Կարծիք

01.06.2021 16:18


Փորձված կարող ուժ, և ոչ մի նոր փորձանք

Փորձված կարող ուժ, և ոչ մի նոր փորձանք

Վերջին շրջանում հիմնադրվում են բազմաթիվ նորահայտ հարթակներ, շարժումներ, կուսակցություններ ու կազմակերպություններ, առաջադրվում են գաղափարներ, հայեցակարգեր ու ծրագրեր:

Ընդհանուր առմամբ կանխատեսելի ընթացք է, սակայն քաղաքական ու մասնագիտական մոտեցումների այսպիսի տարանջատվածությունն ու բազմազանությունը, նույնիսկ օտար երկրներից հայանուն «գաստրալյորների» հեռվից ելույթները, կամ ֆիզիկական ներկայությունը կարող էին նորմալ ընկալվել բացառապես խաղաղ և հանգիստ, կայուն և անվտանգ պայմաններում: Ասել է թե` այնպիսի պայմաններում, երբ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ոչ թե ապրելու, կամ բնաջնջվելու, այլ` լավ, կամ ավելի լավ կյանք ապահովելու խոստումների և ծրագրերի միջև:
Այս ամենը մեծ վերապահումով կարելի էր ընկալելի լինել նույնիսկ այն դեպքում, երբ գործող վարչախումբը չնախաձեռներ ընտրությունները, կամ թեկուզ չմասնակցեր դրանց: Սակայն, նրանց քաղաքական գոյության պարագայում այլևս չկա որևէ այլ խնդիր, բացի առաջնահերթ և անհապաղ լուծում պահանջող միայն մեկ խնդրից` Հայ ազգի, Հայ ժողովրդի, Հայոց պետության և Արցախի գոյության և պահպանման խնդիրը, որի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը գործող վարչախմբի հեռացումն է: Հետևաբար, այս ընթացքում ձևավորված, և երկրի զարգացմանը միտված բոլոր առողջ, ազգայնամետ ու պետականամետ, սակայն արտաքինից քաղաքական հավակնություններ չունեցող ուժերի առանձին նոր գաղափարներն ու առաջարկները կարող են քննարկվել ոչ թե այս պահին, այլ շատ մոտ ապագայում, երբ ապահովված կլինի անհրաժեշտ պայմանը` կհեռացվի այս վարչակարգը, և երկիրն անցում կկատարի կայուն ու խաղաղ աշխատանքային ռեժիմին:
Վերը նշվածների շարքում վերջին շրջանում ակտիվացել են նաև` «...պահպանել քաոսը, համակերպվել և զարգանալ...», «թշնամիների հետ խաղաղություն և ակտիվ առևտուր...», «ոչ նախկին, ոչ ներկա...», «... ամեն գնով հեռու մնալ Ռուսաստանից, գնալ ԵՄ, կամ ԱՄՆ»(իսկ ո՞վ է ձեզ այնտեղ սպասում, կամ հրավիրում), «...դառնանք Ռուսաստանի մաս», ( իսկ այնտե՞ղ ով է ձեզ սպասում),
«հիմա մեր հերթն է...», «4-րդ հանրապետություն», «...սփյուռքի ինտելեկտուալներ...», «...անփորձությունն առավելություն է քաղաքականության մեջ...», «...միայն երիտասարդներ...», երրորդ, չորրորդ, հինգերորդ, կամ այլ ուժեր և ուղիներ առաջարկողները:

Այժմ փորձենք առանց հույզերի, սառնասիրտ և սթափ տրամաբանել:
Փորձենք վերացարկվել (աբստրահվել) նշված կարգախոսներով առաջնորդվող առանձին խմբերի իրական նպատակներից, անձնական, բարոյական, մասնագիտական, գենետիկ առանձնահատկություններից և որակներից, քաղաքական ու կենսագրական հետագծից, և մի պահ ենթադրենք, որ նրանք բոլորն էլ Հայ հայրենասերներ են, անաչառ, ազնիվ, պրոֆեսիոնալ, ազգանպաստ մղումներով տոգորված, և փորձենք ազնվորեն պատասխանել հետևյալ պարզ ու տրամաբանական հարցադրումներին:

Այս նորաստեղծ և ընդդիմությունն իրապես առաջնորդող հիմնական ու գլխավոր ուժերի հետ չմիավորվածների և առանձին հանդես եկողների շարքում կա՞ այնպիսի ուժ, որն ունի Հայաստանի և Արցախի, կամ թեկուզ Հայաստանի հետ քիչ թե շատ նույնական որևէ այլ պետության արդյունավետ կառավարման փորձ: Կրկնում եմ` փորձ, ոչ թե ծրագիր...
Նշված շարքում կա՞ այնպիսի ուժ, որը գործնականում արդեն իսկ ապացուցել է, որ ի զորու է կարճ ժամանակում մի ամբողջ երկիր դուրս բերել արժեքային, արտաքին ու ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական ու բարոյահոգեբանական անդունդից` այնտեղից, որտեղ հայտնվել են Հայաստանն ու Արցախը:

Առանձնահատուկ ընդգծում եմ` երկիրն ու պետությունը, այլ ոչ թե որևէ ընկերություն, կազմակերպություն, կամ առանձին վերցրած ոլորտ, կամ կառույց, որովհետև սրանք լիովին տարբեր որակներ, փորձառություն, մոտեցումներ, ունակություններ ու հմտություններ են պահանջում:

Համոզված կարելի է պնդել, որ` չկան:

Հարց է ծագում` արդյո՞ք նրանց բոլորին անհրաժեշտ չէ որոշակի կոնկրետ ժամանակահատված, ասենք` առնվազն 3-5 տարի(եթե նույնիսկ տաղանդներ են), որպեսզի ոչ թե փորձեն երկիրը որևէ կերպ դուրս բերել այս իրավիճակից, այլ պարզապես լիարժեք յուրացնեն ընդհանրապես, և կոնկրետ ոլորտներում առկա բոլոր խնդիրների խորությունը, բարդությունն ու յուրահատկությունները:

Իսկ ներկայիս Հայաստանում առկա՞ է այդ կարգի նոր փորձարկումների հնարավորությունն ու ժամանակը: Օրինակ` նույն Սփյուռքից պոտենցիալ ներգրավվող «տաղանդներին» ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պարզապես ադապտացվեն տեղական յուրահատկություններին և իրական կյանքին, առավել ևս` լիարժեք յուրացնեն որևէ ոլորտի առանձնահատկություններն ու պատմությունը:

Արդյո՞ք ակնհայտ չէ, որ ռիսկերն արդեն այնչափ մեծ են, որ այլևս անհնարին են դարձել ընդհանուր քաղաքական, կամ թեկուզ ոլորտային նման փորձարկումները:

Արդյո՞ք ակնհայտ չէ, որ այսօր երկիրն այն աղետալի իրավիճակում է, որ ցանկացած չփորձարկված «նորություն» ամենայն հավանականությամբ կդառնա անուղղելի փորձանք` կլինի կործանարար, և Աստված մի արասցե` երկիրը կհասցնի անշտկելի վերջաբանի:

Արդյո՞ք ակնհայտ չէ, որ ժամանակը սպառվում է, և անհրաժեշտ են ոչ թե գեղեցիկ խոսքեր ու խոստումներ արտաբերող նորահայտ, կամ հայտնի «փրկիչներ» ու «բարերարներ», այլ` հեղինակավոր, հայտնի, հենց պետական կառավարման, և բացառապես պետական կառավարման գործում փորձված ու փորձարկված, հաստատակամ և կարող ուժեր:

Արդյո՞ք ակնհայտ չէ, որ 2018 թվականին սկսված և 2020-2021 թվականների ողբալի ու ավերիչ վերջաբանից հետո այլևս կտրականապես մերժելի և անթույլատրելի է հավատալը ճռճռան խոսքին ու պաթետիկ կարգախոսներին, առավել ևս` սին խոստումների, անհիմն բամբասանքի, բղավոցներով համեմված անտրամաբանական խառը ստի և անբռնազբոս կեղծիքի «հրավառություններին»:

Արդյո՞ք ակնհայտ չէ, որ ազգովի պետք է կանգնել երկրի, պետության վերականգնման գործում թրծված, հաջողված, արդյունավետ և հեղինակավոր ուժերի կողքին, և որ ցանկացած այլ լուծում այս պահին ծայրահեղ վտանգավոր է, եթե չասենք` կործանարար:

Ամփոփելով ընդգծենք, որ անհապաղ լուծում պահանջող առաջնահերթ պայմանը` «դե յուրե» գործող վարչախմբի և նրան անուղղակի, կամ ուղղակի սատարող ուժերի անվերադարձ հեռացումն է, իսկ դրա ուղին մեկն է`

Հայ ժողովուրդը, հանձինս իր բոլոր ազգայնամետ ու պետականամետ հանրության` անվերապահորեն պետք է աջակցի միայն այն իրական ընդդիմադիր առաջնորդող ուժերին, որոնք գործով փաստացի ապացուցել են (և ոչ մեկ անգամ), որ ի զորու են լուծել աղետալի իրավիճակից երկիրը դուրս բերելու ծանրագույն խնդիրը, և հատկապես նրանց, որոնք ազնվորեն պայքարել են վարչակարգի հակապետական ու հակահայ քաղաքականության դեմ` ենթարկվել են շինծու գործերով երկարատև քաղաքական բանտարկությունների, քաղաքական հետապնդումների, կրել են զրկանքներ, ստացել անտեղի վիրավորանքներ, և անցել են բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների և ճնշումների միջով:

Այստեղ ի՞նչը պարզ չէ...

ՀԳ
Մի մասին էլ թվում է, թե 3-րդ հանրապետությունը «բարեհաջող» թաղեցին, հիմա էլ 4-րդ՞...

«300.1...»-ը չաշխատեց, հիմա էլ «301 «տաղանդնե՞ր»...»

Եվ միշտ հիշել

«ՊԵՏՈւԹՅՈւՆԸ` ՈՉ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ Է, ՈՉ ԷԼ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆ»:

«ՊԵՏՈւԹՅՈւՆԸ` ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՉԷ»(*):

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը