Լինելով պետության զարգացման սեփական տեսլականն ունեցող նորանկախ Հայաստանի 2.5 մլն. չափահաս քաղաքացիներից մեկը՝ 1993 թվականին ձեռքս վերցրի գրիչը և հնարավորություն ունեցա այն հրապարակել տպագիր մամուլի էջերում, որը 99 %-ով կյանքի կոչվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Վերլուծական հոդվածներում բարձրացրածս գրեթե բոլոր խնդիրների լուծումները տեսա 1997-2008 թվականներին: Ներքևում հիշատակված յուրաքանչյուր դրվագ առկա է մինչև 1998 թ. հեղինակածս հոդվածներում:
Սկսնակ լրագրողս հեռավոր 90-ականների սկսզբին գրում էր, որ նորանկախ Հայաստանի տնտեսոթյան անկման կասեցումը պետք է սկսվի 70 տարիների ընթացքում ձևավորված խորհրդային տնտեսական համակարգի ավանդական ուղղությունների պահպանմամբ և, որ հանցագործություն է նախկին համակարգի փոշիացումը, որ մենք դեռ շատ հեռու ենք համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու համար, որ քանդելով 70 տարվա տնտեսական գործող համակարգը և ոչնչացնելով եղած կապերը, մենք վերածվելու ենք ընդամենը «Mars»-ի և «Snickers»-ի սպառման շուկայի, տուժելու էր ժողովուրդը իսկ մեր ծնողների և պապերի ստեղծած բարիքի յուրացմամբ ծնվելու էին մերօրյա օլիգարխները: Գրում էի, որ նոր տնտեսական համակարգի ձևավորման աշխատանքին զուգահեռ և այն խթանելու համար պետք է պահպանել դեռևս չկոսրված ավանդական տնտեսական ճյուղերը՝ նորովի զարգացնելով դրանք:
Գալով իշխանության՝ Ռոբերտ Քոչարյանը կանխեց նախկին համակարգի վերջնական փոշիացումը և տնտեսության վերականգնումը սկսեց ավանդական ուղղությունների վերագործարկմամբ: Որպեսզի թյուր կարծիք չստեղծվի, թե այն տարիներին ներդրումներն ապահովվում էին միայն ռուսական կապիտալով, հիշեցնեմ, որ «Արարատ» կոնյակի գործարանը վաճառվեց Ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը, կապն ու հեռահաղորդակցությունը՝ հունական ՕՏԵ-ին, իսկ վերակնագնվող հանքարդյունաբերության մեջ ռուսականից բացի ներգրավվեցին գերմանական և կանադական ընկերությունները և այլն: Այլ կերպ ասած՝ ներդրողների դիվերսիֆկացիան ապահովվում էր՝ առաջնայինը պահելով Հայաստանի շահերը:
Մինչև 1998 թվականը գրում էի, որ ծայրահեղ լիբերալիզմը Հայաստանում հանգեցրել է անարխիայի, որն անցումնային փուլում գտնվող եկրի համար չի կարող արագ զարգացում ապահովել: Մի քանի քրեական հեղինակությունների՝ իրենց իսկ գործելաոճով երկրից վթարելը չէր կարող համարվել երկրում կարգ ու կանոն հաստատելու աշխատանք: Կենսագործունեության բոլոր ոլորտներում անում էին այն, ինչ ցանկանում էին, նախկին օրենքների մեծ մասի իրավական ուժը կորել էր՝ նորերը դեռ չէին ձևավորվել: Ռոբերտ Քոչարյանի գալուց հետո, կարճ ժամանակում երկրից սկսեց պետության հոտ գալ, ձևավորվեց պետական միասնական և անընդհատ ուժեղացող և հստակ աշխատող օրգանիզմը:
ՀՀ նախագահի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի կարգավիճակում մեկ հարց ուղղեցի Ռոբերտ Քոչարյանին: Աչքիս առաջ ունենալով սփյուռկի ամենաազդեցիկ կուսակցության՝ ՀՅԴ-ի հանդեպ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի գործողությունները(Հայաստանում վերջինիս գործունեության կասեցումը)՝ հետաքրքրվեցի, թե երկրորդ նախագահն արդյո՞ք պատրաստվում է սփյուռքի ներուժը բերել Հայաստան, պետությունը ոտքի կանգնեցնելու համար: Ասուլիսում ստացա հնչեցրածս հարցի դրական պատասխանը, իսկ հետագա պաշտոնավարման 10 տարիներին տեսա սփյուռքահայության կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան, և այդ ուղղությամբ անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրականացրած արդյունավետ միջնորդական առաքելությունը, սփյուռքահայության միջոցներով կատարվող ծրագրերի վրա անմիջական վերահսկողությունը:Այդ տարիներին բերված սփյուռքի կապիտալն այսօր էլ արդյունավետ աշխատում է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում:
1998 թվականի ամռանը «Ազգ» օրաթերթում գրածս հոդվածում զարգացնում էի այն միտքը, որ արտաքին քաղաքականության ոլորտում պետք է առաջնորդվենք «և-և» բանաձևով: Շեշտում էի, որ մեր պատմության ընթացքում, երբ առաջնորդվել ենք «կամ-կամ» բանաձևով, ապա միշտ պետականության ինչ-որ տարրի, կամ նրա ամբողջական կորուստ ենք ունեցել: Հոդվածս լույս տեսնելուց մի քանի շաբաթ անց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքի՝ կոմպլեմենտարության մասին: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ձևակերպումն այլ էր՝ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, բայց էությունն նույնը մնաց: «Եվ-և» բանաձևի խախտման հետևանք էր 2020 թվականի աղետը:
Մարտի 1
2008 թվականի մարտի 1-ի մասին առաջին անգամ գրել եմ 2007 թվականի աշնանը: Առաջին մասնագիտությամբ լինելով քաղաքական սոցիոլոգ՝ դասական քաղաքագիտության պատմությունից ինձ հայտնի էր աքսիոման, ըստ որի՝ պետության զարգացման համար ցանկացած իշխանության դիմաց պետք է կանգնած լինի ուժեղ և կառուցողական ընդդիմությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ընդդիմությունը թուլացել էր չլինելու աստիճան: Դրան նպաստում էր նաև նրա ղեկավարած կառավարության արդյունավետ աշխատանքը և երկրի տնտեսության և ժողովրդի վիճակի հետևողական բարելավումը: Երբ ընտրությունների նախաշեմին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն՝ ես մեծ ուրախություն էի ապրում, քանի որ դաշտում տեսնելու էի ուժեղ և, կարծում էի՝ նաև կառուցողական ընդդիմություն՝ չնայած 1993 թվականից սկսած հրապարակումներումս մշտապես քննադատել էի առաջին նախագահի գործողությունները: Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին իսկ ելույթը լսելուց հետո ես շոկի մեջ հայտնվեցի և շտապեցի «Ուրբաթ report» պարբերականում ծավալուն հոդված հրապարակել ընդամենը մեկ նպատակով՝ ահազանգելու, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի վերադարձել ընտրություններին մասնակցելու համար… Մարտի 1-ից մեկ շաբաթ առաջ, նույն թերթով ուղերձ հղեցի Ազատության հրապարակում գտնվողներին, որոնց մեջ նաև ընկերներս էին, շեշտում էի, որ Հայաստանը Վրաստան, առավել ևս Ուկրաինա չէ, որ մեր մոտ պետական ինստիտուտներն շատ ավելի ուժեղ ու կայացած են և աշխարհաքաղաքական մարտահրավերներն էլ այլ բան են թելադրում, հետևաբար՝ Հայաստանում չի լինելու գունավոր հեղափոխությունը: Որքան էլ դաժան է հնչում, բայց պետք է արձանագրել, որ մարտի 1-ը 13 տարով հետաձգեց Սև 2020 թվականը: («Ուրբաթ report»-ում բոլոր հոդվածներս հրապարակում էի Արտակ Մամիկոնյան գրական կեղծանունով):
Կոռուպցիա
Գրառմանս նկարն արված է Նախագահի աշխատակազմում աշխատելուս տարիներին: 2004 թվականին միանշանակ օբյեկտիվ անցկացված մրցույթի շնորհիվ հաղթող ճանաչվեցի և աշխատանքի անցած ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես գլխավոր մասնագետ: Իմ հետ մրցույթին մասնակցած «նախագահականի թեկնածուն», որի համար Քաղծառայության օրենքի խախտմամբ նախօրոք հայտարարված մրցույթի օրը 5 ամսով հետաձգվել էր, չհաղթեց: (Օրենքով սահմանված չէ մրցույթի հետաձգում, եթե մասնակիցներից մեկը առողջական պատճառներով չի կարողանում մասնակցել դրան, միևույնն է այն անցկացվում է): Ինչպես մրցույթից միայն 5 տարի հետո իմացա, իմ հետ մասնակցած նախագահականի թեկնածուն գիտելիքների առումով խնդիր չէր ունեցել, անհամապատասխանություն էր եղել օրենքով գլխավոր մասնագետի համար պահանջվող փաստաթղթերում: Այդ անհամապատասխանության վրա աչք փակելը կոռուպցիայի դասական դրսևորում կլիներ: Մրցութային հանձնաժողովի նախագահ, այն ժամանակ քաղծառայության խորհրդի նախագահի տեղակալ Մարգարիտա Ազարյանը (Արթուր Վանեցյանի մայրը, մրցույթի օրը չէի ճանաչում իրեն) և հանձնաժողովի մեկ այլ՝ նախագահի աշխատակազմը ներկայացնող 2 անդամից մեկը, Ռոբերտ Քոչարյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Բագրատ Եսայանը չէին գնացել կոռուպցիոն քայլին, չէին անտեսել փաստաթղթային անհամապատասխանությունը և դեմ էին քվեարկել նախագահականի թեկնածուին, որի համար, կրկնում եմ, 5 ամսօվ, օրենքի խախտմամբ հետաձգվել էր մրցույթի օրը, քանի որ վերջինս առողջական խնդիրներ էր ունեցել:
Մեր օրեր: 6 ամիս առաջ ես մասնակցել եմ քաղծառայության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի մրցույթին նախարարություններից մեկի այն վարչությունում, որի պետի պաշտոնում 5 տարի աշխատելուց հետո «սեփական դիմումի» համաձայն հեռացել էի ընդամենը 1 տարի առաջ: Բնականաբար մրցութը հաղթահարեցինք երկու դիմորդով, և, իհարկե, մի քանի բալով ինձ «գերեզանցելով» գլխավոր մասնագետի պաշտոնում նշանակվեց ներկայիս նախարարի հետ վերջինիս նախկին աշխատավայրից բերված կադրը: Հիմա՝ Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս կարող է գտնվել մեկը կամ որևէ միջազգային կառույց, որը կկարողանա ինձ ասել, որ ներկայում կոռուպցիայի հարցում վիճակն ավելի լավ է, քան 20 տարի առա՞ջ…
Թալան
«Թալան» բառը օգտագործվում է միամիտ ժողովրդին մոլորության մեջ գցելու համար: Եթե թալան լիներ՝ 3 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը 10 անգամ 20-ական տարով դատապարտված կլիներ: Հետևաբար՝ չկա թալան: Ռոբերտ Քոչարյանի դեպքում կա 0-ից սկսված ընտանեկան բիզնեսներ, որոնք հայտնի են բոլորին: Հետևաբար՝ որևէ մեկը չի կարող ինձ բացատրել, թե ո՞ր բարոյական, կամ իրավական նորմով Արցախ չտեսած Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը իրավունք ունեն ծածկել Հայստանի բիզնես-դաշտի 50-60 տոկոսը, իսկ արցախյան պատերազմի ողջ ընթացքում Արցախում ապրած Ռոբերտ Քոչարյանի զավակներն իրավունք չունեն օրինական բիզնեսով զբաղվել: Ի դեպ, 1994 թվականի հունվարի վերջին, երբ Ստեփանակերտում նախագահի նստավայրում էի, որտեղ նաև Արցախի մյուս պետական կառույցներն էին գտնվում՝ հնչեց հերթական օդային տագնապը, բոլոր աշխատակիցներն իջան շենքի նկուղ, ու իջնողների մեջ չտեսա Ռոբերտ Քոչարյանին, նա չլքեց իր աշխատասենյակը: Մյուս կողմից էլ ես միշտ եղել եմ այն համոզման, որ նորանկախ Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար մեզ անհրաժեշտ էր լինելու ուժեղ լիդեր՝ և հարիզմայով և ֆինանսապես: Ինչքան էլ քննադատում էի Լևոն Տեր-Պետրոսյանին՝ դրական չընդունեցի, որ ինչ-որ մեկի զանգով, կամ պահանջով նա լքեց ՀՀ նախագահի պաշտոնը, կամ էլ վերջին ընտրություններից մեկին իր չմասնակցելը հիմնավորեց ընտրագրավ չունենալով:
Քո քայլը
Հետևաբար՝ ընտրության գնալիս պարտադիր պետք է առաջնորդվել տեսածով և զգացածով այլ ոչ թե լսածով, առավել ևս հիմա, երբ հազարապատկվել են տեղեկատվության աղբյուրները և բազմապատկվել դրանցով հորդող սուտն ու կեղծիքը: Մենք իրավունք չունենք հերթական անգամ խաբվելու, այն մեր ժողովրդի համար կործանարար կլինի վերջին ողբերգական իրադարձություններից հետո, իսկ դրա համար, կրկնվեմ, նժարին պետք է դրվի գործը, այլ ոչ թե խոսքերը:
Արմեն Վարդանյան (Արտակ Մամիկոնյան,Արեն Մադունց, Ա.Վ., Արտակ Մանուկյան)
Հ.Գ. Լրագրողական ողջ գործունեությանս ընթացքում ինձ երբևէ որևէ մեկը չի ասել, թե ինչ պետք է գրեմ: Եղել են տարիներ, որ պարբերականներում հրապարակվել եմ բացառապես վերևում նշված գրական կեղծանուններիցս որևէ մեկով: Ինձ համար «Ես»-ը միշտ վերջին տեղում է եղել: Ողջ կյանքումս հիմնական նպատակս միշտ եղել է չերևալով (բարդույթի աստիճան «Ես»-ս ստորադասող եմ) ժողովրդիս և պետության համար, իմ կարծիքով, օգտակար իմ փոքր խոսքը հասցնելը: Միշտ ձգտել եմ մեր պետականության կերտման առանցքում հայտնվածների մասին կարծիք կազմել նրանց գործով, ոչ թե լսածով, որպեսզի խաբված, միամիտ էշի կարգավիճակում երբևէ չհայտնվեմ: Ճակատագրի բերումով ես Ռոբերտ Քոչարյանի պետականաշինության գործը մոտիկից եմ տեսել, զգացել սեփական մաշկի վրա, համոզված եմ՝ շատ շատերն էլ իմ նման: Այսօր իրավիճակը շատ լուրջ է… Այսօր փոքր, համեստ կարծիքս չեմ գրում, այսօր հրապարակվում եմ իմ անունով և երբեմնի ունեցածսբոլոր գրական կեղծանուններով: Ստիպված եմ այսօր բարդույթներս մի կողմ դնել ու ոչ թե խոսք ասել, այլ գոռալ՝ օրը ճակատագրական է, մեր սերունդները հերթական սխալը մեզ չեն ներելու…
Ինչո՞ւ հենց Ռոբերտ Քոչարյանը