Լրահոս

10.06.2011 16:06


«Ոսկե Ծիրան» փառատոնի մրցութային ծրագրերը

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի 4 մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական ֆիլմերի, Հայկական համայնապատկեր, ինչպես նաև նոր` «Կորիզ» կարճամետրաժների ծրագիրը: Ընդհանուր առմամբ ստացվել է 631 հայտ 81 երկրից, որոնցից ընտրվել են 150-ը 45 երկրից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը և միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը ներկայացրեցին ընտրված ֆիլմերի ցանկը:

Փառատոնը կբացի աշխարհահռչակ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի 2010 թվականի Կաննի փառատոնի մրցանակակիր «Վավերացված պատճեն» ֆիլմը:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկված են`

«Ինքնասպանների ակումբ», Օլաֆ Զաումեր, Գերմանիա

«Ձմեռային արձակուրդ», Լի Հունցի, Չինաստան

«Մուսանյան նոթեր», Փարք Չուն-բում, Հվ. Կորեա

«Քերլինգ», Դընի Կոտե, Կանադա

«Անտեսանելի աչք», Դիեգո Լերման, Արգենտինա/Ֆրանսիա/Իսպանիա

«Հավիտենություն», Սիվարոջ Կոնսակուլ, Թաիլանդ

«Պարգևը», Պոլա Մարկովիչ, Մեքսիկա/Ֆրանսիա/Լեհաստան/Գերմանիա

«Պարզ թվերի մենությունը», Սավերիո Կոստանցո, Իտալիա/Գերմանիա/Ֆրանսիա

«Նադեր և Սիմին. ամուսնալուծություն», Ասղար Ֆարհադի, Իրան

«Ծառը», Ժյուլի Բերտուչելլի, Գերմանիա/Ֆրանսիա/Իտալիա/Ավստրիա

«Քաղցր չարիք», Օլիվյե Կուսմակ, Ֆրանսիա

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված են`

«Խոսքի արվեստը», Էմանուել Դըմորի, Ֆրանսիա

«Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի», Ալեքսանդր Նանաու, Ռումինիա

«Ամառային արոտավայր», Լին Թրու, Նելսոն Ուոքեր, Ցերիգ Պեռլո, ԱՄՆ/Չինաստան

«Միր անունով տղան. տասը տարի Աֆղանստանում», Ֆիլ Գրաբսկի,

«Գեներալը», Նատալիա Ալմադա, ԱՄՆ

«Աղբանոց», Լուսի Ուոքեր, Քարեն Հարլի, Բրազիլիա/ՄԲ

«Բախմարո», Սալոմե Ջաշ, Գերմանիա/Վրաստան

«Ես ազատ եմ», Անդրեա Ռոգոն, Գերմանիա/Կուբա

«Նորան դեռ ողջ է», Մարտին Յաբս, Գերմանիա

«Լոռամրգի կղզին», Ելենա Դեմիդովա, Ռուսաստան

«Համահեղինակը և իր ընտանիքը», Ռաթի Շաթզ, Ադի Բարաշ, ԱՄՆ/Իսրայել/Ֆր.

«Կորիզ» անվանակարգը կներկայացվի առանձին:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում կլինեն ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի, Ռոման Բալայանի, Բելա Տարի, Վոյչեխ Մարչևսկու, Բերտրան Տավերնյեի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված «Ռեսորջիմենտո» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Ռոբերտո Ռոսելինիի «Կեցցե Իտալիան», Պաոլո և Վիտորիո Տավիանիների «Ալոզանֆան» և «Սուրբ Միքելեն աքաղաղ ուներ», Լուիջի Մանյիի «Հրաձիգներն են գալիս» ու Ռոբերտո Ֆաենցայի «Փոխարքան» ֆիլմերը:

«Հայացք դրսից» հատուկ ծրագրում ներառվել են վերջերս հայերի մասին և Հայաստանում արտասահմանցի ռեժիսորների կողմից  նկարահանված ֆիլմերը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մշտական հետաքրքրությունների  տիրույթում են նաև ուսումնական ծրագրերը: Այս տարի «Կինոդպրոցներ» ծրագրում կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի (ВГИК) ուսանողական ֆիլմերը:

Նկատի ունենալով մասնագետների և հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը ԱՊՀ երկրներում արտադրված ֆիլմերի հանդեպ` 2011թ. «Ոսկե ծիրանը» կներկայացնի նոր

արտամրցութային ծրագիր` նվիրված ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին` «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով: Կցուցադրվեն ֆիլմեր Տաջիկստանից, Ուկրաինայից,  Ռուսաստանից և այլն: Ծրագիրը կբացի Ալեքսեյ Ուչիտելի «Օսկար»-ի նոմինանտ «Եզերք» ֆիլմը:

Փառատոնը կփակի Վիմ Վենդերսի «Պինա» ֆիլմը, որը կցուցադրվի 3D ձևաչափով :

Այս խորագրի վերջին նյութերը