Հարցազրույց

15.06.2011 17:48


Վահան Շիրխանյան.

Վահան Շիրխանյան.

Հարցազրույց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանի հետ

–Ինչպե՞ս եք վերաբերվում ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը։

-Եթե կա վեճ, ապա երկխոսությամբ այն լուծելը միայն դրական է: ՀԱԿ-ի և իշխանության երկխոսությունը կլինի դրական, եթե քննարկման առարկան երկրի և ազգի վիճակն է, ոչ թե աթոռը: Իսկ եթե երկրի և ազգի մասին է երկխոսությունը, ուրեմն հիմքում պետք է լինի «ոչ մի թիզ հող», «ոչ մի հարաբերություն Թուրքիայի հետ, քանի դեռ Ցեղասպանությունը չի ճանաչել», «ոչ այս Սահմանադրությանը, որը ստեղծել է և հիմք է հանդիսանում սոցիալական խոր անարդարության պահպանման», «ոչ այս տնտեսական համակարգին, որը քայքայել է ամբողջ տնտեսությունը, իսկ ժողովրդին դարձրել է մուրացկան և գաղթական» հիմնահարցերի քննարկումը:  Հակառակ դեպքում՝ դա անիմաստ է:

–ՀԱԿ–ն անընդհատ հայտարարում է պատվիրակությամբ կլոր սեղանի շուրջ արտահերթ ընտրությունների թեման քննարկելու մասին, իսկ ՀՀԿ–ից հերքում են այդ ամենը։ Ի՞նչ  է ստացվում՝ Սերժ Սարգսյանը խաբե՞ց Լևոն Տեր–Պետրոսյանին։

-Հայտնի չէ՝ նման պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ ոչ: Իսկ եթե չի եղել, ի՞նչ խաբելու մասին է խոսքը: Բոլոր դեպքերում, իշխանությունը (ոչ միայն Հայաստանի), շահագրգռված է ընդդիմությանը կոշտ և ծայրահեղական դաշտից տեղափոխել դեպի կառուցողական դաշտ: Ես իշխանության գործողություններում այս տրամաբանությունն եմ տեսնում: ՀԱԿ-ը օրակարգում վերը նշված հիմնարար լուծումներից ոչ մեկը առ այսօր չի դրել, ավելին՝ դրանք ոչ միայն շրջանցվել են, այլև հնչեցվել է ուղիղ հակառակ տեսակետ: Իսկ Հայաստանի համար դրանք այլընտրանք չունեն: Անձերի փոփոխումը, առանց այդ և մի շարք այլ սկզբունքների որդեգրման  (ռազմավարական և գերշահութաբեր ձեռնարկությունների, ճյուղերի ազգայնացում, երիտասարդությանը աշխատանքով ապահովելու, առողջության պահպանման համար պետության կողմից պաշտոնական պարտավորության ստանձում և այլն),  չի կարող Հայաստանը հանել ճգնաժամից:

–ՀԱԿ–ն արդեն Սերժ Սարգսյանին մինչև հերթական հանարահավաքը՝ հունիսի 30–ը, վերջնաժամկետ է ներկայացրել, որպեսզի նա պատասխանի, այլապես համապատասխան քայլերի կգնա։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր կարվեն, եթե այդ օրը երկխոսության վերաբերյալ Սերժ Սարգսյանի պատասխանը չլինի, մանավանդ եթե  հաշվի  առնենք, որ ՀԱԿ–ն արդեն երրորդ տարին է՝ վերջնաժամակետներով է խոսում, բայց ոչինչ չի անում։

-Երևի ևս մեկ վերջնաժամկետ դրվի:

–Այսօր  կա՞ արտահերթ ընտրությունների անցկացման հավանականություն։

-Հիմքեր կան, բայց հավանականություն՝ ոչ: Իսկ հիմքերը սնվում են համակարգից՝ սոցիալական անարդարություն և անհավասարության, աղքատության  խորացում, շարունակական արտագաղթ, գործազրկություն, գյուղի քայքայում: Իշխանությունը կարող է և պարտավոր է ծրագրային աշխատանք իրականացնել այս ուղղություններով, և այդ հիմքերը զգալիորեն կմեղմանան, բայց չի անում: Ոչինչ չի անում հետպատերազմյան տարվանից մինչև այսօր: Սա, առնվազն, զարմանալի է:

–Ի՞նչ զարգացումներ են սպասվում քաղաքական դաշտում։ Կարելի՞ է անակնկալների  սպասել։ Դաշտում ի՞նչ վերադասավորումներ կլինեն։

-Հոկտեբերի 27-ից, ապրիլի 12-ից, մարտի 1-ից հետո անակնկալ կարող է լինել միայն Արցախի հանձնումը Ադրբեջանին և Թուրքիայի կողմից սահմանի բացում: Ա՛յ, սրանք քաղաքական դաշտում կբերեն լրջագույն փոփոխությունների, իսկ երկիրը կտեղափոխեն վերջնական քայքայման փուլ: Ինչ վերաբերվում է կուսակցությունների վազվզոցին հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք, մենք այնքան ենք տեսել, որ կորցրել ենք զարմանալու հատկությունը: Որպես կանոն, դրանք Հայաստանին մինչև այսօր ոչ մի օգուտ չեն տվել: Ցանկացած համախմբում օգտակար կարող է լինել միայն մի դեպքում՝ եթե գաղափարական նույն հենքի վրա է: Ցավոք, այդպիսի համախմբում դեռևս չի եղել Հայաստանում:

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը