Լրահոս

13.06.2011 17:01


ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Աստրախանից

Հունիսի 8-ից 9-ը Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Օրակարգում «Հանցագործությունների քննության և բացահայտման նպատակով տեղեկատվության փոխանակման ուղղությամբ ՌԴ ՆԳ նախարարության և ՀՀ ոստիկանության փոխհամագործակցության վիճակի մասին» և «ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի 2012 թ. աշխատանքի պլանի նախագծի մասին» հարցերն էին:

Միավորված կոլեգիայի նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում էին հանցագործների համատեղ հետախուզման և այդ ոլորտում օպերատիվ տեղեկատվության փոխանակման, ինչպես և թմրաթրաֆիքին, անդրսահմանային հանցավորությանը համատեղ հակազդելու, քննչական մարմինների աշխատանքի գծով համագործակցության խնդիրները:

Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը նշեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակման շնորհիվ 2010 թ. հունվարից մինչև այս տարվա մարտ ամիսը Հայաստանի իրավապահ մարմինների նյութերով Ռուսաստանում ձերբակալվել է 250 անձ, իսկ Հայաստանի ոստիկանությունը ռուսական կողմի հարցումներով ձերբակալել է 175 կասկածյալների ու մեղադրյալների:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն իր հերթին ընդգծեց, որ տեղեկատվության փոխանակմանը համակարգային բնույթ տալու նպատակով մշտական հիմքի վրա ձևավորվում են տարատեսակ միջազգային տեղեկատվական բազաներ, որոնցից ամենակարևորը ԱՊՀ միջպետական տեղեկատվական բանկն է: Գործում են նաև Ինտերպոլի տեղեկատվական ուղիները:

Միավորված կոլեգիայի նիստում գոհունակությամբ նշվեց, որ տեղեկատվության փոխանակման համակարգը մշտապես կատարելագործվում է: Ներկայումս աշխատանք է տարվում քրեագիտական տեղեկատվության համակարգի ներդրման ուղղությամբ, որի ռուսական հատվածի փորձնական նմուշը գործարկվել է անցյալ տարի: Այդ համակարգի շահագործումը Համագործակցության երկրների իրավապահ մարմիններին հնարավորություն կտա ծանոթանալ արտասահմանյան գործընկերների քրեագիտական հաշվառումներին և իրագործել արդարադատության գլխավոր սկզբունքը` պատժի անխուսափելիությունը:

ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստի ավարտին առաջին հարցի վերաբերյալ ստորագրվեց համապատասխան որոշում, Միավորված կոլեգիայի 2012 թ. աշխատանքի պլանի վերաբերյալ` արձանագրություն:

Նիստից հետո պատվիրակությունների ղեկավարները հանդիպեցին լրագրողների հետ:

Միավորված կոլեգիայի նիստի մասնակիցները ներկա գտնվեցին կենսահաբեկչության դեմ պայքարող հատուկ նշանակության ջոկատի հատուկ գործողության ցուցադրական վարժանքներին, այցելեցին Աստրախանի պատմա-մշակութային հնավայրեր, ծանոթացան հնագույն զինախաղերի մրցարանի ցուցադրանքին և ազգագրական արվեստի նմուշներին:

Հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Երևան:

Այս խորագրի վերջին նյութերը