Լրահոս

13.06.2011 10:30


Իլհամ Ալիևը կարծում է

Իլհամ Ալիևը կարծում է

Ինչպես հաղորդում է «Trend.az»–ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սլովենիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Սլովենիայի նախագահի հետ առանձնազրույցում ինքը տեղեկություններ է հաղորդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ։

–Բանակցություններն ընթանում են, և ես հույս ունեմ, որ դրանք լավ արդյունք կտան։ Եթե այսօր քննարկվող հարցերը՝ հիմնարար սկզբունքները, ընդունվեն, ապա հարցի արդարացի լուծումը հնարավոր կդառնա, կապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միևնույն ժամանակ լուծում կստանան այսօրվա անվտանգության խնդիրներն, ու զավթիչ ուժերը դուրս կբերվեն գրավված տարածքներից,–ասել է Իլհամ Ալիևը։

Նրա խոսքերով՝ հիմա լավ նախապայմաններ են ստեղծվել հարցի արդարացի լուծման համար։

–Մայիսի վերջին Մինսկի խմբի անդամ–երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունն արդեն լուրջ ազդակ էր։ Այնտեղ նշվում է, որ ներկայիս ստատուս–քվոն անընդունելի է։ Մենք այդ մասին ասում ենք բազում տարիներ. ստատուս–քվոն պետք է փոփոխվի, զավթիչ ուժերը պետք է դուրս գան գրավված տարածքներից։ Այսպիսի հստակ հայտարարությունն, իհարկե, մեզ ավելի շատ է ներշնչում և մեծացնում է մեր հույսերը։ Հայտարարության երկրորդ կարևոր պահն այն է, որ այն հղում է անում հելսինկյան եզրափակիչ ակտին։ Հելսինկյան եզրափակիչ ակտում ոչ մի հակասություն չկա տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև։ Այսինքն, այս երկու սկզբունքները պետք է արտացոլվեն մեկ համաձայնագրի մեջ, և ես կարծում եմ, որ սա նույնպես շատ դրական հայտարարություն է,–ասել է Իլհամ Ալիևը։

Նա ընդգծել է, որ ներկա փուլում հայկական կողմը պետք է ցուցաբերի կառուցողականություն ու անկեղծություն։

–Շատ տարիներ Հայաստանը փորձել է բանակցություններ վարել հանուն բանակցությունների՝ զբաղվելով իմիտացիայով։ Իսկ հիմա հասել է ժամանակը տալ հստակ, որոշակի պատասխան արված առաջարկություններին։ Եթե դա տեղի ունենա, ապա կարծում ենք, որ Ադրբեջանի տարածքները շուտով կազատագրվեն բռնազավթումից,–հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք, որ հունիսի 11–ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները: Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի ս.թ. հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը