Լրահոս

13.06.2011 11:19


Նաիրա Զոհրաբյան. «Նախանձը կրճատում է մարդու կյանքի տևողությունը»

   Նաիրա Զոհրաբյան. «Նախանձը կրճատում է մարդու կյանքի տևողությունը»

Նախօրեին հայկական տարբեր կայքեր տեղեկություն էին տարածել, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Հայաստանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն» վերնագրով գիրք է գրել։ Այս հարցի վերաբերյալ   ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է.    «Գիտեք, ես սկսում եմ համոզվել, որ հայկական ասացվածքը, թե ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում, գնալով դառնում է խիստ արդիական։ Եթե Գագիկ Ծառուկյանի նախա ձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ անգլերեն լեզվով հրատարակված այս գիրքը նման  արձագանքի արժանանար Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, ինձ համար դա միանգամայն հասկանալի կլիներ։ Քանզի Ծառուկյանը նախաձեռնել եւ հովանավորել է մի հսկայածավալ եւ հիմնավոր աշխատություն՝ հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ, ուր իմի են բերված եւ մեկտեղված աշխարհով  սփռված մեր մշակութային գանձերն ու դրանց ներկա վիճակը, որոնք այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ են։ Ի դեպ, գիրքը լույս է տեսել 2010 թվականին եւ Գագիկ Ծառուկյանը, որպես այդ կարեւորագույն գաղափարի  նախաձեռնող ու հովանավորող, բնավ նպատակ չի հետապնդել  այն գովազդել, որովհետեւ իրական հայրենասիրությունը գովազդի կարիք չունի։ Եւ իրական հայրենասիրությունն  այն է, որ այսօր աշխարհի բազմաթիվ համալսարաններ եւ հայագիտական կենտրոններ որպես նվեր ստացել են այդ լրջագույն ուսումնասիրությունը, որը նրանց համար  եզակի աղբյուրներից է՝  համապարփակ կերպով ծանոթանալու աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային ժառանգությանը։ Ես հասկանում եմ, որ շատերի համար ընկալելի  չէ, թե ինչպե՞ս կարելի է նման գործ նախաձեռնել եւ ֆինանսավորել, քանզի նման մտածողները  երեւի թե պատրաստ են գումար ծախսել միայն այն դեպքերում, եթե գիրքը ձոնված լիներ իրենց անձին։ Այդ պատճառով էլ Գագիկ Ծառուկյանը տարբերվում է բոլոր նրանցից, որոնց համար հայրենասիրությունը ընդամենը դատարկ բառեր ու ճառեր են։ Եւ ուղղակի անհարմար, եւ մեր երկրի համար խիստ անպատվաբեր է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնված եւ ֆինանսավորված այդ լրջագույն աշխատության շուրջ նման էժանագին աղմուկ բարձրացնելով որոշ մարդիկ ուղղակի ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին, որոնք հրաշալի գիտակցում են, որ այս գիրքը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգության հարցում թուրք-ադրբեջանական դաշինքի քարոզչական հետեւողական ստահոդ հրապարակումները։

Ի դեպ, վերջերս անգլիացի գիտնականները պարզել են, որ նախանձը կրճատում է մարդու կյանքի տեւողությունը։ Որոշ մարդկանց ուղղակի խորհուրդ եմ տալիս մտածել անգլիացի գիտնականների այս եզրահանգման մասին։ Հավելեմ նաեւ, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ հրատարակված «Հայաստանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն» անգլիալեզու գրքի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է http://www.iia.ca/  կայքում։ Հուսով եմ, գրքին ծանոթանալուց հետո տարբեր տրամաչափի զազրախոսները պիտի որ անհարմար զգան»։

Այս խորագրի վերջին նյութերը