Լրահոս

10.06.2011 15:14


Մեկնարկել է ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստը

Հունիսի 10–ին մեկնարկել է ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստը։

Նիստի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում նշել է, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությունը ծավալվում է ԼՂ հարցի շուրջ բանակցություններին զուգահեռ:

–Բանակցային գործընթացն աստիճանաբար ավելի հաստատուն է դարձնում այն միտքը, որ ԼՂ ժողովուրդն ինքը պիտի տնօրինի սեփական ճակատագիրը և նրա ինքնորոշումն այլընտրանք չունի: Հայկական կողմը բազմիցս նշել է, որ պատրաստ է խնդրի լուծման հասնել խաղաղ բանակցությունների միջոցով, սակայն դա չի նշանակում, թե մեր տարածքների ու բնակչության դեմ որևէ ոտնձգություն անպատասխան է մնալու: Մեր ժողովուրդը բազմիցս է ապացուցել զենքի ուժով հարց լուծելու ոմանց գայթակղությանը համարժեք հակահարված տալու իր կարողությունը,– ասել է Հովիկ աբրահամյանն ու ընդգծել, որ ԼՂ հարցում Հայաստանը երբեք չի անտեսի ԼՂ իշխանությունների և ժողովրդի կարծիքն ու դիրքորոշումը:

Նա նշել է, որ խորհրդարանների համագործակցությունը և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությունը, էական ներդրում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև միջպետական կապերի զարգացման գործում.

–Վստահ եմ, որ հանձնաժողովի գործունեությունն այսուհետ ևս արդյունավետ ներդրում կլինի համատեղ ծրագրերի իրականացման գործում Համոզված եմ, որ այդ գործունեությունը կնպաստի ԼՂ հարցի միջազգային ավելի լայն ճանաչման` նպաստելով խնդրի հայանպաստ լուծմանը:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ևս կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներն ու նշել է.

–Մենք նաև կարևոր պատմական իրադարձությունների շեմին ենք. սեպտեմբերին նշելու ենք հայկական երկու հանրապետությունների` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակը: Նախապես շնորհավորելով մեզ բոլորիս այս հոբելյանների առիթով, ուզում եմ փաստել, որ քսանամյա հայկական պետականության կայացման գործում, անշուշտ, մեծ է եղել երկու երկրների խորհրդարանների դերն ու նաև այդ պետական մարմիններին էր վերապահված իրականացնելու այն լրջագույն առաքելությունը, որի արդյունքում մենք ունենք իրավական և ժողովրդավարական երկու հայկական պետություններ և  միջխորհրդարանական համագործակցության կայացած ու գործուն համակարգ:

Նա վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է միջխորհրդարանական փոխգործակցությունը պահել պատշաճ մակարդակի վրա` ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու և գալիք սերունդներին անկախության ու ազատության արժեքների վրա հիմնված` ապահով և անվտանգ հայրենիք փոխանցելու վճռականությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը