Լրահոս

14.06.2011 12:01


Տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հանդիպումը

Հունիսի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի, հատկապես՝ Շվեդիայի հետ փոխշահավետ համագործակցության համակողմանի շարունակական զարգացումը եւ վստահություն հայտնեց, որ իր գործընկերոջ այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնմանը եւ խորացմանը:

Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, եւ ընդգծեց, որ Շվեդիան վերջին տարիներին ակտիվ ջանքեր է գործադրում  Հայաստանի եւ հարավկովկասյան տարածաշրջանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Բիլդտը անդրադարձան երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական, առեւտրատնտեսական, կրթական, մշակութային համագործակցության զարգացմանը, ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների հաստատմանը, գործարար կապերի խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Երկուստեք նշվեց, որ վերջին տարիներին բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները, բազմաթիվ հանդիպումները միջազգային հարթակներում՝ երկկողմ կապերին նոր լիցք հաղորդելու պատրաստակամության վկայությունն են: Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին հավելյալ ջանքեր գործադրել տարբեր բնագավառներում հարաբերություններն ընդլայնելու համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, մանրամասն քննարկվեց ,Արեւելյան գործընկերությունե ծրագրի իրականացման ընթացքը, որի գլխավոր նախաձեռնողներից է Շվեդիան: Մասնավորապես քննարկվեցին ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի շուրջ եւ վերահաստատվեց, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ Կազանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:

Բանակցությունների օրակարգում էին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ:

Այս խորագրի վերջին նյութերը