Տնտեսական

02.06.2021 16:35


Արտիմեմում տոննաներով սոխ են թափել

Արտիմեմում տոննաներով սոխ են թափել

Իրանական գյուղմթերքը հայկական շուկայից դուրս է մղել տեղական արտադրանքը: Այս տարի հարևան պետությունից այնքան սոխ են ներկրել, որ հայ գյուղացու չարչարանքը հայտնվել է աղբանոցում: Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում 600 տոննա սոխ է թափվել: Գյուղացիներն այդ վայրը կոչել են սոխի գերեզմանոց:

Միայն 200 տոննա ֆերմեր Ավետիս Հասրաթյանն է թափել: Ասում է՝ որակյալ ու առողջ բերք է աճեցրել, բայց նույնիսկ 100 դրամով չի կարողացել վաճառել: Ըստ նրա՝ 50-100 դրամով թանկ իրանական սոխի պահանջարկն ավելին է, քան՝ տեղականինը:

Թե ինչու է հարևան երկրի սոխն ավելի պահանջված, քան հայկականը, ըստ ֆերմեր Արտակ Գյոզալյանի՝ նրանց սոխի որակն անհամեմատ բարձր է, քանի որ նրանք իրենց ապրանքը պահեստավորում են բարձր հզորությամբ սառնարաններում: «Այդպիսի սառնարաններում պահպանվում է թե՛ ապրանքի որակը, թե՛ տեսքը: Ճիշտ է՝ մեր ապրանքն էլ որակապես չի զիջում, բայց քանի որ սառնարաններ չունենալու պատճառով պահում ենք նկուղներում, պատահում է՝ պարկի մեջ 1-2 կգ-ն փչացած է լինում: Մեծածախ գնորդին դա ձեռք չի տալիս. նա վազում է պարսկականի հետևից»:

Ֆերմեր Գյոզալյանը 6 հա սոխ է ցանել, 60 տոննա բերք ստացել ու ամբողջը թափել, որովհետև ծլել-փչացել է: «6 մլն դրամի վնաս եմ կրել: Բավական չէ՝ վաճառքից օգուտ չունեցա, դեռ թափելուց էլ ֆինանսապես տուժեցի: 60 տոննան մեքենայի մեջ բարձելու և աղբանոց տեղափոխելու համար բանվորներին 200 հազար դրամ եմ տվել: Ո՞ւր է պետությունը, ո՞վ է վերահսկողը, ո՞ւմ դիմենք»,-հարցնում է ֆերմերը: Ըստ նրա՝ որ կառույցին դիմել են, ասել են՝ ձեզ ո՞վ էր ասում ցանեիք։ «Դե, դուք էլ գյուղատնտեսությունը պլանավորեք, որ մենք իմանանք մեր անելիքը»,-ասաց Գյոզալյանը:
Ֆերմերները զարմանում են, որ պետությունը հայ գյուղացուն դիմելու փոխարեն հարևան երկրից է գյուղմթերք ներկրում: «Մենք այնքան սոխ, լոլիկ, վարունգ ու կարտոֆիլ կարող ենք աճեցնել, որ ներքին պահանջարկը բավարարելուց բացի նաև կարտահանենք: Բայց մեզ բանի տեղ չեն դնում: Երևի հարևանի հարսը սիրուն է…»։

Հողի մշակները բարձրաստիճան այրերին կոչ են անում՝ հարգել իրենց աշխատանքն ու չանտեսել գյուղացու կարևոր դերը: Իսկ պետությանն առաջարկում են սահմանափակել սոխի ներկրումն այնքան ժամանակ, մինչև իրենց բերքը վաճառվի: «Վրաստանը կարողանում է, չէ՞, մեր կարտոֆիլի վրա արգելանք դնել, իսկ ինչի՞ մենք չենք կարող…»։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը