Լրահոս

10.06.2011 13:07


Ավստրալացի պատգամավոր. «ԼՂՀ–ն այլևս երբեք չպետք է լինի Ադրբեջանի իշխանության տակ»

Ավստրալացի պատգամավոր. «ԼՂՀ–ն այլևս երբեք չպետք է լինի Ադրբեջանի իշխանության տակ»

Ինչպես տեղեկացնում է «Asbarez.com»–ը, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ Ֆրեդ Նիլը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած քաղաքականությունը հիմնված էր դեռևս 20–րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության քաղաքականության վրա։

Նա նշել է, որ օսմանցի հանցագործների նկատմամբ համապատասխան պատժի բացակայությունը Ադրբեջանի նրանց թուրք եղբայրներին առաջնորդեց անամոթաբար ժառանգելու նույն ցեղասպանության քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հանրապետության հայերի նկատմամբ։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ ԼՂՀ–ի հայ բնակչությանը և եզրահանգել, որ երկրորդ ցեղասպանության կանխման միակ միջոցը աշխարհի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն է։

–Այսօր Նոր Ուելսի խորհրդարանում ես հրապարակավ հայտնում եմ իմ աջակցությունը ԼՂՀ–ի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և ԼՂՀ–ին,– ասել է Նիլը։

Նրա խոսքերով` Ադրբեջանի գործողությունները և սպառնալիքներն ապացուցում են, որ երկրորդ հայկական ցեղասպանությունը կանխելու և կայուն խաղաղության համար ԼՂՀ–ն այլևս երբեք չպետք է լինի Ադրբեջանի իշխանության տակ։

–Ես աշխարհի ժողովուրդներին կոչ եմ անում ինքնորոշման և ազատության ճանապարհին պաշտպանել ԼՂՀ ժողովրդին, որպեսզի նրանք ապրեն և դավանեն իրենց կրոնը՝ քրիստոնեությունը,–հայտարարել է Նիլը։

Այս խորագրի վերջին նյութերը