Լրահոս

16.06.2011 12:00


Արդեն մեկ տարի է Շիրակի մարզպետը չի կատարում դատարանի վճիռը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի վերլուծությունները ակումբի խորհրդի նախագահին հիմք են տալիս հայտարարել, որ պետական բյուջեի միջոցների մի մասը նպատակային չեն օգտագործվել եւ հափշտակվել են կեղծ շահառուների անվան տակ:

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը արդեն մեկ տարի է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահին չի տրամադրում պետական բյուջեի միջոցներից Շիրակի մարզի քաղաքացիներին 2005-2009 թթ. Հատկացված 70 մլն դրամի օգնության մասին տեղեկությունները, ինչն ստանձնել էր կատարել տեղեկություններ ստանալու համար ակումբի նախաձեռնած դատական գործի հաշտության համաձայնագրով: (http://asparez.am/news/news2010june/18.06.2010-prelease-lb-shirak-governor.htm)

2010 թվի հունվարի 18-ին Ժուռնսլիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը հարցմամբ Շիրակի մարզպետ Լ.Նանյանից խնդրել էր այդ տեղեկությունները, որոնք մարզպետը մերժել էր տրամադրել քաղաքացուն: Նոր նշանակված մարզպետ Աշոտը Գիզիրյանը դատական գործի ավարտին` 2010-ի հունիսի 16-ին կնքած հաշտության համաձայնագրով պարտավորվել էր տրամադրել հարցված տեղեկությունները, ինչը լրիվությամբ չի արել մինչ օրս:

5 ամիս շարունակ չստանալով հաշտության համաձայնագրով նախատեսված տեղեկությունները, 2010 թվի դեկտեմբերի 6-ին ԺԱԱ խորհդրդի նախագահը դիմեց ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժին, որը մարզպետարանից ստացավ եւ հայցվորին տրամադրվեց խոստացված տեղեկությունների մի մասը` 2005-2009թթ. հատկացումները առանց շահառուների նույնականացման տվյալների, դրանք թերի են եւ չեն համապատասխանում դատարանի վճռով նախատեսվածին: Դրանցում առկա են միայն շահառների անուն-ազգանունները եւ հատկացված գումարների չափերը, չկան հասցեները եւ հատկացման նպատակը: Մարտի 30-ին Լ.Բարսեղյանը երկրորդ բողոքն հղեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժին, հերթական անգամ խնդրելով կատարել սեփական պարտականություններն ամբողջությամբ եւ հարկադրել Շիրակի մարզպետին կատարել հաշտության համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Շիրակի մարզային բաժանմունքը 2011 թվի մայիսին դիմեց ՀՀ Վարչական դատարան վճռի պարզաբանման խնդրանով, ինչը դատարանը մեժեց: Փաստորեն ԴԱՀԿ Շիրակի մարզային բաժանմունքը արդեն կես տարի է չի կարողանում կատարել իր պարտականությունները, ինչի համար օրենքով սահմանված է առավելագույնը երկամսյա ժամկետ:

Տրամադրված թերի տեղեկություններում հեշտությամբ կարելի է գտնել հարյուրավոր համընկումներ Շիրակի մարզպետարանում աշխատող եւ աշխատած պաշտոնյաների, համայնքապետերի եւ դպրոցների ղեկավարների անուն-ազգանունների հետ, ինչը կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման լուրջ կասկածների հիմք է տալիս: Մեկ անձին արված հատկացումների չափերը գտնվում են 10.000-1.500.000 դրամի միջակայքում, հիմնականում` 20.000-50.000-ական դրամ: Մանրամասները (ՀՀ պետական բյուջեից օժանդակություն ստացած քաղաքացիների ինքնությունը եւ օժանդակման նպատակները), որոնք թույլ կտան պարզել, արդյո՞ք այդ շահառուները հենց այդ պաշտոնյաներն են, թե ոչ, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ոչ մի կերպ չի կամենում տրամադրել հաշտություն կնքած կողմին կամ հրապարակել ինքնուրույն:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը