Աշխարհ

21.06.2021 12:02


Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով․ Զալկալիանի

Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով․ Զալկալիանի

Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափում՝ աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող ենթակառուցվածքային նախագծերն իրագործելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին։

Ելույթ ունենալով Թուրքիայում կայացած դիվանագիտական համաժողովի ընթացքում, Զալկալիանին նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են։ Նա նաև ընդգծել է Հայաստանի հետ պատմական և բարեկամական կապերը։

«Մեր առջև այսօր շատ հնարավորություններ կան։ Մեր տարածքով են անցնում նավթամուղներն ու գազամուղները»,-հիշեցրել է Զալկալիանին։

Նա ընդգծել է, որ դա համագործակցության գործնական դրսևորումն է։ Զալկալիանին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է համագործակցել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով՝ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից: Նախարարն ընդգծել է, որ այդ համագործակցության ուժեղացումը բացարձակ առաջնահերթություն է երկրի համար:

Այս համատեքստում Զալկալիանին կարևորել է կոնկրետ նախագծերի իրականացումը, որոնք կնպաստեն տնտեսական համագործակցության ընդլայնմանը, տրանսպորտային կապերին՝ Կասպից և Սև ծովերի ներուժի օգտագործման տեսանկյունից:

Նա ընդգծել է նաև, որ առանց կայունության անհնար է խոսել զարգացման և բարգավաճման մասին: Նախարարը կողմերին կոչ է արել ակտիվորեն աշխատել՝ չնայած սահմանափակ ռեսուրսներին։

Զալկալիանին անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հումանիտար համաձայնությանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը