Լրահոս

13.06.2011 15:41


Ազգային գրադարանի աշխատակիցները դիմել են Սերժ Սարգսյանին

Հայաստանի Ազգային գրադարանի աշխատակիցները դիմում են ուղղել ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, մշակույթի նախարարին։ Նրանք մտահոգություն են հայտնել գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի պայմանգիրը լուծված համարելու փաստի վերաբերյալ, ապա հույս հայտնել, որ իրենց խնդրանքը կարժանանա հիշյալ պաշտոնյանների ուշադրությանն ու համապատասխան ընթացք կստանա:

«Լրացել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն պրն. Դավիթ Սարգսյանի և ՀՀ մշակույթի նախարարության միջև 2006թ. կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը և սույն թվականի հունիսի 3-ի ծանուցմամբ տեղեկացվել է, որ «հունիսի 16-ից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված»: Վերջին տասնամյակում, բացառապես Դ. Սարգսյանի նախաձեռնությունների, գրադարանային գործում ցուցաբերած ընդգծված տաղանդի, ինչու չէ, նաև անձնական կապերի շնորհիվ է, որ Հայաստանի Ազգային գրադարանը դարձել է պետական-մշակութային քաղաքականություն իրականացնող, մշակութային ակտիվ կյանքով ապրող եզակի հաստատություններից մեկը, որը վստահելի գործընկեր է Հայաստանում և արտերկրում: Բոլորին է հայտնի, որ Դավիթ Սարգսյանը որպես Ազգային գրադարանի տնօրեն, գրող ու հրապարակախոս, հայ մարդ մեծ հեղինակություն և հարգանք է վայելում ինչպես մեր, այնպես էլ այլ երկրների հայ մտավորականության շրջանում: Նրա տքնաջան հետևողականության, գրի ու գիտության նկատմամբ նախանձախնդիր վերաբերմունքի հետևանքն է, որ Ազգային գրադարանը դարձել է մեր մտավորականության և երիտասարդության ամենասիրելի վայրերից մեկը: Ակնառու են Դ.Սարգսյանի եռանդուն ջանքերը աշխատակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման և գրադարանի առաջընթացի գործում: Ահա նրա աշխատանքի մի քանի պերճախոս արդյունքները. արտասահմանյան երկրների հետ ամուր փոխգործակցային կապեր, հրատարակված նորանոր գրքեր, պարբերաբար իրականացվող գիտամշակութային զանազան միջոցառումներ ու տեխնիկական նոր միջոցներ, թվայնացման կենտրոն, նոր բնույթի ընթերցասրահներ` նախատեսված տեսողական խնդիրներ ունեցողների, իրավագետների և այլոց համար: Հայաստանի Ազգային գրադարանը` ի դեմս տնօրեն Դ. Սար¬գսյանի, նախապատրաստական մեծ աշխատանքներ է կատարել և կատարում է 2012թ. «Հայկական գրատպության 500-ամյակը» և «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» իրա-դարձությունները բովանդակալից և բազմաբնույթ անցկացման գործում: Ավելի քան համոզված ենք, որ Դ. Սարգսյանի բացակայությունից հիմնավորապես կտուժի ոչ միայն Ազգային գրադարանը, այլև գրադարանային, մշակութային դաշտը: Խնդրում ենք Ձեզ, հնարավորություն տրվի Դավիթ Սարգսյանին` շարունակելու իր աշխատանքը Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնում` ի շահ գրադարանի և մշակութային ոլորտի: Կարծում ենք մեր դիմում-խնդրանքը հաշվի կառնվի և Հայաստանի Ազգային գրադարանի կոլեկտիվը երախտապարտ կլինի Ձեզ»։

Այս խորագրի վերջին նյութերը