Հարցազրույց

13.06.2011 15:59


Լևոն Շիրինյան.

Լևոն Շիրինյան.

Հարցազրույց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

–Հունիսի 11–ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ավարտին կողմերը հայտարարեցին, թե որոշակի սկզբունքների  շուրջ դիրքորոշումների մոտեցում է արձանագրվել, և դրա շարունակությունն էլ  լինելու  է Կազանում կայանալիք նախագահների  հանդիպման ժամանակ։ Ի՞նչ եք կարծում՝ այդ օրը ինչ–որ փաստաթուղթ կստորագրվի՞։

–Ենթադրվում է, որ «ստատուս–քվո» կոչվածը Ադրբեջանը խախտում է։ Բնական է, եթե Ադրբեջանը խախտում է, թուրքական օժանադակությամբ է խախտում։ Մինսկի խմբի երեք գերտերությունների խնդիրը ոչ թե Արցախ–Ադրբեջան (մենք սխալ ենք անում, որ  անընդհատ ասում ենք ղարաբաղյան հակամարտություն, որովհետև  այդպիսի հակամարտություն չկա) հակամարտությունը լուծելն է, այլ հավասարակշռելը։ Քանի որ «ստատուս–քվոյի» առումով հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի, և քանի որ գերտերությունները ընդհանրապես հակամարտությունը հավասարակշռելուց բացի՝ այլ նպատակ չունեն, այսինքն չեն ուզում, որ հակամարտությունը լուծվի, ապա, իմ կարծիքով, սրանից հետևում է, որ Կազանում տեղի ունենալիք հանդիպումն ու այս ամբողջ գործընթացը ուղղված է նրան, որ, չասեմ՝ հավասրակշռությունը  վերկանգնվի, բայց Ադրբեջանի թուրքական պետության գործողությունները զսպվեն։ Խոշոր տերությունների այս ջղաձիգ, կոշտ վիճակը ցույց է տալիս, որ հակամարտության կողմերից  մեկը խաղի կանոնները խախտել է, և այդ խախտողը Ադրբեջանն է։ Հակառակ դեպքում, եթե խոսքը խնդրի լուծման մասին լինի, ապա պետք է ընդունվի, որ սա հայկական հարցի էվոլյուցիան է, որը  սկսվել է դարերից, որը  հենց այդ գերտրությունների ջանքերով էլ  ժամանակին մտել է փակուղի, ինչի արդյունքում էլ ցեղասպանություն է եղել և  այլն, և այլն։ Գերտերություններն այս պատմությունը շատ լավ գիտեն, բայց ցույց են տալիս՝ չեն հասկանում, և իրենց մասով շատ լավ հակամարտությունը կառավարում են։ Եթե լուծման մասին լիներ, ապա գերտերություններից յուրաքանչյուրը աներկբա, առանց խղճի խայթի, պետք է ընդուներ Արցախի ժողովրդի  հերոսական կռվի  արդյունքը, ինչպես իրենց հարմար դեպքերում ընդունել էին ուրիշների արդյունքը, ամրագրեին, նաև թուրքական Ադրբեջան պետությանը բացատրեին հայկական կողմին Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի և այլ տարարծքների վերադրձման անհրաժեշտությունը։ Բայց նրանք հակամարտությունն իր բնավորության մեջ  խեղաթյուրում են, ինչի արդյունքում գործը տանում են փակուղի։ Մեզ համար  այս պարագայում պարզապես մտավոր աշխատանքն է շատանում։

–Բայց, ամեն դեպքում, որևէ փաստաթուղթ կստորագրվի՞։

–Չեմ կարող ասել։ Չեմ ուզում ուրիշների  պես խոսել՝ կստորագրվեն, թե ոչ, բայց որ իրենց քաղաքական հարցը կպարտադրեն, հաստատ է։ Հիմա դա մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ։ Անշուշտ, «ստատուս–քվոյի» պահպանումը մեզ համար ձռնտու է, գուցե նաև Ադրբեջանի համար է ձեռնտու, որովհետև Ադրբեջանի ագրեսիային կհետևի մեր  պատասխանը, և եթե ճիշտ եմ հիշում, մեր  նախագահի խոսքերն են, որ հերթական ագրեսիան կարող է վերջակետ  դնել թուրքական Ադրբեջան պետության գոյությանը։ Դա շատ հավանական բան է, բայց սա գերտերությունների ծրագրերի մեջ  չի մտնում։ Հիմա մենք ի՞նչ պետք է անենք։ Ոչ թե անընդհատ նայենք՝ կստորագրե՞ն, թե՞ ոչ, քանի որ, վերջին հաշվով, գոյություն ունեն փաստաթղթերը վիժեցնելու, չհաստատելու  մեխանիզմներ, այլ պետք է աշխատենք փոխել հակամարտության բնավորությունը՝ փաստաթղթային իմաստով, որովհետև  եղած  փաստաթղթային բազան հակահայ է, իսկ հակամարտությունն էլ խեղաթյուրված է։ Հակամարտությունը Ադրբեջանի թուրքական պետության և Արցախի կայացած պետության միջև է՝ ինքնորոշման, հումանիտար իրավունքների խնդրով և իր բոլոր բաղադրիչներով։ Հարցը շատ արդար է, դրա համար էլ շատ է խեղաթյուրվում։ Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ և մի հաստատ կամքով՝ մի թիզ հողի վերադարձի մասին անգամ խոսք լինել չի կարող։ Դեռ ավելին՝ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել Շահումյանն ու Արցախի  տարածքի մի զգալի մասը։

–Պարո՛ն Շիրինյան, խոսեցիք փաստաթղթերի հակահայ լինելու մասին։ Այսօր շատ փորձագետներ ասում են, թե Կազանում կստորագրվի Մայնդորֆի  փաստաթղթի  պես մի փաստաթուղթ։ Ի՞նչ եք կարծում, մայնդորֆյան փաստաթուղթը դրակա՞ն է մեզ համար։

–Ես այսպես եմ կարծում, որ  դրանք դրական են այնքանով, ինչքանով խաղաղություն են պահում, բայց որ մեր իրավունքները չեն ապահովում, և հայկական կողմն այնտեղ որևէ ակնկալիք չունի, 100% է։ Ինչո՞ւ եմ այդպես ասում. որվհետև  փաստաթղթում խոսվում է Արցախի  ինչ–որ միջանկյալ ինքնորոշված կարգավիճակի մասին, բայց եկեք մտածենք, էլի, մենք ի՞նչ ենք ստանում՝ կռիվ արեցինք, որ Ադրբեջանի նախկին տարածքում պետության կարգավիճակի՞ն վերադառնանք։ Մեր խնդիրը դա՞ էր։ Հետևաբար անիմաստ է սա։ Այդ փաստաթղթում նաև քաղաքագիտության առումով մի անհեթեթություն, անտրամաբանություն  կա. չի կարող ազգերի ինքնորոշման իրավունքը լինել հավասարազոր տարածքային ամբողջականության սկզբունքին։ Եթե այդպես լիներ, ապա Միացյալ Նահանգները չէին անկախանալու, աշխարհի ցանկացած ժողովուրդ չպետք է ազատվեր գաղութատիրությունից, որովհետև տարածքային ամբողջականություն պնդող ցանկացած գիշատիչ երբեք կամավոր չի համաձայնում իր ենթակա ժողովրդին ինքնորշման իրավունք  տալու։ Սա մենք անընդհատ պետք է ասենք։ Եթե հիմքերը օբյեկտիվ են (իսկ մեր  հիմքերը չափազանց օբյեկտիվ են), ապա չի կարող ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքի միջև հավասարություն լինել։ Ադրբեջանական կողմի  տարծքային ամբողջականության պահանջը իմպերիալիստական, արհեստականորեն ծնված  թուրքական պետության արհեստական պահանջ է, և ժողովրդի ազատությունը չի կարող հավասարակշռվել տարածքային ամբողջականությանը, այլապես անիմաստ էին ֆրանսիական հեղափոխությունն ու ԱՄՆ–ի անակխության պատերազմը։ Դե, թող մնային իրենց տարածքային ամբողջականության մեջ՝ Նոր  Զելանդիա, Կանադա չլիներ, և այդպես շարունակ։ Քանի որ այս երկու հակադիր, իրար հետ լուծում չունեցող սկզբունքները մեկ փաստաթղթում դրված են իրար կողքի, ապա այդ երկու սկզբունքների պահպանությունը նշանակում է հարցը փակուղի մտցնել։ Այսինքն՝ նպատակը Արցախի խնդիրը չլուծելն է՝ Ադրբեջանը կառավարելու և  Անդրկովկասում  քաղաքական իրադրության տեր լինելու համար։ Սա պետք է հստակ ասել։ Եվ այդ գերտերություններին, որ  թուրքական «նեյնիմներ» են խաղում, ասենք՝ եղբա՛յր, ձեր քաղաքականությունը մեզ տարավ ուղիղ ժամանակակից ցեղասպանություն, քանի որ  շատ դեպքերում դուք էիք այդ հարցերի երաշխավորները, և մենք երկրորդ անգամ ցեղասպանվելու միտք չունենք։ Մենք այս հարցերի վրա պետք է աշխատենք։ Եվ հարցի երկրորդ մասը. մենք ինքներս պետք է մեզ հարց տանք, թե վերջին հաշվով, ծայրահեղ դեպքում՝ խաղաղությո՞ւն, թե՞ հայրենիք։ Իմացե՛ք, որ խաղաղությամբ հեշտությմաբ կարելի է հայրենիքը ոսոխին հանձնել։ Ուրեմն մենք պետք է ասենք, որ, ճիշտ է, թանկ է խաղաղությունը, բայց խաղաղությունը չի կարող ինքնանպատակ լիներ։ Ես, օրինակ, կուզենայի, որ հայկական բանակը  դիրքային պատերզամին պատրաստ լիներ։ Ստորագրման օրը, հնարավոր է, նորից շփման գծում արտակարգ դեպքեր, դիպուկահարների կռիվներ գրանցվեն, և հայկական բանակը  պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի, որ ոչ մի զինվոր այդ օրը չսպանվի։ Եթե, ա՛յ, այսպիսի տեսակետով առաջնորդվենք, կտեսնեք, թե հարցն ինչպես իր բնավորությունը կփոխի։ Մնացածը, կարծում եմ, պարտվողականություն է և անիմաստ ժամանակ շահելու քաղաքականություն։

–Իսկ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ են նշանակում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող այն հայտարարությունները, թե հիմա հակամարտության կարգավորման համար շատ նպաստավոր  պայմաններ  են ստեղծված, և  առաջընթաց է ակնկալվում։

–Ադրբեջանն առաջընթացի  սպասում է Արցախը նվաճելու  մասով։ Ի՞նչ է նշանակում՝ առաջընթաց, եթե նրանք դա դիտում են հայազրկման ու Արցախի  ոչնչացման տեսանկյունից։ Ի՞նչ առաջընթացի մասին է  խոսքը։ Այդ բառերը, իմիջիայլոց, աշխարհի ամենախեղաթյուրված բառերն են։ Առաջընթաց՝ ի՞նչ իմաստով։ Մեզ համար կարևորը մե՛ր առաջընթացն է,  մեր հայրենիքի սահամանների և  մեր իրավունքի պաշտպանությունը, որի մեջ մտնում է նաև Արցախի ժողովրդի իրավունքը։

–Իսկ ի՞նչ հիմքեր ունի Ադրբեջանն  այդ, այսպես կոչված, առաջընթցի մասին հայտարարություններ անելու համար։

–Կարծում եմ, որ սրանք պարզապես որոշակի դիրք ապահովելու, «խաղաղության աղավնու» կերպար ցույց տալու համար է։ Ինչպես նաև ճնշման համար, որ՝ «ես ասել եմ իմ տեսակետը, որը հստակ է, և հիմա ասում եմ, որ իմ ցանկությամբ առաջընթաց կլինի, այսինքն՝ շարժ կլինի»։ Սա, վստահ եղեք, պանթուրքիստական հայտարարություն է։ Այսօր աշխարհը պատրաստ է պանթուրքիստական պահանջները բավարարելո՞ւ։ Ով ինչ ուզում է, թող անի, մենք պատրաստ չենք։

–Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի  հայկական կողմի դիրքորոշումը Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ։

–Եթե ես լինեի, ապա մի ամբողջ  թղթապանակ կպատրաստեի՝ հակամարտության հիմքը  փոխելու  համար, որովհետև  Լևոն Տեր–Պետրոսյանի կառավարության տարիներին ստեղծված իրավաբանական ելակետային դրույթները մեր  օգտին չեն։ Մնացածը դիվանագիտական խաղեր են՝ ֆլիրտ։ Այս աշխարհը սիրախաղ է, բայց՝ ոչ բարեկամների։

Զրույցը  վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը