Լրահոս

10.06.2011 17:11


Ժիրինովսկին Լավրովին նամակ է ուղարկել՝ կապված Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի դիրքորոշման հետ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը խրախուսել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ արգելելու «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագրի մուտքն Ադրբեջան, ինչը դուր չի  եկել Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագրի մուտքն իր երկիր արգելել է այն պատճառով, որ նա այցելել էր Արցախ և հարցազրույց վերցրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից։

Ինչպես հաղորդում է «AZE.az»–ը, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության պաշտոնական կայքում այս կապակցությամբ զետեղված է Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը։

«Ոչ մի դեպքում հավակնություն չունենալով սահմանափակել Ադրբեջանի՝ որպես ինքնավար պետության իրավունքները՝ մենք, այնուամենայնիվ, ՌԴ ԱԳՆ–ին կոչ ենք անում ավելի ակտիվ դերակատարություն ունենալ այս հարցում։ Անկախ  պետությունն իրավունք ունի որոշելու՝ իր տարածք ում թողնի կամ չթողնի, բայց ռուս դեսպանից մենք իրավունք ունենք ակնկալել գործողություններ՝ ի պաշտպանություն մե՛ր երկրի քաղաքացիների։ Այս դեպքում մեզ շփոթեցնում է ԱԳՆ–ի պաշտոնական ղեկավարության չեզոք դիրքորոշումը։ Մենք կարծում ենք, որ այլ երկրներում Ռուսաստանի դեսպանները պետք է պաշտպանեն, ոչ  թե գցեն համաքաղաքացիների շահերը։ Ցավոք, արտասահմանում մի անգամ չէ, որ ռուս քաղաքացիները հայտնվում են իրավիճակներում, որտեղ իրենց իրավունքներն ու ազատությունները սահմանափակվում են։ Եվ ոչ միշտ է, որ նրանց համապատասխան օգնություն է տրամադրվում։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը բավականաչափ միջոցներ ունի և կարող է օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցներն իր քաղաքացիներին պաշտպանելու  համար»,–ընդգծել է Ժիրինովսկին Լավրովին ուղարկած նամակում։

Այս խորագրի վերջին նյութերը