Կարծիք

07.06.2021 11:41


Հայաստանի ընտրությունը

Հայաստանի ընտրությունը
Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես սկսվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը։ Ֆորմալ տեսանկյունից, մեր երկիրը գնում է խորհրդարանական ընտրությունների, նույնիսկ ամբողջ 26 կուսակցություն ու դաշինք են նրանցում փորձում մասնակցել, բայց իրականում՝ այն գնում է ընդառաջ՝ իր ճակատագրական Ընտրության։ Մեր երկրի բնակչությունը ընտրելու է Պետության վերջանական կորստի, և այն վերականգնելու շատ փխրուն շանսի միջև։
Ցանկացած ոք, ով շատ թե քիչ ընդունակ է վերլուծել իրականությունը, հասկանում է, որ երեսուն տարի առաջ Խորհրդային Միության փլուզմամբ անկախություն ձեռք բերելով, մենք այսօր կանգնած ենք նրա իրական կորստի շեմին։ Անկախության կորստի գործընթացը նոր չի սկսել, և միայն մեզնից չէր կախված, այլ նաև մեր հարևան խոշոր պետությունների կողմից գործադրվող շարունակական ճնշումներից և գլոբալացման ընդհանուր միտումներից, սակայն այն արագացել է վերջին երեք տարիների ընթացքում, երբ Հայաստանում իշխանության բերվեց Նիկոլ Փաշինյանը և նրան աջակցող ապազգային խառնանբոխը։ Նրանց վստահվեց Հայաստանի անկախ պետականության գերեզմանափորի "առաքելությունը", ընդ որում քանի որ դա հնարավոր չէր անել ուղղագիծ, այն արվեց սկզբից նախորդ իշխանությունների մերժման, իսկ այնուհետև և ազգի ու պետության տառացիորեն բոլոր ավանդական ինստիտուտների հետևողական վարկաբեկման և կազմալուծման նենգաբարո քողի տակ։
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանակը նետվեց ի սկզբանե ձախողած պատերազմի հորձանուտը, կրեց ծանր կորուստներ, իսկ հետո գլխատվեց "իրավունքի ուժով", դրանից հետո մեր նույնիսկ կրճատված սահմանները մնացին անպաշտպան ազերի թուրքի առաջ։ Ազգային անվտանգության ծառայությունը հինգ անգամ տնօրեն է փոխել, դարձել է քաղաքական հակառակորդների դեմ պայքարող պարզունակ ոստիկանություն, և փաստացի ձախողել է օտարերկրյա լրտեսների և գործակալների դեմ պայքարը։ Արտաքին գործերի նախարարությունը կազմալուծված է, նախարարի և նրա տեղակալների հրաժարականից հետո ոչ մի պրոֆեսիոնալ դիվանագետ կարծես ցանկություն չունի այլևս աշխատել այս աղետաբեր իշխանության հետ։ Ոստիկանությունը վերածվել է իշխանության անձնական պարեկախմբի, իսկ նույն ժամանակ Երևանի կենտրոնում վարձու մարդասպանները արդեն անպատիժ մարդկանց են գնդակահարում։ Դատախազությունը այս երեք տարիների ընթացքում անթիվ-անհամար քաղաքական պատվերներով գործեր է թխել, որոնց ճնշող մեծամասնությունը թաղվել են անվերջ դատական պրոցեսներում, փակվել են հանցակազմի իրական կամ առերևույթ բացակայության պատճառով, ծաղր դառնալով արդարադատության նկատմամբ։ Պետական ապարատն այսօր համատարած պարալիզացված է և դադարել է կատարել իր հիմնական գործառույթները՝ մասնագետ կադրերը լքում են այն, փորձելով օր առաջ խուսափել այս իշխանության ձախողումների պատասխանատվությունը կիսելուց։
Սա Փաշինյանի և նրա արտաքին շահառուների կառավարման իրական արդյունքն է։ Նրանց երբևիցե չհայտարարած, բայց իրական նպատակը մեկն է՝ համոզել մեզ բոլորիս, որ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ որպես անկախ պետություն, պետք է հանձնվի կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի (կամ էլ երկուսի) ողորմածությանը, որպեսզի կարողանա զուտ իր ֆիզիկական գոյությունը պահպանել։ Սա արվում է անթաքույց ցինիզմով, ամեն հերթական սեփական ձախողումը հիմնավորելով նախորդ իշխանությունների, բանակի, եկեղեցու, դատավորների, ընդհանրապես ում ասես սխալներով, մարդկանց մոտ անզորության զգացում ստեղծելով և հուսահատություն սերմանելով։ Սա արվում է նաև, շահարկելով նախկին իշխանությունների հնարավոր վերադարձի հետ կապված վախերը, բնակչության առավել ընչազուրկ խավերի կույր ատելությունը իրենցից հարուստների նկատմամբ, ինչպես նաև շատ ավելի ընդարձակ հանրության սոցիալական արդարության և ժողովրդավարության բնական ձգտումները։
Իրականությունը այն է, որ Փաշինյանի իշխանության երեք տարիները արդեն բերել են համազգային աղետի, իսկ այդ իշխանության ցանկացած ձևով վերարտադրությունը կբերի պետականության վերջնական կործանման։ Ուստի այս Ընտրության առանցքային խնդիրը Փաշինյանի հակապետական իշխանությունից ազատվելն է։ Սակայն դա պետականության վերականգնման նվազագույն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայմանն է։ Որպեսզի մենք կարողանանք պահպանել, իսկ հեռանկարում զարգացնել մեր պետությունը, անհրաժեշտ է, որ ցանկացած նոր իշխանություն այլևս երբեք չկրկնի որ միայն Փաշինյանի, այլև նրան նախորդած իշխանությունների ճակատագրական սխալները։
Նոր իշխանությունը չպետք է պետությունը կառավարի կոռուպցիայի, կոմպրոմատի կամ պարգևավճարների միջոցով, այլ պետք է կառուցի պետական համակարգ, որը գրավիչ է լավագույն մասնագետների համար։ Այն չպետք է դատախազներին, քննիչներին և դատավորներին օգտագործի քաղաքական պատվերներ թխելու համար, այլ պետք է օրենսդրորեն և գործնականորեն ապահովի նրանց անկախությունը և հաշվետվողականությունը օրենքի առաջ։ Նոր իշխանությունը չպետք է իմիտացնի բանակաշինություն, այլ դրա մեջ ներդնի երկրի լավագույն կարողությունները և կառուցի առաջնակարգ բանակ։ Այն չպետք է նորից վերաձևի տնտեսական դաշտը սեփական կողմնակիցների օգտին, այլ խթանի ազատ մրցակցությունն ու ներդրումները։ Նոր իշխանությունը չպետք է գրպանային օլիգարխների և տեղական իշխանիկների միջոցով կառավարի երկիրը, այլ մշտական երկխոսության մեջ գտնվի ողջ հասարակության հետ։ Նոր իշխանությունը չպետք է կրիմինալ սերիալների միջոցով կառավարելի զանգվածներ բուծի, այլ իրական ներդումներ անի՝ յուրաքանչյուր երեխային առնվազն որակյալ դպրոցական կրթություն և առողջ մանկություն ապահովելու մեջ։ Նոր իշխանությունը պետք է ի վերջո գիտակցի, որ ինքն այլևս սխալվելու իրավունք չունի, և որ իր այդ սխալը ճակատագրական է լինելու բոլորիս համար։ Մենք էլ դա պետք է գիտակցենք, և այլևս ոչ մի իշխանության չվերաբերվենք որպես Փրկչի, լինենք պահանջատեր և հետևողական, միաժամանակ օրինապաշտ և պատասխանատու սեփական երկրի և մեր կատարած ընտրության համար։
Այսօր մենք կանգնած ենք վերջին տասնամյակների մեր առավել ճակատագրական Ընտրության առաջ։ Մեր երկրում շատերը դեռ մոլորված և շփոթված են, և չգիտեն, թե ինչպես այն անել։ Այսօր սակայն, մեզ պետք է վճռականորեն ընտրել Պետությունը և մերժել այն կործանող Քաոսն ու Անարխիան։ Հետո արդեն, նույն վճռականությամբ, մենք կզբաղվենք այդ Պետությունը կարգի բերելով։
Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը