Լրահոս

13.06.2011 16:04


Փոխվարչապետն ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը:

Պետքարտուղարի փոխտեղակալը, ում հիմնական գործառույթներից է ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների զեկույցի պատրաստման աշխատանքների վերահսկումը, մասնավորապես առանձնացրել է ՀՀ փոխվարչապետի ղեկավարած թրաֆիքինգի հարցերով խորհրդի աշխատանքը` նշելով, որ ոլորտում նկատելի տեղաշարժ է արձանագրվել, և պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավվել են: «Այս ուղղությամբ աշխատանքները բարձր ենք գնահատում: Ցանկանում ենք շարունակել ոլորտում աշխատանքներն ու համագործակցությունը, որպեսզի Հայաստանն ավելի բարձր տեղ զբաղեցնի»,- նշել է հյուրը:

Գևորգյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը և նախկին դեսպան Մարի Յովանովիչին, ում անձնական ջանքերի շնորհիվ նաև հնարավոր է դարձել առաջընթաց արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: Նա անդրադարձել է ոլորտում կատարված աշխատանքներին` նկատելով, որ ամենակարևորը վարչարարության խնդրի լուծումը և տարբեր մարմինների միջև համագործակցության կանոնակարգումն էր: Հաջողության ապահովման հարցում փոխվարչապետը նշել է նաև աշխատանքներում հասարակական սեկտորի ներգրավման հանգամանքը:

Տեղեկացվել է, որ «Քրեական օրենսգրքում» կատարված վերջին փոփոխություններով արդեն ամբողջացել է ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը: Ա. Գևորգյանն անդրադարձել է նաև միջազգային համագործակցությանը` նշելով, որ ԱՄՆ-ից բացի, աշխատանքներ են իրականացվում ԵԱՀԿ, ՄԱԿ-ի, ԵԽ-ի համապատասխան կառույցների հետ: Երկկողմ մակարդակով ևս գործակցություն է ծավալվել. մասնավորապես ԱՄԷ-ի հետ, որը Հայաստանի համար վերջնակետ երկիր է համարվում, երկու տարի առաջ ստորագրվել է համագործակցության համաձայնագիրը, որի իրագործման ուղղությամբ ներկայումս քայլեր են ձեռնարկվում: «Ձգտելու ենք ամեն ինչ անել, որպեսզի այս ոլորտում առնվազն պետական մարմինների աշխատանքի առումով վերապահումներ չլինեն»,- նշել է փոխվարչապետը:

Կողմերն անդրադարձել են նաև ընտրական շրջանում տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենսդրական պարտավորությունների պատշաճ իրականացման խնդիրներին:

Զրուցակիցները շոշափել են նաև Հայաստանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը