Կարծիք

11.06.2021 16:56


Ընտրակեղծիքների ու թալանի թեման քաղաքական ինդուստրիա է ու ով ավելի հիստերիկ ու համոզիչ կերպով ճվճվա, նա էլ կտիրի երկրին

Ընտրակեղծիքների ու թալանի թեման քաղաքական ինդուստրիա է ու ով ավելի հիստերիկ ու համոզիչ կերպով ճվճվա, նա էլ կտիրի երկրին

Վերջին 25 տարում Հայաստանի քաղաքական դիսկուրսի առանցքն է եղել թալանի և ընտրակեղծիքների հարցն ու քաղաքական կյանքն այդ երկու գաղափարների վրա է ֆիքսված: Արդյունքում մենք տապալեցինք մեր պետությունն այդ կեղծ օրակարգի պատճառով: Իսկ հիմա ավելի կոնկրետ խոսենք:

Ընտրակեղծիքներն ու թալանը շատ վատ երևույթներ են ու դրանց դեմ պետք է պայքարել, կատարելագործելով իրավապահ համակարգը, սակայն հիմնական խնդիրը մեր արժեքային համակարգն է: Երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ ընտրակաշառք ենք վերցնում և մենք, ճնշող մեծամասնությունս, պատրաստ ենք մեր խնդիրները լուծել կաշառքի միջոցով, դա արդեն համընդահանուր արժեքային համակարգի խեղում է, այլ ոչ թե էլիտաների խնդիր: Ավելին, երբ կաշառքն ու անօրինականությունը դառնում են համընդհանուր, անարդար է անգամ պահանջել փողով հարցեր չլուծել, օրենք չշրջանցել, որովհետև դա արդեն իսկ անարդար ու ոչ հավասար պայմաններ է ստեղծում օրինապահների ու ոչ օրինապահների միջև: Դաժան է, բայց իրականությունն այդպիսին է:

Սակայն մի բան է ընտրակեղծիքներն ու կոռուպցիան, այլ բան է պետական շահը, որը հարատև է: Մենք հարատև շահերը զոհաբերում ենք հանուն ժամանակավոր խնդիրների:

Եվրոպայի ամենաօրինապահ երկրներից մեկի, Ավստրիայի, կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպություններից մեկի ղեկավարն ինձ ասել է, որ աշխարհի ամենակոռումպացված երկիրն Ավստրիան է: Իհարկե, դա չափազանցություն էր, Լյուքսեմբերգում ու Շվեյցիարյում են Եվրոպայի գլոբոլ փողերը լվացվում, Լոնդոնի մասին համեստորեն լռում ենք:

Ընտրություններն էլ մանիպուլացնելու մասին բազմաթիվ գիտական աշխատություններ են Արևմուտքում արարվում: Այլ բան է, որ շարքային քաղաքացիների համար արժանապատիվ կյանք են ապահովել ու վերևներում գործող լվացքատունը հասարակ քաղաքացիները չեն էլ նկատում:

Հիմա վերադառնանք Հայաստանին, նորից պետական կարևորագույն խնդիրների փոխարեն առաջին պլան է մղվել ոչ առաջնային օրակարգը, որտեղ էժանագին պոպուլիզմի վարպետները մրցակից չունեն ու չեն էլ ունենալու, մինչև մենք մեր օրակարգը չփոխենք: Նրանք խաղարկելու են այդ թեմաներն, հենվելու են ամենաանհաջողակ մարդկանց վրա (որոնք իրենց անհաջողությունների մեջ միայն ուրիշներին են մեղադրում), ու արդյունքում կշարունակեն ոչնչացնել ամեն ինչ ու քարը քարի վրա չեն թողնելու: Ընտրակեղծիքների ու թալանի թեման քաղաքական ինդուստրիա է ու ով ավելի հիստերիկ ու համոզիչ կերպով ճվճվա, նա էլ կտիրի երկրին ու կանի իր սև գործն, արանց որևէ բան արարելու:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը