Լրահոս

14.06.2011 23:48


ՀՀՇ–ի հայտարարությունը

Վերջին օրերին ՀՀՇ §Կենտրոն¦ տարածքային կազմակերպությունում ստացվել է կուսակցությունից դուրս գալու մոտ մեկուկես տասնյակ դիմում: Սույն փաստը դարձել է մամուլի ակտիվ քննարկման առարկա: Այդ առիթով անհրաժեշտ ենք համարում տալ հետևյալ պարզաբանումը: Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները ՀՀՇ ղեկավար կազմի փոքր մի խմբի միջոցով փորձեցին ազդեցություն գործել ՀՀՇ ներսում և ճեղքվածք առաջացնել կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի միջև, ինչի մասին խոսվեց նաև 2010թ.-ի հուլիսի 17-ին կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում: ՀՀՇ վարչության և խորհրդի զգոնության շնորհիվ աննշան այդ միջադեպը հարթվեց: Կուսակցությունը այս փորձությունից դուրս եկավ ավելի ամրացած և բարձր հեղինակությամբ`ի չիք դարձնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի ծրագրերը: Համագումարին հետևած շուրջ մեկ տարվա ընթացքում ՀՀՇ շարքերը համալրվեցին մոտ 300 նոր անդամներով: Տասնվեցերորդ համագումարից հետո հիշյալ փոքր խումբը` հիմնականում §Կենտրոն¦ տարածքային կազմակերպության անդամներ, ըստ էության, դադարեցրեցին իրենց ներգրավվածությունը կուսակցության աշխատանքներին: Կուսակցությունից դուրս գալու նրանց դիմումները սպասվում էին վաղուց, նրանք որոշեցին դա անել հիմա: Հնարավոր է, որ արդեն ստացված դիմումներին ավելանա ևս մեկ - երկու տասնյակ դիմում` դարձյալ հիմնականում §Կենտրոն¦ տարածքային կառույցի անդամներից: Հետևաբար, գործ ունենք ոչ թե ինչ որ նոր երևույթի, այլ մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ձգձգված ֆորմալ ավարտի հետ:

ՀՀՇ վարչության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը