Լրահոս

16.06.2011 10:40


Մանկապարտեզների տնօրենները սպառնում են. ահազանգ ծնողներից

Մանկապարտեզների տնօրենները սպառնում են. ահազանգ ծնողներից

«7օր»–ի խմբագրություն են ահազանգել մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներ։ Նրանք բողոքել են, որ որոշ մանկապարտեզների տնօրեններ իրենց սպառնում են՝ 5 բացակայության դեպքում երեխային այլևս չբերեք։ Եվ սա այն դեպքում, երբ երեխան ոչ թե հաջորդաբար է 5 օր բացակայել, այլ, օրինակ, 3 ամսվա ընթացքում կամ էլ ողջ տարվա կտրվածքով։ Ներողամտության են արժանանում միայն այն ծնողները, ովքեր տնօրենին շոկոլադի տուփ կամ նվեր են մատուցում։

Թե որքանո՞վ է տնօրենների այս սպառնալիքն օրինական և քանի՞ բացակայության դեպքում մանկապարտեզի տնօրենն իրավունք ունի հեռացնել երեխային, «7օր»–ը պարզաբանումներ է խնդրել Երևանի քաղաքապետարանից։ Աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնից մեզ հետևյալ պատասխանն են տվել.

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 26.01.2007թ. հ. 29-Ն հրամանի՝ ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի ծնողի (օրինական ներկայացուցչի) և հաստատության միջև կնքվող պայամանագրում նշված 75 օր երեխայի տեղի պահպանումը մանկապարտեզում անփոփոխ է, սակայն, ելնելով քաղաքապետարանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքի միասնականությունն ապահովելու անհրաժեշտությունից, անհարգելի բացակայելու դեպքում հարցը կարգավորվում է նուհի ներքին կարգապահական կանոններով»։

Նշենք, սակայն, որ քաղաքապետարանի մատնանշած հ. 29-Ն հրամանում խոսք անգամ չկա երեխայի ծնողի (օրինական ներկայացուցչի) և հաստատության միջև կնքվող պայմանագրի մասին։ Անհասկանալի է նաև, թե պատկան մարմնի ղեկավարի ո՞ր որոշմամբ է կարգավորվում քաղաքապետարանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքի միասնականության ապահովումը։

Ի դեպ, մեր խմբագություն ահազանգած ծնողները կասկածներ ունեին, որ մանկապարտեզների տնօրենների նման սպառնալիքը պայմանավորված է յուրաքանչյուր երեխայի համար քաղաքապետարանից ամեն օր հատկացվող գումարից չզրկվելու ցանկությամբ։ Նշենք, որ մեկ երեխայի պահման գումարը ամսական կազմում է 18 000 դրամ՝ ներառյալ սնունդը՝ օրական 350 դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը