Լրահոս

13.06.2011 17:48


ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ. «Առաջիկա համապետական ընտրությունները Հայաստանի համար բախտորոշ են լինելու»

Գյումրիում ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները ՀԱԿ-ի և իշխանության միջև միջնորդի դերում հանդես գալի՞ս է, և այդ երկխոսությունը ի՞նչ արդյունք կարող է տալ, պատասխանել է.

-Միացյալ Նահանգների կառավարությունը միշտ քաջալերում է ցանկացած տիպի երկխոսություն: Մենք ոչ մի երկխոսության մեջ այժմ միջնորդի դերում հանդես չենք գալիս, սակայն մենք իշխանությանն անընդհատ քաջալերում և հորդորում ենք խոսել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ապահովելով առավել ներկայացուցչական և համամասնական ներկայացվածություն: Հայաստանը հնարավորություն ունի ավելի մոտ լինել Եվրոպային և Միացյալ Նահանգներին, այդ հանգամանքը կախված է հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրական գործընթացներից, հակառակ պարագայում պետք է ընտրի  սեփական մեկուսացումը և հեռու կանգնի արևմտյան արժեքներից:

Թոմաս Մելիան նաև հավելել է, թե առաջիկա համապետական ընտրությունները Հայաստանի համար բախտորոշ են լինելու.

–Իչքանով որ արժանահավատ լինեն այս ընտրությունները, և ինչքանով մարդիկ հավատան արձանագրված արդյունքներին, այնքան Հայաստանի քաղաքացիները կցանկանան մնալ Հայաստանում իրենց ընտանիքների հետ միասին,  և հեռանկար տեսնել իրենց երեխաների համար: Ինչպես նաև արտաքին մեծ ներդրումներ կլինեն Հայաստանում, և մարդիկ ուղղակի չեն ցանկանա լքել երկիրը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը