Տնտեսական

25.06.2021 15:14


Բյուջե չվերադարձված 348 միլիոն դրամի հետքերով. ՀՊ-ն պնդում է, ԱՏՁՄ-ն՝ հերքում

Բյուջե չվերադարձված 348 միլիոն դրամի հետքերով. ՀՊ-ն պնդում է, ԱՏՁՄ-ն՝ հերքում

168.amն օրերս հրապարակել էր Հաշվեքննիչ պալատի 2020թ. ընթացիկ եզրակացություններից մի քանի հատվածներ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարության պահպանման ծախսերի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բյուջետային միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության օգտագործման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ:

Եզրակացության մեջ առկա էին ուշագրավ դրվագներ, որոնք առնչվում էին «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» (ԱՏՁՄ) հասարակական կազմակերպությանը (ՀԿ):

Ըստ այդմ՝ 2019 թվականին Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համաշխարհային համաժողովի անցկացման համար պետության կողմից ՏՏ ու ծառայությունների համաշխարհային ալյանսին (WITSA) անհրաժեշտ երաշխիքային կանխավճարը հատկացվել է միջոցառման կազմակերպիչ «ԱՏՁՄ» ՀԿ-ին՝ «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրերով:

Կանխավճարը՝ 750.000 ԱՄՆ դոլարը (362.049.00 հազ. դրամ), միջոցառման ավարտից հետո համաժողովի կազմակեր­պումից ստացվող գումարների հաշվին պետք է վերադարձվեր պետական բյուջե, սակայն, ըստ եզրակացության, համաժողովն ավարտվել է, իսկ կանխավճարն այդպես էլ չի վերադարձվել: Ավելին, նշյալ ՀԿ-ն դիմել է կառավարությանը՝ խնդրելով ստացված կան­խավճարի մնացորդը՝ 348 մլն դրամը, չվերադարձնել պետական բյուջե։

Թեև այս առաջարկին դեմ են եղել ՀՀ ֆինանսների և ԲՏԱ նախարարությունները՝ նկատելով, որ այն խնդրահարույց է մի շարք իրավական ակտերի տեսանկյունից և հակասում է օրենսդրության պահանջներին, այնուամենայնիվ կառավարությունը պարզապես ներել է այդ ՀԿ-ի պարտավորությունները. 348 մլն դրամը՝ ավելի քան 700.000 դոլարը, չի վերադարձվել պետական բյուջե։

Ի դեպ, մեկ ամիս առաջ էլ կառավարությունը հերթական չզեկուցվող հարցով հավանության է արժանացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի ներկայացրած նախագիծը ու ներել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի՝ 145,8107 հազար դրամի չափով հարկային պար­տա­վո­րու­թ­յու­նները։

Եվ կրկին, պետբյուջեից հատկացվող գումարների վերաբերյալ առարկություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը և նշել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացրած նախագծում պարզ չեն ընկերության հարկային պարտավորությունները ներելու վերաբերյալ հիմնավորումները, և պարտավորությունները մարելու նպատակով գումար հատկացնելու փաստարկը հիմնազուրկ է: Սակայն, ինչպես հաճախ, այս դեպքում ևս, չնայած Ֆինանսների նախարարության առարկությանը՝ գործադիրը նախագիծն ընդունել է:

Հաշվեքննիչ պալատի ներկայացրած եզրակացության մեկ այլ դրվագում էլ նախարարության կողմից «Երևան էքսպո» կենտրոնի տարածքը վարձակալվել է միջնորդավորված ձևով՝ 1քմ-ի դիմաց վճարելով 103.9 անգամ ավելի թանկ վարձավճար:

Այս աղմկահարույց դրվագները պարզաբանելու առնչությամբ՝ 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել նաև «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով՝

  • թե ՀԿ-ն ինչո՞ւ պետբյուջե չի վերադարձրել միջոցառման կան­խավճարի մնացորդը՝ 348 մլն դրամը և ինչո՞ւ է դիմել կառավարությանը՝ այն պետբյուջե չվերադարձնելու համար,
  • թե ինչո՞ւ է նախարար Հայկ Չոբանյանի ներկայացրած նախագծով Կառավարությունը ներել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի՝ 145,810․7 հազար դրամի չափով հարկային պար­տա­վո­րու­թ­յու­նները, ինչո՞ւ են դիմել հարկային պարտավորությունների մարման համար: Արդյո՞ք այդպիսով անհավասար մրցակցային պայմանների մեջ չեն հայտնվում այլ ՀԿ-ների հետ, որոնք պատշաճ կերպով վճարում են հարկերը,
  • թե ինչո՞ւ են «ԴիջիՏեք 2019» ցուցահանդեսի տաղավարի վարձակալության համար ԲՏԱ նախարարությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիրը, որով 06.10.2019 թ.-09.10.2019 թ. ընկած ժամանակահատվածի համար ՀԿ-ից «Երևան էքսպո» կենտրոնի 1-ին հարկի տարածքից վարձակալել է 250 քմ տարածք, 1 քմ տարածքի գինը 84.000.00 հազար դրամ արժեքով կամ օրական 1 քմ-ի համար 21,000.00 հազար դրամ, եթե «Երևան էքսպո» կենտրոնը պատկանում է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին, և ԱՏՁՄ-ն 25.09.2019թ.- 09.10.2019թ. ընկած ժամանակահատվածի համար ամբողջ կենտրոնը իր հարակից տարածքներով վարձակալել է՝ շուրջ 3300քմ, 10.000.00 հազ. դրամ արժեքով, օրական 1 քմ-ի համար՝ 202 դրամ:

Առաջին հարցին ի պատասխան՝ ԱՏՁՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը նշել է, որ «ԱՏՁՄ» ՀԿ գործունեության վերաբերյալ հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով ներկայացրել է «ՊԵԿ հարթակում, ինչպես նաև՝ սույն թվականի ապրիլի 16-ին կայացած «ԱՏՁՄ» ՀԿ տարեկան համաժողովի ընթացքում, ապա մանրամասնել.

«Նշված միջոցառումը Հայաստանում կազմակերպելը աննախադեպ իրադարձություն էր ամբողջ Եվրոպական և հետխորհրդային երկրների մակարդակում, քանզի Հայաստանն առաջինն էր դրանց շարքում, որ ստացավ համաշխարհային մասշտաբի նման միջոցառում կազմակերպելու իրավունք»,-միջոցառման մասին ասել էր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Քասարջյանը։

Հիշեցնենք, որ իր նշանակությամբ և ազդեցությամբ չափազանց կարևոր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային այդ համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) հիմքերը դրվել էին դեռևս ՀՀ նախկին իշխանությունների օրոք:

2015թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի էր ունեցել 2019թ. Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ տեղակալ Էմիլ Տարասյանը: Համաձայնագիրը ստորագրել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության այն ժամանակվա տնօրեն, ներկայիս ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթն իր խոսքում նշել էր` «Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում, որ 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը տեղի է ունենալու Հայաստանում, և դուք դա շահել եք: Երկրի ընտրության հարցում ամենակարևոր չափանիշն այն է, թե տվյալ երկիրը որքանով է տրամադրված ու պատրաստ այս ոլորտը զարգացնելու և ներդրումներ կատարելու։ Բացի այն, որ Հայաստանը լավ փաթեթ էր ներկայացրել, մենք նաև տեսանք այդ լրջությունն ու պատրաստակամությունը հենց Հայաստանում»:

2017թ. էլ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էր ընդունել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուին։

Իհարկե, գործող իշխանությունները նախկին իշխանությունների բազմաթիվ ծրագրեր են իրենց վերագրում, բայց վերադառնանք բյուջե չվերադարձրած գումարներին:

ԱՏՁՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը մեր հարցերին պատասխանելով՝ ասել էր.

«Ինչպես մյուս երկրները, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունն այդ իրավունքը ստանալու համար վճարել է սահմանված 750.000 ԱՄՆ դոլար լիցենզիոն (երաշխիքային կանխավճար) գումարը։ Հաշվի առնելով, որ այդ գումարները սովորաբար վճարում են կառավարությունները, մեր դեպքում նույնպես՝ ՀՀ կառավարությունը դա վճարել է «ԱՏՁՄ» ՀԿ միջոցով, քանզի ՏՏՀՀ 2019 կազմակերպելու բացառիկ իրավասությունը պատկանում էր «ԱՏՁՄ» ՀԿ-ին»:

Ինչ խոսք, պատասխանն ունի իր տրամաբանությունը, սակայն անհասկանալի է, թե այդ դեպքում ի՞նչ պայմանագրի մասին է հիշատակում Հաշվեքննիչ պալատը՝ արձանագրելով.

«2019 թվականի թիվ 14 պայմանագրի 2.3.3 կետի համաձայն՝ մինչև 2019թ. հոկտեմբերի 30-ը համաժողովի մասնակցիներից հավաքագրված մուտքավճարներից, հովանավորչական փաթեթներից և այլ ներգրավված գումարներից «ԱՏՁՄ» ՀԿ-ն 362,049.00 հազար դրամը պետք է փոխանցեր ՀՀ պետական բյուջե»:

Անդրադառնալով մեր երկրորդ հարցին, որով հետաքրքվել էինք ՀՀ Կառավարության կողմից ԱՏՁՄ ՀԿ-ի հարկային պարտավորությունները ներելու պատճառների մասին, ՀԿ գործադիր տնօրենը տեղեկացրել էր.

«Սույն թվականի մայիսի 6-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց որոշում, որի համաձայն «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» Հասարակական կազմակերպությանը տրամադրվել է 145,810.7 հազ. դրամ գումար, որն ուղղվել է բացառապես պետական բյուջեից հատկացված միջոցների արդյունքում «ԱՏՁՄ» ՀԿ համար առաջադրված հարկային պարտավորությունների մնացորդը մարելուն (քանի որ պետական աջակցությունը չի կարող ստեղծել այնպիսի հարկային պարտավորություններ ՀԿ-ի համար, որոնք կարող են հանգեցնել ՀԿ գործունեության դադարմանը)։

Հաշվի առնելով, որ վերը նշված հարկային պարտավորություններն առաջացել են բացառապես պետական դրամաշնորհի արդյունքում, և այն հանգամանքը, որ հարկային օրենսդրությունը չի նախատեսում նման դեպքերում հարկային պարտավորությունների ներում, ուստի Հարկային օրենսդրությունը չխախտելու նպատակով «ԱՏՁՄ» ՀԿ-ն դիմել է ՀՀ Կառավարությանը՝ խնդրելով տրամադրել վերը նշված գումարը, պետության կողմից տրամադրված դրամաշնորհի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունը մարելու նպատակով։

Հարկ ենք համարում նշել նաև, որ ՏՏ ՀՀ 2019 միջոցառման ժամանակ պետության կողմից հատկացված գումարներն ու հարկերի մարման նպատակով տրված գումարներն իրար հետ միասին՝ 25 տոկոսով ավելի քիչ են, քան ի սկզբանե պետության կողմից նախատեսված էր ծախսել ՏՏ ՀՀ 2019 միջոցառման շրջանակներում։

Տեղեկացնենք նաև, որ ինչպես հայտնել էինք մեր նախորդ պարզաբանումներում, պետության կողմից ներդրված միջոցները կազմել են միջոցառման ծախսերի ոչ ավել, քան 34 տոկոսը, մնացած ծախսերն իրականացվել են «ԱՏՁՄ» ՀԿ գործունեության արդյունքում ստացված միջոցների հաշվին։

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ «ԱՏՁՄ» ՀԿ միշտ պատշաճ և ժամանակին է կատարել իր բոլոր հարկային պարտավորությունները և երբևէ չի խախտել ու չի խախտում մրցակցային որևէ պայման։ Ստեղծված իրավիճակն առաջացել է համաշխարհային մակարդակի խոշորագույն միջոցառում (ՏՏ 2019) կազմակերպելու արդյունքում, որտեղ ներկայացվել է ոչ թե «ԱՏՁՄ» ՀԿ, այլ Հայաստանի Հանրապետությունը և հայկական տեխնոլոգիական ներուժը»:

Այս համատեքստում, սակայն, կրկին հարկ ենք համարում հիշեցնել Հաշվեքննիչ պալատի եզրակացության մասին, ինչպես նաև արդեն նոր որոշման առնչությամբ Ֆինանսների նախարարության առարկության՝ առ այն, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացրած նախագծում պարզ չեն ընկերության հարկային պարտավորությունները ներելու վերաբերյալ հիմնավորումները, և պարտավորությունները մարելու նպատակով գումար հատկացնելու փաստարկը հիմնազուրկ է:

Տարածքների վարձակալության հարցի առնչությամբ էլ ԱՏՁՄ ՀԿ-ից հայտնել են, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ցուցահանդեսների կազմակերպումն ունի գնագոյացման առանձնահատկություններ, որոնք մեր կողմից ներկայացված հաշվարկում՝ այն է՝ ՀՊ արձանագրումների վրա հիմնված հաշվարկներում հաշվի չեն առնվել:

« 4.1. Նախ ձեր ներկայացված հաշվարկը թերի է, քանի որ ցուցահանդեսի մասնակիցների համար նախատեսված վարձակալության ենթակա ցուցահանդեսային տարածքը, լավագույն դեպքում, կազմում է ցուցահանդեսային համալիրի ընդհանուր մակերեսի 1/3-ը (քանզի ցուցահանդեսում կան տաղավարների միջև միջանցքներ, տաղավարների միջև ընկած հեռավորություններ, այլ տեխնիկական տարածքներ, որոնք նախատեսված են հոսանքի աղբյուր տրամադրելու, ամրակցման աշխատանքներ իրականացնելու, արտակարգ իրավիճակների դեպքերում անվտանգության ապահովման և այլ նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար, պահեստ և կոնֆերանսների անցկացման դահլիճներ), այսինքն՝ Ձեր նշած 3300 քմ-ից օգտակար ցուցահանդեսային տարածքը կազմում է մոտավորապես 1100 քմ։ Ավելի հստակ պատկերացնելու համար կցում ենք ցուցահանդեսի հատակագիծը։

4.2. Ինչպես ցանկացած ծառայության կամ արտադրանքի գնագոյացումը, այնպես էլ ցուցահանդեսի մասնակցության վճարը չի կարող կազմված լինել միայն մեկ բաղադրիչից։ Մասնավորապես՝ Ձեր կողմից նշված հաշվարկում բացակայում են ցուցահանդեսի գնագոյացումը կազմող մի շարք այլ ծախսեր, մասնավորապես՝ մարքետինգային ծախսեր, գովազդ, դիզայն, տպագրություն, տեխնիկական միջոցների ձեռքբերում և վարձակալություն, տեսա և լուսանկարահանում, տրանսպորտային ծախսեր, սնունդ, պահպանության ծախսեր, ադմինիստրատիվ ծախսեր և այլն։

4.3. Ինչ վերաբերում է Ձեր հարցման մեջ նշված ՀՀ ԲՏԱ նախարարությանը տրամադրված գնին, ապա թույլ տվեք հայտնել, որ.

ա/ «Դ-իջիթեք էքսպո» ցուցահանդեսի նկատմամբ բոլոր իրավունքները պաշտպանված են և պատկանում են «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին։

բ/ «Դ-իջիթեք էքսպո» ցուցահանդեսի մասնակցության պայմաններն ու գները բաց են (բաց օֆերտա) և տեղադրվում են ցուցահանդեսի վեբ-կայքում, ինչպես նաև համապատասխան հայտարարության միջոցով ուղարկվում են տեղական և միջազգային Տեղեկատվական տեխնոլոգիաների և Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին (օրինակ՝ REMINDER: DigiTec Expo 2019, October 5-9, EARLY BIRD DISCOUNT (mailchi.mp)

գ/ ՀՀ ԲՏԱ նախարարությանը տրամադրվել է 250 քմ ցուցահանդեսային տարածք, 1 քմ՝ 84000 դրամով։ Ընդ որում, թույլ տվեք տեղեկացնել, որ ՀՀ ԲՏԱ նախարարությանը նշված տարածքը տրամադրվել է է 30% զեղչով, այն պարագայում, երբ ցուցահանդեսային տարածքի գինը, որը ներկայացված է եղել բաց օֆերտայով, մնացած մասնակից ընկերությունների համար կազմել է 1 քմ՝ 120 000 դրամ։

Ավելին՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունը նշված ցուցահանդեսային տարածքը վարձակալել է Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև ռազմարդյունաբերական ոլորտի նորաստեղծ ընկերությունների մասնակցությունը միջազգային կարգի ցուցահանդեսին ապահովելու համար։

Միևնույն ժամանակ՝ տեղեկացնում ենք, որ մասնավոր հատվածի կողմից վարձակալված ցուցահանդեսային տարածքների միջին գինը կազմել է 89.209 դրամ։ Այսինքն՝ ՀՀ ԲՏԱ նախարարությանը վերոնշյալ տարածքը տրվել է մնացած մասնակիցների համեմատ արտոնյալ պայմաններով և զեղչերով»։

Ամփոփելով՝ Րաֆֆի Քասարջյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը վերաբերում է բացառապես ՏՏ ՀՀ 2019-ին, որի գլխավոր նպատակը եղել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի դիրքավորումը համաշխարհային տեխնոլոգիական շուկայում։

Նկատենք՝ հաշվարկները, որոնց հակադարձել է ԱՏՁՄ գործադիր տնօրենը, արվել են Հաշվեքննիչ պալատի մասնագետների կողմից և ներկայացվել եզրակացություններում, և ինչ խոսք, պատասխանները կարող էինք համարել լիարժեք, եթե չլինեին Հաշվեքննիչ պալատի փաստարկված եզրակացությունները, որոնց մի քանի դրվագներ՝ նաև հրապարակային ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը