Լրահոս

14.06.2011 18:02


Վահան Հովհաննիսյանը ոչ ոքից չի բողոքել

Վահան Հովհաննիսյանը ոչ ոքից չի բողոքել

Թերթերից մեկը գրել էր, որ իր տեղեկություններով, «Եվրանեսթի» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը դիմել է ԱԺ նախագահին՝ պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու պահանջով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ` Վ. Հովհաննիսյանը նույնիսկ սպառնացել է հրաժարական տալ պատվիրակության ղեկավարի պաշտոնից, եթե ԱԺ խմբակցությունները ներկայիս անդամներին չփոխարինեն այլ անդամներով: Վ. Հովհաննիսյանը մասնավորապես դժգոհել է, որ պատվիրակության կազմում ընդգրկված են հիմնականում այնպիսի պատգամավորներ, բացառությամբ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի պատգամավորների, ովքեր չեն տիրապետում օտար լեզվին, այնինչ առաջիկայում «Եվրանեսթում» ՀՀ պատվիրակությանը լուրջ աշխատանք է սպասվում:

Մեկնաբանելով նշված հրապարակումը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, «Եվրանեսթի» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «7օր»–ին ասել է.

Թերթի հրապարակումն ամբողջությամբ սուտ է՝ առաջին տողից մինչև վերջ։ Փորձեցի հասկանալ՝ ինչ է կատարվում, ու ինձ Հանրապետական խմբակցությունում ասացին, որ, հավանաբար, ինչ–որ տարբեր պատվիրակություններ են խառնել։

Վահան Հովհաննիսյանն ընդգծել է, որ եթե ինքը հանձնաժողովից դժգոհելու անհրաժեշտություն ունենա, դա կանի հանձնաժողովի ներկայությամբ, այլ ոչ թե նամակներ կուղղի տարբեր ատյաններ։

Ես ոչ ոքից չեմ բողոքել ու նամակ չեմ ուղարկել։ Չգիտեմ՝ ում է դա ձեռնտու և ինչի,– ասել է Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ «Եվրանեսթի» ԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված են 15 պատգամավորներ՝ Վահան Հովհաննիսյան (ղեկավար, ՀՅԴ), Լարիսա Ալավերդյան («Ժառանգություն»), Լիլիթ Գալստյան (ՀՅԴ), Արտակ Զաքարյան (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ), Վահե Էնֆիաջյան (ԲՀԿ), Խաչիկ Հարությունյան (ՕԵԿ), Արմեն Մելիքյան (ԲՀԿ), Արա Նռանյան (ՀՅԴ), Արման Սահակյան (ՀՀԿ), Ալեքսանդր Սարգսյան (ՀՀԿ), Ստյոպա Սաֆարյան («Ժառանգություն»), Վարդան Բոստանջյան (ԲՀԿ), Հովհաննես Մարգարյան (ՕԵԿ) և Հովհաննես Սահակյան (ՀՀԿ)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը