Վերջին շրջանում  հանրապետության տպագիր և էլեկտրոնային  լրատվամիջոցներում  լայնորեն և անսովոր ակտիվությամբ քննարկվում է Մինաս Ավետիսյանի որմնանկարների ճակատագիրը, տարբեր իրավասու նաև անտեղյակ անձանց կողմից արվում են իրարամերժ, հակասական հայտարարություններ:

Քանի որ  նշված հայտարարություններում շոշափվում է  Գյումրիի քաղաքային իշխանությունների անունը և իբր թե  նրանք  ոչինչ չեն ձեռնարկել, կառուցողական առաջարկություններ չեն արել  և  ոչ մի  գործնական  քայլի չեն դիմել որմնանկարները տեղում վերականգնելու, պահպանելու և   ցուցադրելու ուղղությամբ,  հարկադրված ենք  պարզաբանել, որ  դեռևս 2009  թվականից Գյումրիի քաղաքապետը Մինաս Ավետիսյանի որմնանկարների  ճակատագրի և դրանք փրկելու  իր առաջարկների վերաբերյալ  տարբեր գրություններով դիմել է  մշակույթի նախարարին:

Որմնանկարների փրկության  վերաբերյալ իր  տագնապների մասին Գյումրիի քաղաքապետարանն ու քաղաքապետը շարունակել են հայտնել 2010 և 2011 թվականներին ևս` ՀՀ մշակույթի նախարարություն ուղղվող գրություններով, որոնցում մասնավորապես ասվել է.” Գյումրիի քաղաքապետարանը,  հավատարիմ մնալով   պատմամշակութային ժառանգության պահպանման քաղաքականությանը, համայնքի  2011 թվականի բյուջով նախատեսում է  անհրաժեշտ ֆինանսավորում Մ.Ավետիսյանի որմնանկարները ոչնչացումից  փրկելու և  դրանք քաղաքի  նշանակալից հասարակական շենքերում տեղադրելու համար:Սակայն քաղաքում  չկան  բարձրակարգ  մասնագետներ, որի պատճառով  քաղաքապետարանը չի կարող  ինքնուրույն իրականացնել որմնանկարների  վերակագնման  աշխատանքները:  Խնդրում ենք  զորավիգ կանգնել  և աջակցել մեր ծրագրերի իրականացման գործում`տրամադրելով  համապատասխան մասնագետներ, որոնք, օգտագործելով   նորագույն տեխնոլոգիաներ, կկարողանան իրականացնել որմնանկրների վերակագնման աշախատանքները:”

Գյումրիի համայնքի ավագանին ևս  պատրաստակամություն է հայտնել  համայնքի  բյուջեից տրամադրել  գումար  որմնանկարների փրկության նպատակով: Այս մասին  23.06.2010թ. գրությամբ գրավոր  տեղեկացվել է ՀՀ վարչապետին և  մշակույթի նախարարին:

Այս ամենից հետո,  ս-թ  հունվարի 25-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան  Ղուկասյանը  հանդիպել է Մինասի որդու`Արման Ավետիսյանի հետ: Քննարկման  ընթացքում  քաղաքապետը վերահաստատել է  իր  պատրաստակամությունը  որմնանկարների  վերականգնման նպատակով  գումարների  տրամադրման  հարում: Սակայն  դրական արաձագանքներից հետո, մեզ համար  անսպասելիորեն հետևեց կառավարության  հայտնի որոշումը` որմնանկաները Արմենիա օդանավակայան տեղափոխելու մասին:

Գյումրին ավերակների կույտից  քաղաք դարձնելու  քաղաքային իշխանությունների   ներդրումը ակնհայտ է:  Գյումրիի մշակույթի   զարգացման և  դիմագծի պահպանման  հարցերում` ևս:

Հարկ է նշել, որ  Գյումրիի վերածննդի  այս փուլում  նոր –նոր են  ի հայտ  գալիս հնարավորություններ`  անդրադառնալու որմնանկարների ճակատագրին, քանի  որ,  տարիներ շարունակ  գյումրեցիները  գերեզմաններ, ապա` կացարաններ էին  սարքում: Եվ նույնիկ նման   պայմաններում կարողացել են  պահպանել  մշակութային արժեքները, որոնք  այսօր  եթե չլինեին,  չէր լինի տեղափոխելու որևէ բան:

Մինչդեռ, մշակույթի զարգացման համար թիվ 1  պատասխանատու  մշակույթի նախարարության   որոշ   պաշտոնյաների  ինքնատիպ դատողությունները Գյումրիում արձաններ տեղադրելու փաստի մասին, վկայում են  այն ,որ  հուշարձանների պահպանության գործի համար աշխատավարձ ստացողները, չեն կարողանում  գնահատել  այն մարդկանց, ովքեր իրենց փոխարեն պահպանում ու  հարստացնում են մշակույթը, արձաններ դնում, թանգարաններ բացում:

Գյումրիի քաղաքապետարանը  հայտարարում է, որ  այսօր էլ պատրաստ է  անհրաժեշտ  միջոցներ  տարամդրել  որմնանկարների վերականգնման  նպատակով , միայն թե  դրանք  չպոկեն իրենց արմատից` Գյումրիից, որտեղ   ծնվել ու ապրել են:

Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը