Տնտեսական

10.06.2011 16:02


ՌԱՀՀԿ-ը քննարկեց Հայաստանի տնտեսության ներկա զարգացումները

ՌԱՀՀԿ-ը քննարկեց Հայաստանի տնտեսության ներկա զարգացումները

ՀՀ տնտեսության զարգացման ներկա միտումների, մարտահրավերների ու հեռանկարների վերլուծությանն էր նվիրված Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցած սեմինար-քննարկումը:

Հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող անձինք, քաղաքագետ-վերլուծաբաններ եւ լրագրողներ:

Ողջույնի խոսքով քննարկումը բացեց եւ մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթեց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը: «Գրեթե բոլոր մեր ցավոտ խնդիրները` արտագաղթ, գնաճ, ժողովրդի ցածր կենսամակարդակ եւ այլն, ածանցվում են տնտեսության անմխիթարական վիճակից»,- ասաց Կալենչյանը:

Քննարկման ընթացքում եւ ավարտին հնչած հարցուպատասխանին ու մտքերի փոխանակությանը մասնակցեցին կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոբյանը, «Նոյյան տապան» լրատվական գործակալության մեկնաբան Դավիթ Պետրոսյանը, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը, տնտեսագետ Սեյրան Մինասյանը, «ԱրմԻնֆո» գործակալության տնօրեն Էմանուել Մկրտչյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը եւ ուրիշներ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Այս խորագրի վերջին նյութերը