Լրահոս

14.06.2011 14:51


Միջնորդները փորձում են զսպե՞լ պատերազմը

Միջնորդները փորձում են զսպե՞լ պատերազմը

Հունիսի 25–ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մեծ ակնկալիքներ չունի։

Ակնկալիքների հիմք առնվազն չունենք, որովհետև բանակցությունների արդյունավետության հիմնական արգելքն Ադրբեջանի կեցվածքն է, ու հիմք չկա ասելու, որ հիմնական խնդրի՝ Ղարաբաղի կարգավիճակի մասին Ադրբեջանն այն կփոխի,– ասել է Կիրո Մանոյանը։

Նա ընդգծել է, որ կողմերի ցանկություններին հակառակ՝ միջնորդները դժվար թե կողմերին պարտադրեն ինչ–որ բան ստորագրել։

Կիրո Մանոյանի խոսքերով՝ Կազանի հանդիպումը հնարավոր է՝ լավ տրամադրություններով ավարտվի, բայց իրական, լուրջ տեղաշարժ չի լինի, փաստաթուղթ էլ չի ստորագրվի։

Պարզ է, թե ինչու միջնորդները ժամկետներ հստակեցրեցին, որովհետև Ադրբեջանը համը հանում էր, ու ինքն իր քարոզչության զոհը կարող էր դառնալ։ Այսինքն, այնքան հրահրեր պատերազմ, որ ստիպված պատերազմի գնար։ Միջնորդները դա փորձեցին ու փորձում են զսպել,– նշել է նա ու հավելել, որ միջնորդների համար ամենակարևորն այն է, որ խաղաղությունը պահպանվի, դրա համար էլ փորձում են բանակցություններում առաջընթացի տպավորություն ստեղծել։

Նա նաև չի պատկերացնում, որ Կազանում հնարավոր է՝ ինչ–որ բանավոր հայտարարություն ընդունվի, սակայն նախորդ հայտարարությունների նման հայտարարության հավանականությունը Կ.Մանոյանը չի բացառել՝ նշելով, սակայն, որ դա փաստաթղթի ստորագրում չի նշանակում։

7or.am

             

Այս խորագրի վերջին նյութերը