Լրահոս

10.06.2011 18:03


Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը քննության է առել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նախագիծը միտված է օրենքում տեղ գտած թերությունների շտկմանը և ներքին հակասությունների վերացմանը։ Գործադիրն առաջարկել է այն քննարկել ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված և առաջին ընթերցմամբ ընդունված համանման օրինագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակում։

Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը, ըստ հեղինակի, անձի պատվի և արժանապատվության ապահովումն է։ Գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը։ ՀՀ կառավարությունը մի շարք առաջարկություններ է արել ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Առաջարկվում է ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների համար նախատեսել բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն, ինչը գործադիրն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկությունների ընդունման դեպքում։ Գործադիրը քննարկել է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դրամական միջոցների տրամադրմամբ խրախուսել ամուսնությունները և աջակցել նորաստեղծ ընտանիքներին։ Կարևորելով այդ խնդիրը, կառավարությունը միևնույն ժամանակ մատնանշում է լրացուցիչ հատկացումների անհրաժեշտությունը և ֆինանսավորման աղբյուրի բացակայությունը և դեմ արտահայտվում նախագծին։ Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը