Լրահոս

10.06.2011 13:25


Նաիրիտցիներին չի գոհացնում նախագահականի պատասխանը

Նաիրիտցիներին չի գոհացնում նախագահականի պատասխանը

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան ՀՀ նախագահի նստավայրի առջև «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ բողոքի գործողություն էին իրականացնում։ Նրանք բողոքում էին, որ արդեն երեք ամսից ավելի է՝ աշախատավարձ չեն ստացել, և խնդրում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր անմիջական վերահսկողության տակ վերցնի «Նաիրիտի» վերագործարկման խնդիրը։

Քիչ առաջ նախագահական նստավայր մտած ցուցարարների պատվիրակությունը դուրս է եկել և հայտնել, որ իրենց ընդունել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։ Ցուցարարները տեղեկացրել են, որ իրենց հուզում է գործարանի ապագայի հարցը։ Իր հերթին Հ. Հովսեփյանը փոխանցել է, որ «Նարիրտի» խնդրով հիմնականում զբաղվում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, բայց քանի որ այդ պահին նա կառավարության նիստին է մասնակցելիս եղել, խնդրել է իր անունից նաիրիտցիներին տեղյակ պահել՝ առաջիկա 15 օրերի ընթացքում «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի ամբողջ պարտքը մարվելու է, իսկ գործարանի վերագործարկման գործընթացը՝ սկսվելու։

–«Նաիրիտը» աշխատացնելը մեկ–երկու–երեք օրվա բան չէ։ Դա հաստոց չէ, որ կոճակը սեղմես՝ «Նաիրտից» կաուչուկ դուրս գա։ «Նաիրիտը» եթե հումքով ու ամեն ինչով պատրաստ լինի, առվազն 40–45 օր պետք է, որ գործարանն արտադրանք տա։ Գումարած դրան՝ որ մեկ տարի է՝ «Նաիրիտը» չի աշխատել։ Ճիշտ է՝ հիմա վերանորոգման աշխատանքներ հնարավորինս արվում են, բայց ֆինանսական սուղ պայմաններում մեծ մասշտաբի վերանորոգումներ չեն գնում։ Եթե հաշվենք, որ այս ամսվա վերջում «Նաիրտի» ֆինանսավորումը լինի, հույս ունենանք, որ օգոստոսի մեջ գործարանը կսկսի աշխատել,–ասել է «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրանտ Թադևոսյանը։

Նախագահականից ստացված պատասխանը, սակայն, ցուցարարներին չի գոհացրել։

–5 ամիս աշխատավարձ չեմ ստացել, նորից ասում են՝ 15 օր սպասի։ Ես ո՞նց պիտի ապրեմ,–«7օր»–ին ասել է ցուցարարներից մեկը։

–Մարդ կա՝ տունը գրավ է դրել, փող է վերցրել, այսօր եկել են տնից հանում են՝ փողը չմուծելու պատճառով։ Մարդ կա՝ ապառիկ է վերցրել, փողը չի կարողանում մուծել։ Պետք է մեր փողը շուտ տան, որ կարողանանք գոյատևել,–ավելացրել է մյուսը։

«Նաիրիտի» աշխատակիցներից մեկն էլ մտահոգություն է հայտնել, թե գործարանի տեղն ուզում են ուրիշ բան սարքել, քանի որ մեկ տարուց ավելի արտադրանք չի տալիս, պարապուրդի է մատնված, գազը, լույսը, ջուրն էլ շատ քիչ քանակությամբ են մատուցվում գործարանին, ինչը բավարար չէ արտադրամասերի թողարկման համար։

Ի դեպ, գործարանի աշխատակիցները բավական զգուշավոր են խոսել տեսախցիկների և ձայնագրիչների առջև։ Սակայն մասնավոր խոսակցությունների ժամանակ պատմել են, որ նախկինում իրենց ցույցերին մասնակցածներին՝ հատկապես կանանց, ճնշել են, «բերանները փակել», և նրանք այսօր չեն մասնակցում բողոքի գործողությանը, «Նաիրիտի» բավական թանկ գույքն էլ տնօրինության կողմից կամաց–կամաց վաճառվում է, իսկ գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը հաճախակի խոշոր գումար է ծախսում և մեկնում Ռուսաստան, բայց ոչ թե «Նաիրիտի» հարցը կարգավորելու համար, այլ քանի որ նրա կինն ու երեխաներն այնտեղ են բնակվում։

Այդուհանդերձ, նաիրիտցիները որոշել են՝ եթե 15 օրվա ընթացքում իրենց պահանջը չկատարվի, ապա այս ամսվա վերջին իրենք կրկին կգան նախագահական նստավայր։

Նշենք նաև, որ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ» գործարանի հետ կապված հայտարարել է, որ տարբեր անձանց կողմից վերջին տարիներին ոչ ադեկտվատ հայտարարություններ և հրապարակումներ են լինում այն մասին, որ կառավարությունը 2006-ից գործարանի սեփականատերն է, այն դեպքում, երբ գործարանը սեփականատերերին փոխել է 4 անգամ: Տիգրան Սարգսյանը կոչ է արել էներգետիկայի նախարարին լուծել «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը