Կարծիք

24.06.2021 09:19


Ի՞նչ մասնագիտական ու մարդկային որակ ունեն Արմեն Չարչյանի վրա գործ կարողն ու կալանք տվողը

Ի՞նչ մասնագիտական ու մարդկային որակ ունեն Արմեն Չարչյանի վրա գործ կարողն ու կալանք տվողը

Ի՞նչ է անում սովորաբար նորմալ պետությունը իր ինտիլիգենցիայի, իր լավագույն մասնագետների հետ․ բացի աշխատանքի գնահատումը կոչումով ու մեդալով ու նրան հերոսացնելով, ապահովում է ամեն պայմանով, որպեսզի նա ստեղծագործելու, աշխատանքի լավ հնարավորություններ ունենա՝ հանկարծ չարտագաղթի։ Եթե դու քո լավագույն մասնագետներին տեղ չես տալիս, հարվածում ես, անվանարկում ես, կալանավորում ես, դա լրիվ ցույց է տալիս, որ դու ոչ թե իշխանություն ես, այլ անարժեքների խմբակ։ Դա ենք մենք տեսել այս անցած երեք տարիների ընթացքում, դա ենք տեսնում դեռ մինչ այսօր:

Հայաստանի ամենաանվանի բժիշկներից մեկը՝ դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանը, կալանավորվել է։ Նախընտրական զրույց անելու համար։ Աբսուրդ է, իհարկե, բայց այս գործում աբսուրդ է ամեն ինչ՝ ՀՔԾ-ն, դատավորը, պատվերը, կատարման ձևը։

Արմեն Չարչյանի մասնագիտական որակների, մարդկային որակների մասին շատ է ասվել, կարծում եմ՝ ացվելացնելու բան չկա, ու չկա մի որևէ բան, որը այդ որակները կգցի։

Արմեն Չարչյանի վրա գործ կարած Սասուն Խաչատրյանի մասնագիտական որակներին ևս չենք անդրադառնում․ Նիկոլ Փաշինյանի ամենաանհաջող կադրերից մեկն է, որը բոլորովին չի համապատասխանում ՀՔԾ պետի այդ բարձր պաշտոնին։ Բայց այդ մարդը կարծես նաև բարոյական, մարդկային որակներով չի փայլում։

Շուրջ կես տարի առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերին, արձակուրդում գտնվող Արմեն Չարչյանին տեղեկացնում են, որ նույն ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայրը հիվանդանոցում է և վիրահատական միջամտության կարիք կա։ Կիսատ է թողնում արձակուրդը և Դիլիջանից շտապում է վիրահատության։ Չգիտեմ, թե Սասուն Խաչատրյանի հայրը որ հազարերորդ մարդն էր, որի կյանքը փրկում է Չարչյանը։

Երբ բժիշկը փրկում է քո կյանքը, քո հարազատի կյանքը, դա պարտքի զգացում է, որը ողջ կյանքում քեզ ուղեկցում է։ Եթե Սասուն Խաչատրյանն ունենար մարդկային այդ որակները, նա ընդամենը, ուսումնասիրելով փաստը և տեսնելով, որ հանցանքի նշույլ անգամ չկա, կասեր՝ պարոն Փաշինյան, չեմ կարող այս մեկ պատվերը կատարել, այս մարդը բացի նրանից որ անմեղ է, նաև բարոյական առումով ձեռքս չի գնա։ Բայց մենք գործ ունենք այս դեպքում մարդկությունից, սրբությունից զուրկ մարդկանց հետ։

Սասուն Խաչատրյանի համար հիմարություններ հորինելը մեկից մեկ է, հիշենք «Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը», կարճ ժամանակում բազմաթիվ հատորներ հորինեց։

Ինչ վերաբերում է դատավոր Արմինե Մելիքսեթյանին․ նրա մասնագիտական որակների մասին մեկ բան կարելի է հիշեցնել․ նա նոր Մնացական Մարտիրոսյան է, նոր Արմեն Դանիելյան ու Արտուշ Գաբրիելյան․ այն տեսակն է, որը սովորաբար կալանքի որոշում է կայացնում իշխանության բոլոր միջնորդությունների դեպքում։ Մելիքսեթյանի մասնագիտական որակների մասին ամենալավ բնորոշիչը Սողոմոնյան Գագիկի գործն է։ Սա ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորում է Գագիկ Սողոմոնյան ֆեյքը լինելու համար, որից հետո, ասում են, այստեղ-այնտեղ հայտարարում է, թե «Մենք պարտավոր ենք գտնել Գագիկ Սողոմոնյանին»։ Պատկերացնո՞ւմ եք, նա ինքը կյալանքի սանկցիան բավարարելուց հետո ասում է, որ այսպես չի լինի, պետք է գտնել Գագիկ Սողոմոնյանին։

Արմեն Չարչյանը դուրս կգա կալանքի տակից, նրա փայլուն կարիերան շարունակվելու է դեռ շատ երկար, բայց դուք, երբ դարձյալ բժշկի կարիք ունենաք, իմացեք, որ մարդկությանն ու բնությանը ավելի օգուտ կլինի, որ ոչ մի բժիշկ չփրկի ձեզ։

Դուք շա՜տ լուրջ հիվանդ եք․․․

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը