Հարցազրույց

08.06.2021 13:41


«Իմ իշխանության գալու բուն փաստն արդեն գործի է դնելու մեխանիզմի բոլոր անիվները. ես դա կարող եմ և կանեմ շատ արագ». Ռ. Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

«Իմ իշխանության գալու բուն փաստն արդեն գործի է դնելու մեխանիզմի բոլոր անիվները. ես դա կարող եմ և կանեմ շատ արագ». Ռ. Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Коммерсантъ պարբերականին, որում անդրադարձել է հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և մի շարք այլ հարցերի:

Քոչարյանը, պատասխանելով Փաշինյանի բանավեճի առաջարկի մասին հարցին, նշել է, որ 27 կուսակցության մասնակցությամբ ընտրությունների պարագայում բանավեճի ձևաչափն իր համար «անադեկվատ» է:

«Ես կընդունեի բանավեճի ձևաչափը, եթե լինեին նախագահական ընտրություններ, լինեին ընտրարշավի առաջատարներ, որոնք կբանավիճեին: Բայց հիմա ուղղակի անհեթեթ իրավիճակ է: Եվ երկրորդ, նրա տիպի մարդու հետ նույն սենյակում գտնվելն ուղղակի տհաճ է»,-ասել է Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանին բնորոշելով «անհաջողակ», «քաղաքականապես սնանկ մարդ»:

«Քաղաքական սնանկ, և ես անհրաժեշտ չեմ համարում այդ անհաջողակաի հետ մենամարտի բռնվելն ու դրան ինչ-որ կշիռ տալը»,-ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը:

Քոչարյանը նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում նախևառաջ կվերակագնի կառավարելիությունը, քանի որ, ըստ նրա, պետական իշխանության ոչ մի ինստիտուտ այժմ պարզապես չի աշխատում:

«Դե, ինչպե՞ս կարող ես երկիր ղեկավարել, ինչպե՞ս կարող ես ինչ-որ բան առաջ տանել առանց այն մեխանիզմների, որոնք պետք է պտտեն այս պտտաձողը: Այն պարզապես գոյություն չունի: Սա այն է, ինչ ես կարող եմ անել, և ես դա կանեմ շատ արագ»,-ասել է երկրորդ նախագահը` ընդգծելով, որ միայն իր իշխանության գալու փաստն արդեն գործի կդնի մեխանիզմի անիվները:

«Ժամկետները բավականին սեղմ կլինեն, և հաջորդ օրը բոլորը կզգան, որ պտտաձողը սկսեց պտտվել, վերականգնվեց վերահսկելիությունը: Առաջին հերթին պետք է գնահատել վնասի աստիճանը: Ոչ ոք, այդ թվում` ես, չգիտենք իրական վնասի չափը: Այս իշխանություններն ամենաամոթալի կերպով աղավաղում են վիճակագրությունը, թաքցնում մեր իրական կորուստները (Արցախյան պատերազմում-Խմբ.): Նրանք աղավաղում կամ թաքցնում են այն ամենը, ինչը կարող է ազդել նրանց վարկանիշի, հասարակության կողմից իրենց ընկալման վրա: Մենք պետք է գնահատենք վնասի իրական չափը և շատ արագ քայլեր ձեռնարկենք վերականգնման համար: Բայց կրկնում եմ` առանց վերահսկելիությունը վերականգնելու, մնացած ամեն ինչ պարզապես կորցնում է իր իմաստը»,-ասել է Քոչարյանը:

Նա ընդգծել է, որ պետք է վերջ տալ այս իշխանությունների կողմից երեք տարի շարունակ հասարակությանը շերտերի բաժանելու, ատելություն տարածելու գործընթացին, քանի որ ներքին համաձայնությունն առաջընթացի համար կարևոր գործոն է: Ըստ Քոչարյանի` այս նպատակների իրագործման համար հարկավոր է քաղաքական ուժերի կոնսոլիդացում:

Անդրադառնալով Փաշինյանին` քաղաքական գործիչը նրան բնորոշել է որպես «պետական համակարգն ավերող, որը հայտնվել է իշխանական բուրգի գագաթին»:

«Պետական կարգադրությունները տրվում էին ֆեյսբուքյան գրառումների տեսքով, պաշտոնական վիճակագրությունը, նախարարությունների պաշտոնական հաղորդագրությունները փոխարինվում էին սոցիալական ցանցերի անձնական էջերում այդ գերատեսչությունների ղեկավարների գրառումներով: Նրանց համար պետական իշխանության ինստիտուտները ոչ թե մեխանիզմներ են, որոնց միջոցով պետք է գաղափարներ կյանքի կոչել, այլ խոչընդոտ պոպուլիստի՝ ժողովրդի հետ անմիջական շփման համար: Սա նշանակում է, որ դուք, գիտակցաբար, թե ոչ, ոչնչացնում եք պետական կառույցները... Կառավարման այս ճգնաժամը տեխնածին է, և հեղինակային իրավունքն այստեղ ամբողջությամբ պատկանում է այս իշխանությանը և այս իշխանության առաջնորդին: Քաղաքական ճգնաժամը մի փոքր այլ պատմություն ունի: Ամեն դեպքում երկրում խնդիրներ և լուրջ խնդիրներ կային մինչև 2018 թվականը, այլապես տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ, իշխանափոխություն չէր լինի, գունավոր հեղափոխություն չէր լինի: Կա պատմություն, որը գնում է 2018 թվականից այն կողմ»,-ասել է Քոչարյանը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ սա ասելով ոչ թե «քար է նետում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմը, այլ փորձում է օբյեկտիվ ներկայացնել իրավիճակը»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը