Լրահոս

13.06.2011 14:22


Ա. Քանանյան. «Հազիվ թե Սերժ Սարգսյանն իր դատավճիռը կամենա ստորագրել արդեն Կազանում»

Ա. Քանանյան. «Հազիվ թե Սերժ Սարգսյանն իր դատավճիռը կամենա ստորագրել արդեն Կազանում»

«7օր»–ը հարց է ուղղել «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանին, թե ինչպե՞ս է գնահատում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունն ու ի՞նչ է կարծում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ հնարավո՞ր է՝ որևէ փաստաթուղթ ստորագրվի, և եթե այո, ապա ինչի՞ վերաբերյալ կարող է ստորագրվել նման փաստաթուղթը։

Ա. Քանանյանն ասել է.

-Հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների ողջ պատմությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանը, սեփական մանրագույն շահից ելնելով, ունակ է ստորագրելու Հայաստանի անվտանգությանը հակոտնյա ամեն կարգի փաստաթուղթ: Նշենք միաժամանակ, որ Սերժ Սարգսյանն իր իսկ խիղճը «հանգստացնելու» համար անընդհատ օգտվում է Տիգրան Սարգսյանի «հայկական աշխարհ» հորջորջվող գաղափարական աղանդի մատուցած հավաստիացումներից` «համաշխարհային հայության» բարիքը «պետության վախճանի» (հիմա` հայոց ինքնիշխան ազգային պետականության վախճանի) միջոցով արարելու հարցում: Գալով Կազանում սպասվող հանդիպմանը` հաստատենք, որ Սերժ Սարգսյանը բազմիցս աներկիմաստ հստակությամբ արտահայտվել է հօգուտ արցախյան կարգավորման կապիտուլյացիոն տարբերակի: ՀՀ ներկայիս նախագահն աշակերտաբարո հավատարմությամբ շարունակում է հետևել անկախության առաջին տարիների կեղծիրապաշտական դիվանագիտությանը` արյամբ և համազգային զրկանքով շահած անվտանգության բուն և միակ երաշխիքը` տարածքային և ռազմաքաղաքական արդի իրողությունները` անարժեք թղթե «միջազգային երաշխիքներով», իսկ ավելի ճիշտ` սեփական իշխանությունը պահպանելու խոստման դիմաց  փոխարինելու առումով: Հայ հանրությունը պետք է քաջ գիտակցի պարզագույն և ակներև մի ճշմարտություն` նվազագույն իսկ տարածքային զիջման ու Արցախում «խաղաղապահ» որևէ ստորաբաժանման հայտնվելու դեպքում տեղի կունենա սոսկալի համազգային աղետ: Տարածքային որևէ զիջման կողմնակից անձը գիտակցաբար կամ անգիտակցաբար ոտնձգություն է կատարում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի իրավունքի նկատմամբ: Իրականում Սերժ Սարգսյանը գերտերություններին շատ վաղուց նման ոտնձգություն կատարելու խոստում արել է: Խոսքը պարզապես ժամկետների մասին է: Եթե Սերժ Սարգսյանի գիտակցությունն ամբողջապես դեռ չի մթագնել, ապա Կազանում կստորագրվի հռչակագրային բնույթի հերթական մի փաստաթուղթ, որտեղ, մարդասիրական հայեցակետերից բացի, թերևս կարտացոլվեն նոր` որոշակիորեն ավելի պարտավորեցնող հանձնառություններ: Հազիվ թե Սերժ Սարգսյանն իր դատավճիռը կամենա ստորագրել արդեն Կազանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը